Այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան

Այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան

Մենք Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական սահման չունենք, բայց իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական և լուրջ դերակատար է: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, որ հաջորդ տասնամյակում Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը, Փաշինյանը կրկնել է իր հայտարարությունը, որն ավելի վաղ էր արել․ «ՀՀ պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։

«Իրականում մենք երբեք էլ արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացում է իրականացնում։

«Բայց իրականում, եթե շատ ուղիղ և անկեղծ ասեմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, այո, բայց միայն մենք չենք դիվերսիֆիկացնում, գործնականում աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները, նույնիսկ նրանք, որոնք մինչև 2022 թվականը համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված են:

Բոլորն են իրենց  արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, և իհարկե, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող»,- ասել է նա: