ԵԽԽՎ-ն կարող է ձախողել վենետիկյան փոքրիկ «հաջողությունը»

ԵԽԽՎ-ն կարող է ձախողել վենետիկյան փոքրիկ «հաջողությունը»

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր է առաջիկայում արտահերթ այց կատարեն Հայաստան: Մոնիթորինգի հանձնաժողովը նոյեմբերի 14-ին նիստ է հրավիրել եւ կքննարկի Հայաստան այցի նպատակահարմարության հարցը, ինչպես նաեւ Հայաստանի համազեկուցողներից մեկի փոփոխության հարցն է օրակարգում, ըստ ամենայնի՝ ուկրաինացի Յուլյա Լյովոչկինայի։ Այցի անհրաժեշտության մասին համազեկուցողներին, մեր տեղեկություններով, համոզել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը մեկնել են ԵԽԽՎ։ Ճիշտ այն օրերին, երբ մեկնարկել էր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, եւ այնտեղ էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը։ Նրանք տեսել էին Արփինե Հովհաննիսյանին եւ Դավիթ Հարությունյանին, սակայն ո՛չ բարեւել էին, ո՛չ շփվել։

Մենք պարզեցինք, որ հենց այդ այցի նպատակներից մեկը եղել է դատաիրավական ոլորտում իշխանության «կամայականությունների» մասին իրազեկելը։ Մասնավորապես, ծավալուն անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացներին, մեկիկ-մեկիկ ներկայացվել են իշխանության «հակաօրինական» քայլերը։ Նոյեմբերի 14-ին հրավիրված նիստում, ըստ ամենայնի, դրական որոշում կկայացվի Հայաստան այց կատարելու մասին, որից հետո կայցելեն՝ լսելու իշխանությունների, ընդդիմության եւ քաղհասարակության տեսակետներն այս հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ փաստահավաք առաքելությամբ, «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» նպատակով, համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան (Ukraine, SOC) եւ Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) այցով վերջին անգամ Երեւանում են եղել մարտին: Նրանց այցերը մոնիթորիգի տակ գտնվող մեր երկիր պարբերական են։

Լյովոչկինա-Շիրցել համազեկուցողների վերջին անդրադարձը Հայաստանին նրանց հայտարարությունն էր, որտեղ մտահոգություն էին հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ շեշտում էին երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը: «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ»,-ընդգծել էին համազեկուցողները:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է այդ արտահերթ այցից հետո հօդս ցնդեն իշխանությունների վենետիկյան «փոքրիկ նվաճումները»։ Ինչպես հայտնի է, նրանց հաջողվել էր Վենետիկի հանձնաժողովից կորզել դրական եզրակացություն դատաիրավական բարեփոխումների խնդրահարույց փաթեթի մասին, որում ընդգրկված է նաեւ ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի դրույթը։ Ճիշտ է, Վենետիկում դրական եզրակացություն են տվել Հայաստանում «կաշառքի եւ շանտաժի օրենք» որակված այդ փոփոխությանը՝ բացառապես կամավորության տարբերակով, այսինքն՝ ոչ մի վարչական կամ որեւէ այլ գործիքակազմ չպետք է կիրառվի դատավորների նկատմամբ։ Դատավորները կարող են վաղաժամ գնալ կենսաթոշակի միայն այն պարագայում, եթե իրենց կամքն է այդպիսին։

Ավելին՝ հանձնաժողովը կարեւորում է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա միջոց՝ ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու համար։ Ինչպես նաեւ՝  հանձնաժողովը քննարկում է այն վտանգը, երբ ինը դատավորից յոթը հրաժարական ներկայացնեն, ուստի առաջարկում է վերանայել առաջարկվող դրույթը։ Սակայն մեր իշխանությունները բաց են թողնում այս վերապահումները եւ թմբկահարում են միայն այն փաստը, որ նախագիծը ստացել է դրական եզրակացություն։