Անարգանքի սյունին

Անարգանքի սյունին

Հունիսի 20-ի ընտրություններ կոչված ֆարսը ցույց տվեց մեր ժողովրդի հակապետական, արժանապատվությունից զուրկ լիենելը։ Մի քանի օր է ինձ զանգահարում, նամակներ են գրում իմ օտարերկրյա ընկերները՝ Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից։ Նրանք բոլորն ապշած են ընտրությունների արդյունքներից և չգիտեն ինչ խոսքերով ինձ մխիթարեն։ Նրանց խոսքերում զգում եմ ոչ միայն զարմանք, այլև թաքնված արհամարհանք մեր ազգի հանդեպ։ Կարդում եմ նաև օտարերկրյա, հատկապես նախկինում, ընդգծված Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ անթաքույց համակրանք ունեցող վերլուծաբանների կարծիքները։

Օրինակ, Եվգենի Սատանովսկին, ով մի քանի անգամ այցելել էր Արցախ և հայտարարել, որ այլևս երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսօր Նա զարմացած է և խորապես հիասթափված  հայ ժողովրդից։ Նրա խոսքերում արդեն ոչ միայն համակրանք, այլև ցավ չկա, կա միայն արհամարհանք և ափսոսանք իր նախկինում ունեցած վերաբերմունքից։

Քիչ առաջ կարդացի իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հոդվածը․ «Հայկական արմագեդոնն ու հայկական հույսը»։ Նա ավելի զուսպ, բայց նույնպես քամարհանքով է գրում մեր մասին, որպես անարժանապատիվ, ողորմելի ժողովուրդ։ Այո՛, մենք մեր ընտրությամբ ողջ աշխարհին ապացուցեցինք մեր ողորմելիությունը և այլևս ոչ միայն դաշնակից պետություն, այլև մեզ համակրող գործիչներ չունենք։ Եվ այս պարագայում, աշխարհի հզորները՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Չինաստան, ու՞մ կողմը կլինեն՝ մե՞ր, թե՞ մեր թշնամիների։ Կարծում եմ պատասխանը պարզ է՝ ոչ-ոք չի ցանկանա պաշտպանել ողորմելիին և թշնամանալ ուժեղի հետ։ 

Ավետիք Իշխանյան