Իշխանությունը գնաց զիջումների․ բուհերի ռեկտորները չեն նշանակվի

Իշխանությունը գնաց զիջումների․ բուհերի ռեկտորները չեն նշանակվի

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված է նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը դեռ նախորդ տարվանից մեծապես քննադատվեց թե՛ բուհական, թե՛ ակադեմիական շրջանակներում։ Մասնավորապես, ըստ նախագծի, ՀՀ բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչեւ 5 տարի ժամկետով, ինչն էլ նշանակում է, որ նախագծում ներառված դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Այս առիթով բազմաթիվ հանդիպումներ եղան թե՛ ԿԳՄՍՆ-ում, թե՛ ԱԺ-ում։

Տարեվերջյան հանդիպում- քննարկումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանում՝ տարբեր բուհերի ռեկտորների մասնակցությամբ, արդյունքը երկար սպասեցնել չի տվել, վերանայվել են մի շարք դրույթներ, այդ թվում՝ ռեկտորների նշանակմանը վերաբերող կետը, ինչը ներքաղաքական այս իրավիճակում նշանակում է, որ իշխանությունները չեն ուզում էլ ավելի սրել իրավիճակը եւ գնում են զիջումների, մի բան, որն այլ պայմաններում գուցեեւ չանեին։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագիծն իրեն ուղարկել են, ծանոթացել է վերանայված տարբերակին եւ կարող է ասել, որ այն բավականին մշակվել եւ փոփոխությունների է ենթարկվել։ «Փոխվել է ռեկտորների ընտրության հատվածը, նրանք ընտրվելու են, ոչ թե նշանակվելու, հավատարմագրման հատվածը, որտեղ «ծրագրային եւ ինստիտուցիոնալ հավատարմագրում» հատվածները միավորել ենք, որովհետեւ դա մեծ գումարներ է բուհերի համար։ Ամենաէական փոփոխությունն ինձ համար այն է, որ գիտությունը եւ կրթությունն անջատվել են, այսինքն՝ սա լինելու է բարձրագույն կրթության մասին օրենք։ Դա կարեւոր հանգամանք է, որովհետեւ դրա արդյունքում գիտությունը շատ էր տուժում, եւ, ըստ էության, գիտություն էլ չկար նախորդ օրենքում»,- ասում է նա ու ընդգծում, որ իր համար բավականին էական է նաեւ երկաստիճան գիտական համակարգի պահպանումը․ «Իմ խորին համոզմամբ՝ մենք իրավունք չունենք անցնելու միաստիճան գիտական համակարգի, հատկապես հիմա, երբ պետք է նորացվեն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ բացի դա՝ մեր գիտական աշխարհը միշտ կապված է եղել ռուսական գիտական աշխարհի հետ, եւ եթե այնտեղ՝ եվրոպական 10-ից ավելի երկրներում երկաստիճան է, մենք ինչո՞ւ ենք երկաստիճան այդ համակարգը հանում, անունն ի՞նչ ենք դնում, որովհետեւ մերոնք դոկտոր չե՞ն կարող դառնալ, մենք ինչո՞ւ ենք նվաստացնում մեր գիտնականներին, չէ՞ որ գործեր, կոնֆերանսներ են արվում, հոդվածներ են գրվում, եւ ինչո՞ւ ենք մենք մեր գիտնականին մի աստիճան իջեցնում, անունն ի՞նչ ենք դնում»։ Լ․ Արզումանյանը նկատում է, որ օրենքի նախագծում դա անտրամաբանական քմահաճույք էր։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին շատ կետեր փոփոխվել են օրենքում, որոնք հիմնականում քննարկվել եւ համաձայնեցվել են ռեկտորների հետ, եւ բոլոր այն վիճահարույց հարցերը, որ կապված էին բուհերի կառուցվածքի, առարկայացանկի հետ, վերանայվել են․ ««Հայոց պատմություն», «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների հետ կապված խնդիրներ կային, այդ հարցում է փոփոխություն եղել, ռեկտորների թեկնածուի հետ կապված, այսինքն՝ դոկտոր, պրոֆեսորի պահանջը որ կար, դա է փոխվել։ Ահագին բան փոխվել է, հիմա դեռ քննարկվում է, եւ կարող են մինչեւ վաղը (այսօր) էլի փոփոխություններ լինել, ինչ-որ առաջարկություններ արվեն, ու քանի դեռ հանձնաժողովի նիստին չի հրապարակվել առաջին ընթերցման նախապատրաստված տարբերակը, կարծում եմ՝ դեռ փոփոխություններ կլինեն, եւ վաղվա (այսօրվա) քննարկումից հետո էլ դեռ հնարավոր են փոփոխություններ, մինչեւ որ ստանանք առավելագույն արդյունք։ Բայց մենք արդեն ունենք մի օրենք, որն ունի ընդհանուր կոնսենսուս»։

Ս․ Հովսեփյանը նկատում է՝ թեեւ օրենքի նախագծում գիտությունն ու կրթությունն առանձնացվում են, բայց արդյունքում գիտությունը նպաստելու է կրթության զարգացմանը եւ հակառակը՝ կրթության որակին նպաստելու է գիտությունը․ «Այսինքն՝ այնպես է արված, որ որպես օրենք՝ այն առանձնացված է, բայց իրենք շատ սահուն եւ գրագետ կերպով համաձայնեցված եւ փոխկապակցված են, որպեսզի զարգացում տեղի ունենա»։