Հասարակություն

Ինչու է դատավոր Բալայանը հրաժարվել պաշտոնի բարձրացումից

Ինչու է դատավոր Բալայանը հրաժարվել պաշտոնի բարձրացումից

Երեկ գրել էինք, որ Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի բարձրացումից: Նրան ԲԴԽ-ն ծառայողական առաջխաղացման կարգով առաջարկել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, սակայն Բալայանը այն մերժել է:

Բարձրագույն դատական խորհրդին Բալայանը իր մերժումը բացատրել է նրանով, որ եթե ինքն էլ գնա Վերաքննիչ, ապա առաջին ատյանի դատարանի աշխատանքը կխաթարվի, քանի որ 2 դատավոր արդեն գնացել է Վերաքննիչ, իսկ Մնացական Մարտիրոսյանին էլ պատրաստվում են Հակակոռուպցիոն դատարան տեղափոխել, և նրանց վարույթում գտնվող գործերը պետք է բաշխվեն մյուս դատավորների միջև․

«Հարգելի Խորհրդի անդամներ,

2022 թվականի նոյեմբերի 23-ին էլեկտրոնային փոստի միջոցով ստացել եմ 21.11.2022 թվականին թիվ ԲԴԽ-111-Ո-351 որոշումը, որով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ինձ առաջարկել Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնել իմ թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում:

Առաջարկության կապակացությամբ հայտնում եմ անհամաձայնություն՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակման վերաբերյալ: Նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ իրողություններով՝

1) վերջին ամիսների ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական մասնագիտացում ունեցող երեք դատավոր նշանակվել են ՀՀ վերաքննիչ դատարանի համապատասխան մասնագիտացման դատավորի պաշտոնում,

2) դատավորներ Մ.Մելքոնյանի և Ռ. Պապոյանի վարույթում առկա են եղել ավելի քան 270 քրեական գործեր և այլ վարույթներ/միջնորդություններ, որոնք վերաբաշխվել կամ ենթակա են վերաբաշխման Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նույն մասնագիտացմամբ դատավորների միջև,

3) առկա է ողջամիտ հավանականություն, որ առաջիկայում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Մարտիրոսյանը կնշանակվի Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում: Ենթադրվում է, որ նրա վարույթում առկա են ավելի քան 100 քրեական գործ (հաշվի առնելով դատարանի ընդհանուր ծանրաբեռնվածությունը), որոնք նույնպես ենթակա կլինեն վերաբաշխման,

4) իմ վարույթում առկա է շուրջ 140 քրեական գործ և այլ վարույթներ, ու իմ համաձայնության դեպքում դրանք նույնպես ենթակա կլինեն վերաբաշխման:

Հաշվի առնելով 1-4 կետերում նշված հանգամանքները, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը, գտնում եմ, որ իմ կողմից Խորհրդի առաջարկն ընդունելու դեպքում, կխաթարվի նույն դատարանի քրեական մասնագիտացում ունեցող դատավորների վարույթներում առկա գործերով քննության բնականոն ընթացքը, ուստի ստեղծված իրավիճակում նպատակարմար չեմ համարում տալ համաձայնություն»,- ԲԴԽ-ին ուղղված իր նամակում նշել է Բալայանը:

Փաստորեն ստացվում է, որ շարքային դատավորն ավելի է մտահոգված դատարանի աշխատանքով, քան ԲԴԽ-ն, որի ուղղակի պարտականությունն է դա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image