Մետաղորսիչների օգնությամբ ստուգում ենք ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը․ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ

Մետաղորսիչների օգնությամբ ստուգում ենք ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը․ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ

Վերջին շրջանում հատկապես ավելացել են Երևանի մետրոպոլիտենում ռումբի տեղադրման ահազանգերը, որոնք պարզվում է՝ կեղծ են։ Սակայն մետրոյում վերջին օրերին հայտարարություններ են հնչում՝ ուղղված ուղեւորներին, որ եթե կասկածելի մարդկանց կամ ուղեբեռներ տեսնեն, անմիջապես տեղեկացնեն մետրոպոլիտենի աշխատակիցներին։

Մենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվել ենք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում Երևանի մետրոպոլիտենում եւ ինչ են նշանակում այս հայտարարությունները․ 

«Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակներում նախաձեռնվել է Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու հայտարարություններ` ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով։ Հայտարարությունների մեջ ասվում է, որ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին։ Թույլ տվեք ընդգծել նաև, որ Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն։ Ոստիկանները մետրոպոլիտենի բոլոր կայարաններում մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը»: