Հայաստանում անապահովների տարբեր չափումներ կան, ո՞ր թիվն է վարչապետը նախընտրում

Հայաստանում անապահովների տարբեր չափումներ կան, ո՞ր թիվն է վարչապետը նախընտրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ջրի գնի բարձրացման մասին եւ հանգստացրել է ունկընդիրներին, թե՝ սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը 10 տարի չի փոխվելու։ Թողնենք այն, որ նախկինում տրված նման խոստումները դրժելու օրինակներ շատ ունենք եւ մասնավորապես՝ 2018-ի ընտրությունների շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ջրի գինը մինչեւ 2024 թվականը չի բարձրանա, իսկ 21-ի տարեվերջին հայտնի դարձավ, որ 2022-ից բարձրանում է՝ ՀԾԿՀ-ն բավարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը։ 

Սակայն վերադառնանք անապահովների խնդրին։ ՀՀ քաղաքացիներին, կարծում ենք, կհետաքրքրի, թե ովքեր են Հայաստանում անապահովները, բնակչության որ մասն է մտնում այդ բնորոշման տակ, առհասարակ ինչ սկզբունքներով են որոշում քաղաքացին անապահով է, թե՝ ոչ, եւ վարչապետի նման խրոխտ հայտարարությունը, թե՝ պետությունն անապահովների խնդիրը կլուծի, ինչ արժե։

«Հրապարակը» փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանից։ 

Այն հարցին, թե այսօր Հայաստանում քանի տոկոս է կազմում անապահովների թիվը, մեր զրուցակիցը նշեց հետեւյալը․ «2022 թվականի հունվար ամսվա դրությամբ կենսամակարդակի բարձրացման նպատակով նպաստ ստանում է շուրջ 81 հազար 907 ընտանիք։ Այսինքն, եթե միջինը 4-ով բազմապատկենք այս թիվը, ապա կստանանք մոտ 300 հազար մարդ, սա է պետության հոգածության ներքո գտնվող բնակչության թիվը։ Մինչդեռ, ըստ որոշ գնահատականների, առնվազն 700 հազար մարդ աղքատության սահմաններից այն կողմում է գտնվում։ Բայց պարզվում է՝ ջրի կամ հոսանքի սուբսիդիա չի տրամադրվելու բոլոր անապահովներին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անցած տարվա սեպտեմբերի 29-ին ասել էր, որ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի մոտ 120 հազար սոցիալապես անապահով սպառող և գազի շուրջ 80 հազար սպառող։ «Նույն խումբը, որը ջրի կատեգորիայում կարող է կազմել մոտ 100 հազար բաժանորդ, կստանա արտոնություններ»` ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր նշելուց։

Մեր հարցին, թե որ քաղաքացիներն են համարվում անապահով՝ ինչ հիմունքներով, Զարուհի Մանուչարյանը նշեց․ «Հիմունքները բավականին շատ են։ Հիմնականում՝ անապահով են համարվում այն ընտանիքները, որոնք հաշվառվում են անապահովության գնահատման համակարգում, իսկ ահա անապահովության գնահատականը պետք է լինի 28․00-ից բարձր։ Միավորը սահմանվում է ՀՀ կառավարության N145 որոշմամբ։ Այնտեղ նշված են բոլոր այն բնութագրիչները, որոնք անհրաժեշտ են նպաստառու դառնալու համար։ Օրինակ՝ ընտանիքի անաշխատունակ անդամների թիվ, ավտոմեքենայի առկայություն- բացակայություն, ձեռնարկատիրության առկայություն- բացակայություն եւ այլն»։ 

Հայկ Գեւորգյան