Այս օրենքները խոսում են մեր կոմպլեքսների մասին, ուրիշ ոչ մի բան

Այս օրենքները խոսում են մեր կոմպլեքսների մասին, ուրիշ ոչ մի բան

2022-ի հունվարի 1-ից Հակածխախոտային օրենքի պահանջներին համապատասխան մի քայլ էլ արվեց․ պարտադրեցին Հայաստանի բոլոր վաճառակետերին՝ փակել ծխախոտի ցուցադրությունը, բոլոր խանութներում եւ կրպակներում ծխախոտի վաճառքի դարակները ծածկել։ Երեկ մենք շրջեցինք երեւանյան խանութներում եւ բաց պահարաններ չհանդիպեցինք։ Չնայած երեկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, թե «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երեւան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ: Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է՝ խստորեն պահպանել Օրենքի պահանջը»: 

Խանութներում մեզ ասացին՝ ցուցափեղկերը՝ բաց թե փակ, միեւնույն է՝ վաճառքի ծավալի վրա դա որեւէ կերպ չի ազդել։ Սպառողը, անկախ նրանից, թե ծխախոտն ինչ դիրքով եւ որտեղ է դրված, գնում է իր նախընտրելի ծխախոտը, անգամ օրական երկու-երեք տուփ է գնում՝ մեզ հետ զրույցում անկեղծացավ Երեւանի խանութներից մեկի վաճառողը: «Հաճախորդները կողմնորոշված են իրենց ծխախոտների մեջ, բոլորն իրենց ծխախոտները գիտեն»,- նշեց նա: Նկատենք, որ երեք տարի առաջ ընդունված ու «Հակածխախոտային» անունը ստացած օրենքը Հայաստանում մշակվում էր դեռեւս 2016-ից, ընդունումը, սակայն, անընդհատ հետաձգվում էր, որին հաջորդեց, շատերի կարծիքով՝ այս անհասկանալի ու անարդյունավետ օրենքի ընդունումը:

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի կոմերցիոն տնօրենից հետաքրքրվեցինք՝ այս օրենքն ազդե՞լ է սուպերմարկետի ծխախոտի վաճառքի ծավալների վրա, նվազե՞լ է արդյոք ծխախոտ գնողների թիվը։ Տնօրենը նշեց, որ դժվար թե այդ օրենքով հնարավոր լիներ ծխախոտ գնողների թիվը նվազեցնել։ «Չեմ կարծում, թե դրանից կարող է նվազել գնորդների թիվը, մեզ մոտ չեն նվազել, կարծես: Ես՝ ինքս, ծխող եմ եւ չեմ քչացրել ծխախոտը: Փակել-բացելն իմ վրա չի ազդել»,- նշեց նա: Բայց այդ դեպքում ինչի՞ համար են նման օրենք ընդունում՝ միայն վաճառողների ծախսերն ավելացնելու, նրանց համար նոր դժվարություններ ստեղծելո՞ւ նպատակով։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեզանում եթե մի բանի մասին շատ է խոսվում, ուրեմն տվյալ ոլորտում ոչինչ չի արվում։ «Մենք մի իրականության մեջ ենք ապրում, ուր ամենաշատը խոսվում է այն ոլորտների մասին, որտեղ ոչինչ չի արվում: Հենց ուզում են մի օրենք ընդունել, հիշում են, թե Հայաստանում որքան մարդ է ծխում: Այս կամ այն միջազգային կառույցին հաճոյանալու համար են ավելի շատ արվում նման օրենքները, սակայն մոռանում են խոսել ավելի կարեւոր խնդիրների մասին: Ունենք հին Հակածխախոտային օրենք, որն ասում էր՝ սրճարաններում պետք է լինեն ծխողների եւ չծխողների համար նախատեսված սրահներ, սակայն մենք երբեւէ հսկե՞լ ենք, որ այդ պահանջը կյանքի կոչվի, իհարկե, չենք հսկել: Նույն օրենքն ասում էր, որ դպրոցներին հարակից վայրերում եւս ծխելն արգելվում է, առողջապահական հաստատություններում եւ դրանց հարակից տարածքներում նույնպես չպետք է ծխեն, սակայն երբեւէ հսկե՞լ են, որ ամեն ինչ լինի տվյալ օրենքի շրջանակներում, կարծում եմ, որ չեն հսկել եւ ոչինչ չեն արել այս մասով: Հիմա անունը դնում են, թե մեր վիճակը շատ վատ է, բերում ենք օրենքներ, որոնք ո՛չ պահվում են եւ ո՛չ էլ աշխատում: Այս օրենքները խոսում են մեր կոմպլեքսների մասին, ուրիշ ոչ մի բան: Ենթադրենք՝ ծխախոտի վաճառքի ձեւը փոխեցիր, դարակը փակեցիր՝ ի՞նչ: Այլ բան, եթե ծխախոտի վաճառքը նվազեցնելու ուղղությամբ տարբեր քայլեր ես արել, մնացել է միայն այս տարբերակը, եւ ուզում ես դա էլ փորձել, սակայն նման օրենքներով մտածել, որ կոնկրետ խնդիր կլուծվի, անհնար է: Ազգային ժողովում միայն կոճակով օրենք ընդունելը չէ կարեւոր: Ի՞նչ իմաստ ունի կասսայի մոտ սիգարետ վաճառելը, թեկուզ՝ չերեւացող հատվածում: Ասեմ ավելին․ եթե մարդը ծխախոտ է առնում ու հանգիստ դուրս գալիս, ոչ մեկը չի նկատում, սակայն երբ կանգնում է կասսայի դիմաց ու սիգարետի հերթ կանգնում, ավելի շատ ուշադրություն է առաջանում: Մենք չենք ուզում գործ անել ու արդյունք ապահովել, մենք պարզապես գալոչկա դնելու համար ինչ-որ բաներ ենք անում ու վերջ»,- ասաց Պիպոյանը:

Նա նաեւ անդրադարձավ բացօթյա սրճարաններում ծխելու եւ աղամանը սեղանին դնելու արգելքներին. «Անգամ հյուրանոցի տարածքում, ըստ օրենքի, արգելվում է ծխախոտ օգտագործելը: Այսինքն՝ եթե հյուրանոցի դարպասից ներս մտար, համարվում է հյուրանոցի տարածք ու ասվում է` ծխելն արգելվում է: Ի՞նչ եք կարծում` կարողանալո՞ւ են պահել այդ օրենքը, ոչ՝ միանշանակ, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք»: