Մի պաշտոնյա էլ լուռ հեռացավ

Մի պաշտոնյա էլ լուռ հեռացավ

Ոռոգման համակարգի ամենակարկառուն ղեկավարներից մեկը՝ «Էջմիածին» ՋՕԸ (ջրօգտագործողների ընկերություն) ղեկավար Սուրեն Սեդրակյանը, ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Սեդրակյանի աթոռը երերաց, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Նրանք օլիգարխներ են, եւ պետությունը գնալու է նրանց ետեւից»: «Հրապարակի» տեղեկություններով, վարչապետի այդ հայտարարությունից հետո «Էջմիածին» ՋՕԸ-ում մի շարք ստուգումներ սկսվեցին:
Հասկանալով, որ աթոռից կառչած մնալը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, Սեդրակյանը որոշեց անաղմուկ հեռանալ պաշտոնից: Ապրիլի 17-ին «Էջմիածին» ՋՕԸ վարչական խորհուրդն ընդունեց նրա հրաժարականի դիմումը: Սուրեն Սեդրակյանը ջրօգտագործողների ընկերության հնաբնակներից է. այդ համակարգում է ՋՕԸ հիմնադրման առաջին իսկ օրերից: Գործել է Մանվել Գրիգորյանի ստվերում եւ սպասարկել Գրիգորյան ընտանիքին: Նրան է պատկանում Էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը, որի մի մասը՝ իր, իսկ մյուսը գեներալ Սեյրան Սարոյանի սեփականությունն է: Երկու մասնաշենքերն էլ վերածվել են առանձնատների, որտեղ բնակվում են Սեդրակյան ու Սարոյան ընտանիքները:

Էջմիածնի հարկային տեսչության շենքը նույնպես Սուրեն Սեդրակյանի սեփականությունն է: Հարկայինն այստեղ ընդամենը վարձակալ է: Սեդրակյանին է պատկանում նաեւ Ակնալճի երբեմնի պոմպակայանը, որը սեփականատերը դարձրել է ռեստորան: Նախկինների հետ կապերի շնորհիվ Սեդրակյանը որդուն՝ Սասուն Սեդրակյանին կարգել է բանկերից մեկի կառավարիչ: Սեդրակյան ընտանիքին է պատկանում նաեւ «Եդեմ» սգո սրահը, որը գտնվում է Երեւան-Էջմիածին մայրուղու Զվարթնոցի հատվածում: 

Սրահը գտնվում է բնակելի տների անմիջական հարեւանությամբ՝ շենքերից 16-17 մետր հեռավորությամբ: Չնայած բնակիչների բողոքներին, որ ապրում են սգավորների լացուկոծի պայմաններում, տեղի իշխանությունները ձեռնպահ են մնում որեւէ քայլ անելուց:
Ոչ ճիշտ տեղում սգո սրահ կառուցելու թույլտվությունը Սեդրակյանները ստացել են Էջմիածնի նախկին ղեկավարությունից: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Եդեմի» մեջ բաժին ունի նաեւ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի որդին: