Եթե Ադրբեջանը նման բան անի, մենք մեր ֆուտբոլիստին կպաշտպանենք. Արմեն Նիկողոսյան

Եթե Ադրբեջանը նման բան անի, մենք մեր ֆուտբոլիստին կպաշտպանենք. Արմեն Նիկողոսյան

Մինչ Հայաստանի իշխանությունները հայ հասարակությանը պատրաստում են Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելուն, իսկ Արցախի շրջափակումն էլ «գցում են ռուսների գրպանը», հայ հայտնիներն են փորձում աշխարհին տեղեկացնել, որ 120 հազար արցախցիներ մեկ ամսից ավելի է՝ բլոկադայի մեջ են, իսկ Արցախն էլ Հայաստան է և վերջ, ինչպես ժամանակին Ստեփանակերտում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Օրեր առաջ հայ երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը անցած տարի ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում,  Լոս Անջելեսում մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Ռոզան կատարել էր հիթը՝ «SNAP»-ը, որի ընթացքում ձեռքին պահել է Հայաստանի դրոշը, իսկ հագին «Stop the Blockade» եւ «Artsakh» գրություններով բաճկոն էր։  Ռոզա Լինը նաև ասել է․ «Երազի պես էր: Մինչ շոուն շարունակվում էր, և երբ գրում եմ այս ուղերձը, ես մտածում եմ նրանց մասին, ովքեր ապրում են շատ այլ կյանքով, քանի որ կտրված են մնացած աշխարհից Արցախում: Դեկտեմբերի 12-ին իրենց «էկոակտիվիստ» անվանող Ադրբեջանի քաղաքացիները սկսեցին շրջափակել Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին և աշխարհին միացնող ՄԻԱԿ երթուղին է։

Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ: Արցախցիները տառապում են, միջանցքով սովորաբար ամեն օր Հայաստանից Արցախ տեղափոխվում է մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք։ Դրա պատճառով Արցախը չունի առաջին անհրաժեշտության պարագաներ, և 120 հազար արցախահայեր չեն կարող հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված են ընտանիքներից։ Նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան։ Խնդրում եմ ձեզ՝ միջազգային հանրությանը, կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն արցախահայության, մենք պետք է վերջացնենք շրջափակումը և կանխենք Արցախում հայերի էթնիկ զտումների Ադրբեջանի սարսափելի քաղաքականության շարունակությունը»։

Ռոզան միակը չէ, ով Արցախի դեսպանն է դարձել եւ փորձում է իր աջակցությունը բերել բլոկադայի վերացմանը: Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն էլ, որն այժմ խաղում է Իտալական «Ինտերում», թիմի YouTube-ի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինքը որտեղի՞ց է ծագումով, գծել է Հայաստանի քարտեզը՝ Արցախը ներառյալ։ Մխիթարյանի այս քայլն աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։ Ադրբեջանական  լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ առթիվ կբողոքի ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ադրբեջանը փորձի մեր ֆուտբոլիստի դեմ գործողություններ իրականացնել, բողոքներ ուղարկել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա և ՖԻՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կաջակցի՞ մեր ֆուտբոլիստին, տեր կկանգնի՞ նրան։  Նիկողոսյանը նախ փորձեց ճշտել, թե մենք վստա՞հ ենք, որ Ադրբեջանը նման բան կանի, Ադրբեջանի ֆեդերացիայից ճշտե՞լ ենք, լսելով մեր պատասխանը` որ ադրբեջանական ԶԼՄ-ներն են այդ մասին հայտնում, պատասխանեց․ «Մենք նման լուրեր չունենք, երբ որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքի, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ կանի մեր ֆուտբոլիստին պաշտպանելու համար, բայց մենք նման լուր չունենք»։

Նիկողոսյանին հարցրինք նաև, թե ինչպե՞ս է ընդունվել Մխիթարյանի քայլը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ոգևորվե՞լ են նման քայլից, Արմեն Նիկողոսյանը պատասխանեց․ «Ես ցանկություն չունեմ Ձեզ դա պատասխանել»։