Ժամանակավոր կառավարության կազմավորման յուրահատուկ սխեմա եմ առաջարկում

Ժամանակավոր կառավարության կազմավորման յուրահատուկ սխեմա եմ առաջարկում

Արդեն 15 օրից ավելի է՝ Ֆրանսիայի հրապարակում ընթանում են իշխանափոխությանն ուղղված, ի պաշտպանություն Արցախի Հանրապետության անկախության եւ Հայաստան պետության հզորացման հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ: Ժողովրդի պահանջով ընթացող իրադարձությունների մեկնարկից մի քանի օր հետո դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն անպայման հաղթելու է, եւ իրենք արդեն ունեն համապատասխան կադրերի՝ 250 հոգանոց պրոֆեսիոնալների խումբ, որոնցով կկազմավորեն ժամանակավոր կառավարություն եւ մոտ մեկուկես տարվա ընթացքում կկազմակերպեն ՀՀ Ազգային ժողովի նոր, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Այլ խոսքով՝ կյանքը կդնեն բնականոն ռելսերի վրա ու աստիճանաբար կհզորացնեն երկիրը: Իսկ ինչո՞ւ, դեռ առուն չթռած, Իշխան Սաղաթելյանը խոսեց ապագա, այն էլ՝ ժամանակավոր կառավարության կազմավորման մասին:

Պարզ պատճառով. 30 տարվա փորձը հստակ ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության եկած որեւէ ուժ որեւէ խոստում չի կատարել, իսկ ընտրություններից հետո դրանք կա՛մ իսպառ մոռացվել են, կա՛մ կյանքի չեն կոչվել: Հանուն Արցախի եւ Հայաստանի ժողովրդի մի ստվար մասը պատրաստ է ողջ ուժով պայքարել՝ իր անհնազանդությունը հայտնել եւ հրաժարական պահանջել այն իշխանությունից, որը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, սակայն ժողովրդի նույն ստվար հատվածը պատրաստ չէ եւս մեկ անգամ խաբվելու։ Ուստի ուզում է նախապես իմանալ, թե իշխանափոխությունից հետո ինչ ուժերով եւ ում միջոցով պետք է ձեւավորվեն կառավարություն եւ պետական կառավարման այլ մարմիններ, որպեսզի հանկարծ նորից իշխանության ղեկին չհայտնվեն նույն ճարպիկ մարդիկ, որոնք եղել են անցած 30 տարիների ընթացքում։ Քանզի այդ դեպքում ի՞նչ իմաստ կունենա կառավարության հրաժարականը պահանջելը: 

«Տառապանքս փորձ ունի» ասացվածքը դաջվել է մարդկանց ուղեղներում ու սրտերում, եւ նրանց մտավախությունը տեղին է, ուստի ուզում են նախապես իմանալ թեկուզ ժամանակավոր կառավարության կազմի եւ նրանց անցած ճանապարհի մասին: Սաղաթելյանի այդ պարզաբանումից անցել է մի քանի օր, սակայն ժողովուրդը կարծես դարձյալ բավարարված չէ այդ բացատրություններից եւ որպեսզի լիովին համոզվի՝ վարչապետի եւ նախարարների անուններն է ուզում լսել:

Իշխանության հրաժարականից հետո, ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ի կողմից նախ պետք է ընտրվի վարչապետ կամ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ ապա՝ ժամանակավոր կառավարություն, որը կառավարության ձեւավորման դասական մոդելն է: Իսկ քանի որ իշխանության հրաժարականը (եթե լինի) կլինի ոչ դասական եղանակով, հետեւաբար, ես էլ առաջարկում եմ կառավարության ձեւավորման ոչ դասական տարբերակ: Քանի որ ընդդիմության կողմից մշտապես հնչեցվում է, որ իրական իշխանությունը Ֆրանսիայի հրապարակում է, այդ իսկ պատճառով առաջարկում եմ, որ կառավարության ձեւավորումը եւս տեղի ունենա նույն հրապարակում։ Թող հավաքված ժողովուրդն էլ իր քվեարկությամբ՝ անմիջականորեն ընտրի վարչապետ կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար, ում առաջարկությամբ էլ ժողովրդին կներկայացվի նախարարների, ասենք՝ 3-ական թեկնածու, ովքեր հենց հրապարակում կներկայացնեն իրենց ծրագրերը, որից հետո ժողովուրդն իր քվեարկությամբ կընտրի նրանցից մեկին։ Այ, դա կլինի իսկական ժողովրդավարության օրինակ՝ մրցակցային, հաշվետվողական եւ թափանցիկ: Այս քայլով Հայաստանն աշխարհին ցույց կտա, թե որն է իրական ժողովրդավարությունը, ինչպես ցույց տվեց 1988թ. փետրվարին։

Այս հարցում եւս Հայաստանն առաջինը կհայտարարի իրական ժողովրդավարության մեկնարկը, եւ աշխարհը կնկատի: Նշված սխեմայի գործարկումը շատ կարեւոր է նաեւ նրանով, որ այսքան օր՝ գիշեր-ցերեկ պայքարող եւ իշխանությանը հեռացրած ժողովուրդն իրեն գնահատված կզգա, իշխանության իրական տերը կզգա, եւ ընտրված իշխանությունն էլ պարտադիր հաշվետու կլինի իր առջեւ: Այս պարագայում մի լավ բան եւս կունենանք. երկրի այս դժվար ֆինանսատնտեսական պայմաններում նոր ընտրությունների կարիք, հետեւաբար՝ նաեւ լրացուցիչ ծախսեր չեն լինի, եւ վերջապես՝ բյուջեն մի քիչ կշնչի։

Իհարկե, ասվածն առաջին հայացքից կարող է վերացական թվալ ու անիրականանալի, սակայն խոր վերլուծության դեպքում կհասկանանք, որ այն պրակտիկորեն լրիվ իրագործելի է եւ հաստատապես արժե կյանքի կոչել։

Դե, ձեզ տեսնեմ, հարգելի ժողովուրդ եւ իշխանափոխության ձգտող ընդդիմություն...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ