Թևավորեք այն մարդուն, ով հայրենիքը սիրել է սովորեցնում․․․

Թևավորեք այն մարդուն, ով հայրենիքը սիրել է սովորեցնում․․․

Մթնոլորտը, որտեղ ապրում ենք, ահավոր ծանր է։ Ծանր է այն առումով, որ ատելությունը մռայլ ամպի նման պատել է օդը և հետ չի քաշվում։ Հետևանքները երևում են՝ ամենադաժան տեսարաններով, փաստերով, չթվարկեմ։ Ինչու՞ էր 2018-ին իշխանության եկած իշխանությանն անհրաժեշտ՝  գեներացնել ատելություն։ Նախկին իշխանության նկատմամբ դժգոհությունը խորացներ, այլանադակեր  այն աստիճան, որ մարդիկ դա իրենց հասցված ծանր,  մահացու  հարված համարեին։ Ինչու՞ իշխանությունը Հայաստանում ստեղծեց ամենօրյա ռեժիմով ատելություն գեներացնող արդյունաբերական հզոր համալիր: Պատճառն այնքան պարզ է, որ ասելն ավելորդ է, բայց հիշեցնեմ մի նախադասությամբ։ Որպեսզի ինքը գար իշխանության։ 

Ատելությունը, բարկությունը, զայրույթը ամենազորեղ էմոցիաներն  են և իշխանությունը դրսի մասնագետների միջոցով իրագործում էր ատելության իշխանափոխություն, որը հասկանալի է, թե ինչու՞ էր անվանում թավշյա  հեղափոխություն։ Իրագործեց, եկավ, հիմա ինչու՞ է շարունակում ատելության քարոզչությունը, չէ՞ որ նույն բաների մեջ մեղադրող նախկիններն այլևս չկան և ինքը՝ հազարապատիկ ավելիով է անում այն, ինչ նախկիններն էին անում։ Էլի շատ պարզ է։ Նա պառակտում է հասարակությանը՝ էլի նույն մեթոդներով, որպեսզի երկիրը շնչասպառ անի։ Եվ շնչասպառ է անում։ Տեսեք վեց տարվա մեջ ինչե՜ր հանձնեց։  Դա ևս միջազգային ասպարեզում փորձված պրակտիկա է և մեծ ազգերը վաղուց են տեղյակ, որ հայերին կարելի է հաղթել միայն բաժանելով, պառակտելով։ Անցնենք առաջ։ Մենք տեսանք, թե ատելություն սերմանող իշխանության դեմ դուրս եկած ուժերը, որոնք նույնպես ատելությամբ էին լցված, չկարողացան հաղթել չար ուժին, մեղմ ասենք։ Իշխանության մեկնաբանությունները, թե նախկին էին, դրա համար ժողովուրդը չգնաց նրանց  հետևից, հեքիաթ են։ Պատճառն այն էր, որ գեներացված ատելությանը, որը Նիկոլ Փաշինյանն ամենօրյա գործունեությամբ գագաթնակետին էր հասցրել, կարելի էր հաղթել միայն ավելի զորեղ զգացմունքով։ Իսկ այդ զորեղ զգացմունքը, որը կարող էր  ավերել փաշինյանական ատելությանը, ես չէի տեսնում։ Դա այնպիսի ինքնամոռաց զգացմունք պիտի լիներ, ինչպիսի Սերն է՝ հայրենիքի նկատմամց սերը,  միմյանց հանդուրժելը, սիրելը չասեմ, որը տարիներ կպահանջվեն՝ վերականգնելու համար։  

Սերը ատելությունից ավելի զորեղ զգացմունք է։ Սերը ատելության գերեզմանափորն է։ Ահա թե ինչու Բագրատ Սրբազանի շարժումը, նրա խոսքը, համախմբումը նրա շուրջը, ինձ հույս ներշնչեց։ Ատելությանը սիրով են հաղթում։ Բայց քանի որ հասարակությունը եռում էր չարության կաթսայում՝ նրանք ամեն ինչ միանգամից էին ուզում։ Ավերել, ջարդել, փշրել ու վերացնել այն, ինչ խանգարում էր իրենց, երկրին։ Սրբազանը շատ շուտ ընկալեց, որ ատելությանը ատելությամբ չի կարող պատասխանել։ Ինքը կպարտվի Նիկոլի ստեղծած ռազմական ատելության տեխնիկայից։ Մտովի պատկերացնելն անգամ սարսափելի է, եթե Սրբազանն էլ Նիկոլ Փաշինյանի նման ստեղծեր ամենօրյա ռեժիմով ատելություն գեներացնող արդյունաբերական հզոր համալիր։ Երկու իրար ատող ուժերի բախումը պատկերացնու՞մ եք։ Սրբազանը մարդկանց սեր, հանդուրժողականություն, հանդարտություն, բարություն սկսեց քարոզել։ Դա դուր չեկավ չարացած, ատելությունից, վշտից, տառապանքից գալարվող մարդկանց․․․ Ու ես բնական եմ համարում, որ դա նրանց դուր չեկավ, որովհետև փաշինյանական ցփնած ատելությունը մաքրել էր պետք, որ կարողանային առաջ գնալ։ Ու քանի ամիս է, Բագրատ Սրբազանը մարդկանց սեր է բաժանում։ Նրա համար կարևոր չէ, թե իշխանությունը ինչ մեթոդներով է խանգարում, մինչև ուր կարող է հասնել, նրա համար սիրո ավետիսը տեղ հասցնելն է։ Աշնանն ականատես կլինենք թե ի՜նչ մեծ զիջումներ կանի իշխանությունը։ Մարդկանց մոտ ատելությունից ավելի զորեղ զգացմունք կարթնանա՝ Սեր, պատվախնդրություն, արժանապատվություն հայրենիքի հանդեպ։ Մարդիկ ոտքի կկանգնեն։ Այս անգամ ոչ թե ատելությունից դրդված, այլ հայրենիքի հանդեպ սիրուց դրդված։ Ու այդ գործը անում է Բագրատ Սրբազանը։  

Փաշինյանի ավերածը հե՜շտ չէ վերականգնել․ մեծ սե՜ր, հանդուրժողականություն է պետք։ Եթե Փաշինյանը ատելություն հրահրելով, ատելության զենքն օգտագործելով իշխանափոխություն արեց, ժողովուրդը՝ հանուն հայրենիքի նկատմամբ սիրո՛ կանի դա․․․ Իսկ հայրենիքը սիրելու, արժևորելու գործը անում է Բագրատ Սրբազանը։ Ճիշտ է, շատերը չեն հավատում, որ սերը կհաղթի ատելությանը,  հիասթափվում են Բագրատ Սրբազանից, ով հայրենիքը սիրել է սովորեցնում, բայց նրան  վիճակված է վերականգնել ավերածը, վերականգնել մեր խարխլված արժանապտվությունը։ Թևավորեք  այն մարդուն,  ով հայրենիքը սիրել է սովորեցնում․․․