Անցումային արդարադատությունը չպետք է վերածվի «Լինչի դատաստանի»

Անցումային արդարադատությունը չպետք է վերածվի «Լինչի դատաստանի»

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը։

-Հայաստանում Մարդու իրավունքների երեք պաշտպաններից ոչ ոք մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը չի պաշտոնավարել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞ւ ՄԻՊ- ի ինստիտուտին իր ստեղծման օրվանից չի հաջողվել կայանալ։ Դուք մի առիթով ասել եք, որ Ձեր նկատմամբ էլ են եղել ճնշումներ։ Արդյո՞ք պատրաստ էին ՀՀ-ի իշխանությունները ՄԻՊ-ի ստեղծմանը, թե՞ ոչ։

-Դուք ասում եք՝ ոչ մի Պաշտպան չի պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը, դրա համար չի կայացել ՄԻՊ-ը։ Ես կասեի հակառակը՝ ինստիտուտը կայանում էր հենց այն պատճառով, որ բոլոր առաջին երեք Պաշտպաններն  ունենում էին բուռն կոնֆլիկտներ իշխանության հետ, ինստիտուտը կայանում էր բուռն կոնֆլիկտների մեջ։ Երբ ռեժիմը ավտորիտար է կամ կիսաավտորիտար, ապա մարդու իրավունքներով զբաղվող անհատը չի կարող կոնֆլիկտներ չունենալ իշխանության հետ։ Դուք հրապարակային տեսել եք այն ճնշումները, հարձակումները, որպես լրագրող կարող եք ենթադրել, թե ինչ մանիպուլյացիաներ էին տեղի ունենում լրատվական դաշտում։ Ավելին ես այս պահին չեմ ասի, մանրամասներ չեմ ներկայացնի։ Սա ռազմավարական որոշում է, եւ ես ձեռնպահ կմնամ մանրամասներ հրապարակելուց։

-Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ հետեւություններ եք արել, ի՞նչ գործոններ են պետք ՄԻՊ-ի կայացման համար՝ հասարակության աջակցությո՞ւնը, իշխանության մտածողության փոփոխությո՞ւնը։ 

-Ամեն ժամանակաշրջան ունի իր կարիքները։ Այսօրվա ժամանակները Մարդու իրավունքների պաշտպանից չեն պահանջում հերոսություն։ Այսօրվա ժամանակներում ընդամենը պետք է լինել բարեխիղճ, լինել սահմանադրական, օրենսդրական նորմերին հետեւող Պաշտպան։ Եվ դա բավական է, որպեսզի ՄԻՊ-ը ճիշտ կատարի իր գործառույթները։ Անհամեստ չհնչի, բայց նախկին երեք Պաշտպաններից էլ հերոսության որոշակի չափաբաժին է պահանջվել։ 

-Այնուամենայնիվ՝ Ձեզ վրա ճնշումներ եղել են ուժայի՞ն կառույցների կողմից՝ պաշտպանության նախարարություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն։

-Ես մանրամասներ չեմ ներկայացնելու, եթե նույնիսկ մի քանի անգամ այդ հարցն ուղղեք ինձ։ Բոլոր տեսակի կոնֆլիկտները եղել են քաղաքացիների, լրագրողների աչքի առաջ, եւ Դուք շատ լավ գիտեք, թե ինչ պատճառներով են եղել որոշ խնդիրներ։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի ՄԻՊ-ն այսուհետ չունենա այդ խնդիրները, չլինի վերադարձ դեպի անցյալ։

-Բոլոր ինստիտուտների, այդ թվում նաեւ՝ ՄԻՊ-ի կայացման համար պետք է չկոռումպացված իշխանություն։ Ես կարծում եմ, որ մեր երկրում բոլոր իշխանությունների խնդիրները սկսվել եւ ավարտվել են կոռուպցիայի պատճառով։ Նույնիսկ այն իշխանությունները, որ սկզբում եղել են մաքուր, ինչը եղել է առաջին նախագահի օրոք,  հետագայում շատ խնդիրների բախվել են կոռուպցիայի պատճառով։ Իսկ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք կոռուպցիան այնքան է ներթափանցված եղել ամբողջ պետական համակարգ, որ շատ հաճախ իշխանությունը պահելու մեխանիզմները, արդարացումները հենց սերտ կապված են եղել կոռուպցիայի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա այնպիսին, ինչպիսին կա այսօր, այսինքն՝ չկոռումպացված, իր անմիջական շրջապատին էլ թույլ չտա կոռումպացվել, ես վստահ եմ, որ որեւէ ինստիտուտի վտանգ չի սպառնա։ Իսկ որոշ ժամանակ անց էլ կոռումպացված ինստիտուտները կսկսեն մաքրվել։ 

-Թավշյա հեղափոխությունից հետո խոսվում է 2015թ․ ընդունված Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Կա՞ իրոք այդ անհրաժեշտությունը։

-Ես անձամբ չեմ կարծում, որ այսօր հրատապ է Սահմանադրությունը փոխելը։ Երրորդ Սահմանադրության լավագույն կողմն այն է, որ իր մեջ ունի ճկունության որոշակի տարր, կարելի է ԱԺ-ում առանց հանրաքվեի հարցեր կարգավորել։ Կան ոչ սկզբունքային հարցեր, որոնք կարելի է լուծել խորհրդարանի միջոցով։ Ես չեմ տեսնում մի խնդիր, որը ներկայիս իշխանությունը ցանկանա լուծել, եւ չկարողանա լուծել ներկա Սահմանադրությամբ։ 

-Իսկ իշխանության փոխանցման շրջանում հնարավոր չէ՞, որ առաջանա ներքաղաքական ճգնաժամ։

-Ինչ-որ պահի եղան կնճռոտ հարցեր, որովհետեւ Սահմանադրության մեջ կան թերի ձեւակերպումներ։ Լավ չէին աշխատել որոշ սահմանադրագետներ, երբ մշակվում էր ամբողջական տեքստը։ Բայց դրանք լուծվեցին եւ հարթվեցին։ Հիմա, այս փուլում, քանի որ մենք չենք տեսնում քաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք մտավախություն կառաջացնեն գլոբալ կամ փոքր փոփոխությունների համար, կարծում եմ, որ պետք է այդ հիմնական փաստաթուղթը թողնել հանգիստ եւ զբաղվել կոնկրետ հարցերով։ 

-Չպե՞տք է նվազեցնել սուպերվարչապետական լիազորությունները։

-Սուպերվարչապետական լիազորություններն այսօր անհանգստացնող չեն։ Միգուցե ես ոչ թե իրավաբանին հարիր հայտարարություն եմ անում, այլ քաղաքական։ Աշխարհում ընդունված է, որ կարող ես ունենալ վատ օրենք, բայց ճիշտ ձեռքերում հայտնվելով, այն լավ աշխատի, կարող ես ունենալ լավագույն օրենքը, ինչպիսին ԽՍՀՄ Սահմանադրությունն էր, եւ բռնապետների ձեռքում այն վատ աշխատի։ Հիմա, քանի որ Սահմանադրությունն ու օրենքները դրական ձեռքերում են, կարծում եմ, որ սուպերվարչապետություն կոչվածից վտանգ չկա։ Թող գոնե մեկ տարի աշխատեն, եւ եթե կզգանք, որ կան հարցեր, որոնք չեն լուծվում լիազորությունների անհամաչափությունից, կարելի է մտածել վերաբաշխումների մասին։ 

-Ինչպե՞ս եք պատկերացնում անցումային արդարադատության կիրառումը, որպեսզի երկիրը չհայտնվի ցնցումների մեջ։

-Այդտեղ ամեն ինչ բարդ է։ Ես չունեմ դրա միանշանակ պատասխանը, գիտեմ միայն, որ բոլորի հետ ես էլ եմ շտապում, որ թալանվածը վերադարձվի։ Եվ այն դեպքերում, որտեղ նախաքննությունը մտնում է փակուղի կամ մեր իրավապահ մարմինների ձեռքը չի հասնում, որպեսզի կարողանան արդարությունը վերականգնվի, ցանկալի է, որ լինեն լրացուցիչ մեխանիզմներ։ Բայց կառավարությունը, ԱԺ-ն դեռ ոչ մի փաթեթ չի դրել սեղանին, որպեսզի կարողանանք կարծիքներ հայտնել։ Երբ կլինի կոնկրետ առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի անցումային արդարադատությունը, կկարողանամ հստակ խոսել։ Ինձ համար կարեւորը ոչ թե անցումային արդարադատության լինել-չլինելն է, այլ եթե այն լինելու է, ինչպես պետք է կիրառվի։ Սարսափելի կլինի, եթե անցումային արդարադատությունը վերածվի «Լինչի դատաստանի» կամ սովետական տրոյկաների։ Սակայն եթե դա կիրառվի գրագետ, հավասարակշռված, եւ հիմնավորվի, որ այսօրվա օրենսդրությունն ու համակարգը չեն բավարարում, դրա համար պետք է այն կիրառվի, մասնագետները կարող են կարծիք հայտնել։ 

-Արդեն իսկ տարբեր կարծիքներ են հնչում անցումային արդարադատություն կիրառելու մասին, ոմանք առաջարկում են, որ այն պետք է սկսել 1996թ․ ՀՀ նախագահի ընտրություններից, երբ տեղի ունեցան ընտրակեղծիքներ, ոմանք՝ տնտեսական չարաշահումների հարցն են արծարծում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ սկզբունք պետք է ընդունել որպես ելակետ անցումային արդարադատություն կիրառելու համար։

-Կարծում եմ, որ կան հանցագործություններ, օրինակ՝ պետության թալանը, որի շեմը պետք է սահմանվեր՝ գնալով նույնիսկ մինչեւ խորհրդային ժամանակներ։ Բայց կան օրենսդրական վաղեմության ժամկետներ, եւ դրանց ուժ տալը կլինի հակասահամանադրական։ Եթե այդ վաղեմության ժամկետները երկարաձգենք, ապա դա կլինի հակասահմանադրական։ Որտեղ կա վաղեմության ժամկետի հարց, չենք կարող այլեւս հետ գնալ։ Կան դեպքեր, օրինակ՝ կոռուպցիան, սպանությունը, որոնց վաղեմության ժամկետն ավելի երկար է։ Իսկ ընտրակեղծիքների վաղեմության ժամկետն ավելի կարճ է։ Ես կարծում եմ, որ եթե խոսեինք 2013թ․, 2017թ․ ընտրակեղծիքների մասին, դա արդեն բավարար կլիներ։ Չեմ կարծում, թե հանրային շահը թելադրում է ավելին քչփորել։ Բայց կոռուպցիայի, սպանությունների վրա վաղեմության ոչ մի ժամկետ չի տարածվում։