Արհեստածին հեղափոխությունների պերճանքն ու թշվառությունը

Արհեստածին հեղափոխությունների պերճանքն ու թշվառությունը

Արհեստական հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերը, սովորաբար, տապալվում են շատ արագ: Պատճառը, թերեւս, այն է, որ այդ ուժերի առաջին եւ միակ անելիքն իշխանափոխություն գլուխ բերելն է, իսկ, ահա, բարեփոխումներ կատարելը նրանց համար անլուծելի խնդիր է, որովհետեւ արհեստական հեղափոխությունները հրահրվում են տվյալ հասարակության մեջ առկա եւ նախապես լավ ուսումնասիրված ցավոտ ու խորքային խնդիրների վերհանմամբ, սակայն խնդիրների լուծման բանալիները հեղափոխական ալիքի վրա հայտնված ուժին չեն «վստահվում»: Համոզվելու համար կարելի է մի հայացք նետել Փաշինյանի բնութագրմամբ` «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխության ողջ ճանապարհի վրա, եւ կհամոզվենք, որ ո՛չ հեղափոխության օրերին, ո՛չ էլ հեղափոխությունից հետո (2018թ. դեկտեմբերի 9-ից այս կողմ) իշխանության եկած ուժը որեւէ խնդրի լուծման ճանապարհ չի առաջարկել հասարակությանը: Իսկ սա նշանակում է մեկ բան` մեր այսքան տարփողած հայկական հեղափոխությունը մի սովորական, արհեստածին հեղափոխություն է, որի ներսում կա ամեն ինչ, բացի հեղափոխությունից: Նկատենք նաեւ, որ թավշյա իշխանափոխության պրոցեսում մենք այդպես էլ հեղափոխական մտածողությամբ անհատների չտեսանք: Առաջնորդը, իհարկե, փորձում է այդ բացը լրացնել իր անձով, քայլ արածներով եւ խանձարուրից միանգամից պաշտոնների նշանակվող երիտասարդներով, բայց ապարդյուն:

Արհեստական հեղափոխությունը եւ այդ հեղափոխությամբ ձեւավորված իշխանությունը փրկել հնարավոր չէ ո՛չ լեզուն արագ պտտեցնելու, ո՛չ արտաքին ազդակների շահարկման եւ ո՛չ էլ ներքին թշնամու կերպար ձեւավորելու մեթոդներով: Իսկական հեղափոխություններն ունեն հաջողելու մեկ ճանապարհ` հնարավորինս սեղմ ժամկետներում տրված խոստումների, հեղափոխության հիմքում ընկած խնդիրների՝ եթե ոչ ամբողջ ծավալով, ապա մասնակի, հիմնավոր լուծումներ առաջադրելն ու կատարելը: Մնացածը, այսինքն այն, ինչ անում է Փաշինյանը, ինչ ժամանակին արել են Սահակաշվիլին, Պորոշենկոն, Մոլդովայի արագ փոփոխվող վարչապետերը, ընդամենը «խորաթա» է հեղափոխության մասին:
Սովորաբար ցավոտ են լինում նաեւ արհեստածին հեղափոխությունների հետեւանքները: Նման հեղափոխություններ տեսած երկրները, որպես կանոն, վերածվում են անկայունության օջախների` երկփեղկված հասարակությամբ, հոգեվարք ապրող տնտեսությամբ, աղքատության անհուսալի բարձր մակարդակով, արտագաղթի մեծ տեմպերով: Չմոռանանք նշել, որ անկայունության օջախ համարվող երկրները հաջողության որեւէ շանս չունեն նաեւ արտաքին քաղաքականության մեջ, որովհետեւ նրանց շուրջ ձեւավորվող կարճաժամկետ հետաքրքրասիրությունը, սովորաբար, պայմանավորված է լինում շահագրգիռ տերությունների` այդ անկայունությունից օգուտներ ստանալու նորահայտ հնարավորություններով: 
Փաշինյանը սիրում է կրկնել, որ այն, ինչ արել է ինքը, զուտ հայկական ծագում ունի եւ չի հրահրվել դրսից: Շատ կուզենայի հավատալ նրան, բայց, իմ համոզմամբ` այն, ինչ կատարվել է Հայաստանում, արհեստածին հեղափոխության տիպիկ օրինակ է, եւ հեղափոխությունն էլ արել է ոչ թե ինքը, այլ արվել է իր եւ իր նման ապահեղափոխական մտածողությամբ մարդկանց ձեռքով: Բայց եթե մեզ` հայերիս, այսպիսի խայտառակ միջոցառման շնորհիվ հաջողվել է զերծ մնալ, խուսափել ներմուծովի գունավոր հեղափոխությունից, ապա իսկապես Փաշինյանի արձանն արժե տեղադրել որեւէ տեսանելի վայրում եւ պատվանդանին գրել, որ նրա շնորհիվ Հայաստանը խուսափեց Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ճակատագրից` պահպանելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մնացածը՝ Մանվելին բռնեցին, Քոչարյանին կալանավորեցին, ԱԺ-ն գրավեցին, Միհրանը փախավ Մոսկվա, չգիտեմ` կառավարության կառուցվածք փոխեցին, գեյերին ամբիոն հանեցին, կաթողիկոս ծեծեցին եւ այլն, շատ քիչ կապ ունեն իսկական հեղափոխության հետ եւ ընդամենը հեղափոխության պատրանք ստեղծելու համար են:

Դրսից ներդրված գունավոր իշխանություններին, որպես կանոն, ասպարեզից հեռացնում են հենց ներդրողները: Եթե հավատանք Փաշինյանի վստահեցումներին, որ «թավշյա հեղափոխությունը» հայկական պրոդուկտ է, ապա նրան եւ նրա կառավարությանն այդ վտանգը չի սպառնում կամ սպառնում է այնքանով, որքանով նրա «հեղափոխության» համար գումարներ են ներդրել հայաստանյան ինչ-ինչ կազմակերպություններ, որոնց մեր հասարակությունն այս ընթացքում հասցրեց միավորել «սորոսականներ» ընդհանուր վերնագրի տակ: Այսուհանդերձ, Փաշինյանի հեղափոխությունը խորքային առումով շատ նման է գունավոր հեղափոխություններին: Դիցուք` Փաշինյանի պահվածքն արդեն իսկ շատ բան է ասում: Նա հետեւողական չէ իր հայտարարությունների հարցում, լավ է զգում, երբ իրեն ասում են «շեֆ» եւ սիրաշահում են: Նա իր մտածողությամբ հեղափոխական չէ, ավելին՝ վախենում է հեղափոխություններից, անհնազանդության դրսեւորումներից, անգամ կառավարության շենքի մոտ հավաքվող կարիքավոր մարդկանցից: Իսկ ինչո՞ւ է վախենում: Նույն հարցը տվեք Սահակաշվիլուն եւ Պորոշենկոյին, որոնք քանիցս խուսափել են հասունացող բունտերից: Փաշինյանը պատճառներ չունի՞ նման հեռանկարից վախենալու: Կարծում եմ` ունի եւ շատ հիմնավոր:

Լավ, ինչքա՞ն է տեւելու այս ամենը` հարցնում են մարդիկ, որոնք 6 ամիս առաջ կանոնավոր շարքերով գնացել եւ քվեարկել են Փաշինյանի ու մնացած «կապիտան Նեմոների» օգտին: Չգիտեմ ինչ պատասխանել, թեեւ այս մի քանի ամիսն էլ լիուլի բավական էր Փաշինյանից հիասթափվելու եւ նրան տուն ուղարկելու համար: Այսինքն` ենթադրել, թե նա որքան կկարողանա ձգել`շահագործելով ժողովրդի համբերությունը: Փաշինյանն այդ արվեստին, ի դեպ, վատ չի տիրապետում, բայց կան բաներ, օրինակ՝ «համբերության բաժակ» ասվածը, որ օբյեկտիվորեն անկախ է Փաշինյանի կամքից ու տաղանդից: Կարծում եմ` Հայաստանում կան մարդիկ, որոնք այդ բաժակի լցվելու մասին կհասցնեն տեղեկացնել Փաշինյանին եւ նրան նույն հաջողությամբ հեռացնել իշխանությունից:

Նման անարյուն հանգուցալուծումից հետո մենք իսկապես կկարողանանք գլուխ գովել, որ արհեստածին հեղափոխությունների տեխնիկային վատ չենք տիրապետում: