Պատահականությունների դերը մարդու կյանքում

Պատահականությունների դերը մարդու կյանքում

Այս կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել իրար հետ չհատվող երեք տիրույթի՝ առօրյա հանգամանքներով, պատահականություններով եւ օրինաչափություններով որոշվող, որոնցից յուրաքանչյուրն իր դերն է խաղում, իր հետեւանքներն է թողնում մարդու կյանքի վրա: Դրանք իրականում չհատվող են, սակայն իրարից կախված են այնքանով, որ հաճախ մեկի կամ մյուս երկուսի հետեւանքը որոշակի ազդեցություն է ունենում երրորդի վրա: 

Փորձենք դիտարկել, թե ինչպիսին են պատահականությունների դերը եւ հետեւանքները մարդու կյանքում: Իհարկե, քանակական իմաստով պատահականությունները շատ ավելի փոքր թիվ են կազմում մարդու կյանքում, քան մյուս երկուսը, բայց որակական իմաստով դրանք կարող են այնպիսի ահռելի դեր խաղալ, որ  լիովին փոխեն մարդու կյանքի բովանդակությունն այնպես, որ առօրյա կյանքում տեղի ունենալիք բոլոր հանգամանքները կամ օրինաչափությունները չկարողանան շրջել այդ պատահականությունների հետեւանքով առաջացրած իրավիճակները։ Այնպես, ինչպես մինուսը չեզոքացնում է պլյուսին: 

Հենց պատահականության ֆենոմենն է գլխիվայր շրջում ցանկացած իրավիճակ՝ այն դարձնելով լրիվ անսպասելի: Պատահականության հիմնական ֆենոմենն անսպասելիությունն է, որը կարող է բերել որոշակի վիճակի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստով: Կյանքում պետք է փորձել ապրել այնպես, որ հույսդ չդնես միայն դրական պատահականությունների վրա, բացասական հետեւանքով պատահականություններին միշտ է պետք սպասել, քանզի՝ ուզես, թե չուզես, մարդու կամքից ու ցանկություններից անկախ, նրա գալուստը կարող է այնպիսի կործանարար ազդեցություն թողնել մարդու կյանքում, որ հետդարձի կամ վիճակի շտկման հնարավորություն չթողնի: 

Մի խոսքով, մարդը պետք է հասկանա, որ իրեն մշտապես կարող են ուղեկցել հատկապես բացասական հետեւանքներով հղի պատահականությունները, եւ կյանքը պլանավորելու ընթացքում պետք է մշտապես հաշվի առնել, որ դրանք որոշակի պարբերականությամբ կարող են այցելել եւ կործանարար լինել։ 

Ուստի, կյանքի «չնախատեսված հանգամանքներ» բաժնում միշտ պետք է ներառել բացասական հետեւանքներով հղի պատահականությունները՝ իրենց հնարավոր բացասական բոլոր հետեւանքներով, եւ պատրաստ լինել դիմակայել դրանց։ Մանավանդ, որ պատահականությունները հենց օրինաչափ են նրանով, որ դրանց հայտնվելու ժամկետները լիովին անհայտ են: Նրանք, ովքեր պատրաստ չեն նման պատահականությունների հայտնվելուն, անկախ իրենց կարգավիճակից, չափազանց դժվարությամբ կկարողանան հաղթահարել դրանց հետեւանքները կամ կհայտնվեն չափազանց ծանր իրավիճակում, գուցե ընդհանրապես կկործանվեն: Նման պատահականությունների հետ կատակել չի կարելի, դրանք լրջություն են պահանջում, եւ չնայած նրան, որ անկանխատեսելի են, պետք է միշտ պատրաստ լինել վատագույնին: Նման մարդիկ, որպես կանոն, շահում են...

Պրոյեկտենք վերը ասվածը մեր այսօրվա կյանքի վրա․ եթե սպասում ենք, որ ինչ-որ հրաշք պատահականությամբ Արցախի այն փոքրիկ մասը եւ Հայաստանի հիմնական տարածքը, որ դեռեւս պատկանում են հայերին, հավետ պատկանելու են մեզ, ապա դրանից բոլորովին չի բխում, որ նույն դրական պատահականությամբ հայկական հողերը միշտ մերն են մնալու...

Եկեք սթափվենք ու հասկանանք, որ դրական պատահականությունների վրա հույս դնելը լոկ խաբկանք է, քանզի մշտապես դրական պատահականության վրա հույս դնել չի կարելի, նման ճակատագրական հարցերում անհամեմատ ավելի մեծ դեր են ունենալու կոնկրետ հանգամանքները, քան թե անհայտ եւ ոչնչով չհիմնավորված դրական պատահականության գործոնները, որոնք, ամենայն հավանականությամբ, շատ կարճ կյանք կունենան, ինչպես կարճ կյանք ունեցան մեր հաղթարշավն ու Արցախի անկախության 30-ամյա շրջանը...
Վիճակն իրոք օրհասական է, պետք է ողջ ժողովրդով միաբանվենք ու փորձենք մի վերջին ճիգով փրկել մեր հայրենիքը ...       

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ