Դատական իշխանության անկախությունը ոտնահարելը բերելու է բռնապետության․ Հ․ Ենգոյան

Դատական իշխանության անկախությունը ոտնահարելը բերելու է բռնապետության․ Հ․ Ենգոյան

Ներքաղաքական հարցերի շուրջ «Հրապարակ» թերթը երեկ զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Ենգոյանի հետ։

- Տիկի՛ն Ենգոյան, ընտրություններին ընդառաջ ինչպե՞ս եք պատրաստվում, նաև Ձեր անունն է շրջանառվում Քոչարյանի հետ դաշինքի ցուցակում։

- «Մեկ Հայաստան» կուսակցությունում դեռևս չի քննարկվել կուսակցության մասնակցությունն ընտրություններին։ Եվ դիրքորոշում այս հարցում չկա։ Եվ առավելևս ցուցակ չի քննարկվել։ Այսքանը կարող եմ ասել։

- Բայց, ամեն դեպքում, եթե լինի, Դուք, կարծես թե, լինելու եք առաջինների շարքում։

- Դուք, հիմա բան եք հարցնում, որն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել։ Առաջինը՝ կուսակցությունը պետք է որոշի իր մասնակցության ֆորմատը, երկրորդը՝ արդեն դաշինքի շրջանակներում կորոշվի՝ ով ցուցակում կլինի ընդհանուր, միասնական, ով՝ ոչ։ 

- Դժվար թե, առանձին հանդես գաք, ամեն դեպքում՝ ինչ-որ դաշինքի կմիանա՞ք։

- Կուսակցությունն ընդհանուր որոշում չունի այս հարցի հետ կապված։ Առանձին մասնակցելու մասին, կարծում եմ, խոսք չի լինի։

- Սյունիքի նախկին մարզպետը, Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարները հիմնադրեցին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Այս կուսակցության հետ քննարկուների մե՞ջ եք։

- Ոչ, գոնե այս պահի տեղեկություններով՝ ոչ։

- Իսկ բացի «17»­-ի ֆորմատից այլ ո՞ր կուսակցությունների հետ եք քննարկումների, բանակցությունների մեջ։

- Ընտրությունների շրջանակում չենք ունեցել նման բանակցություններ։

- Իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք։ Ռեյտինգային ընտրակարգին փոխարինեց համամասնականը։

- «Մեկ Հայաստան» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասով հստակ դիրքորոշում է հայտնել, որ խաղից առաջ կանոններ չեն փոխվում, դա անթույլատրելի է: Քանի որ Իրավաբանական ֆակուլտետում «Ընտրական իրավունք» եմ դասավանդում, կարող եմ ասել, որ սա շուտափույթ, անհասկանալի կիսալուծում էր։ Կարծում եմ, որ պետք է ընդհանուր օրենսգիրքը փոփոխության ենթարկել, որովհետև հնարավոր չէ մի ատրիբուտը վերացնելով՝ ասենք, որ ունենք ավելի կատարյալ ընտրական համակարգ։ Ներկա իշխանությունը մի բանաձև ունի, որ ես ամեն անգամ տեսնում եմ օրենսդրական փոփոխությունների ժամանակ, «Ավելի լավն էինք ուզում, ստացվեց ինչպես միշտ»։ Այս ասացվածքը շատ տիպիկ է այս իշխանությանը, որովհետև ինչ անում են, կիսատ են անում՝ առանց մտածելու։ Մի բան անում են, հետո հասկանում են, որ չի աշխատում, գնում են հաջորդ փուլին։ Որպես փորձագետ բազմիցս խոսել եմ, ռեյտինգայինը միշտ ընդունելի չի եղել ինձ համար։

- Իսկ ի՞նչ պետք է փոխվեր, ի՞նչ կետեր կնշեք։

- Վերանայել մեծամասնական և համասնական համակարգի անհրաժեշտությունը։ Ասում են, որ հետադիմական է մեծամասնական համակարգը, բայց վերցրեք Մեծ Բրիտանիան, այնտեղ պառլամենտում կա երկու մշտական կուսակցություն՝ Լեյբորիստ, Պահպանողական։ Համամասնական ընտրական համակարգ ընդհանրապես գոյություն չունի, այսինքն՝ բոլոր պատգամավորներն ընտրվում են անհատապես, էլի կուսակցության ներկայացուցիչ են, բայց որպես անհատ են քվե ստանում։

- Բրիտանիայում երկու կուսակցություն է առանցքային, նույնը՝ ԱՄՆ-ում, որքանո՞վ էր տեղին համեմատությունը։ 

- Հենց դա էի ուզում ասել։ Երկիր, որն ունի ձևավորված կուսակցական համակարգ, ընտրատարածներից առաջադրվում են անհատներ, նորմալ գործիչներ, որոնք առաջադրվում են նաև կուսակցությունից։ Բայց ընտրողն առաջին հերթին գնահատում է անձին, երկրորդ դեպքում՝ նոր տվյալ անձի կուսակցական պատկանելությունը։ Այսինքն, անհատ և կուսակցութուն կապը շատ ուժեղ է։ Կուսակցութունն ուզում է հզոր անհատ և թեկնածու ունենալ, անհատն էլ իր հերթին ուզում է ունենալ կուսակցության հովանավորությունը։ Այնպես որ, այստեղ բազմակուսակցական համակարգի հարցը չէ։ Հարցն այն է, թե ի՞նչն ենք արժևորում՝ ձևավորված կուսակցությո՞ւնը, թե՞ անհատին։ Եթե ինչ-որ մեկն ինձ կասի, որ Հայաստանում կա ձևավորված կուսակցական համակարգ, կներեք, դա մի քիչ հիմնավորելու անհրաժեշտություն կունենա։          

- Ընդհանուր քաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ելքերն ինչպե՞ս եք տեսնում։

- Բոլոր ոլորտներում, կարող եմ նաև ասել իմ մասնագիտական ոլորտներում մասնավորապես, տանուլ տված վիճակ է։ Թե՛ կադրերը, թե՛ իշխանությունն ապիկար քաղաքականություն են վարում։ Երբեմն մտածում եմ՝ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, որ հնարավոր չէ նման վարքագիծ դրսևորել։ Բայց երբ հետո տեսնում ես հեռահար ինչ նպատակի է հասցվում ոլորտը, հասկանում ես, որ ոչ պրոֆեսիոնալիզմը չէ, այլ ընդհակառակը, կարծես, միտումնավոր քաղաքականություն է վարվում բոլոր ոլորտները տանուլ տալու։ Տպավորություն է ստեղծվում, որ ես մի ամբիոնի դասախոս եմ, որի իրավունքը գոյություն չունի արդեն 2 տարի։ Այսինքն, այն, ինչը Սահմանադրության հետ արվեց, երկրի բարձրագույն օրենքը հավասարեցվեց հողին, և ոչ մի գերակայության մասին և սահմանադրական կարգավորումների մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Միակ դեպքը, որ զգացի․ «Չէ, ոնցոր թե Սահմանադրական իրավունքն ունի միտումներ վերականգնվելու»,  Սահմանադրական դատարանի որոշումն էր Քրեական օրենսգրքի  300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ Նաև ասեմ այն ոլորտի հետ կապված, որտեղ ես ակտիվ գործունեություն եմ ծավալում՝ պետգնումներ, տենդերների։ Մի կողմից՝ ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալիզմ, մյուս կողմից՝ կոռուպցիոն դեպքեր բոլոր փուլերում և ինչ-որ անպատժելիության զգացում, որ «ինչ ուզում ենք, կարող ենք անել»։

- Պետգնումների հետ կապված ի՞նչ դեպք եք կարող ասել։

-  Ունեմ «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ, որը մասնագիտացված իրավաբանական ծառայություններ է մատուցում տնտեսվարողներին գնումների ոլորտում։ 3 օրը մեկ անգամ, եթե ոչ ամեն օր, ես առնչվում եմ ընկերության համար ստեղծված մի իրավական խնդրի բոլոր նախարարությունների, քաղաքապետարանի, համայնքապետարանների կողմից տարբեր ոլորտներում, տարբեր հարցերում։ Հաղթող են ճանաչում, ում ուզում են, առանց իրավական հիմքի՝ նույնիսկ չփորձելով տեղավորել օրենքի տրամաբանության մեջ, գոնե արտաքին շորշոփը ստեղծելով, որ կա օրենքի դրույթների պահպանում։ Ոչ ցանկալի մասնակիցների հետ ծիծաղելի հիմքերով պայմանագիր են լուծում։ Վերցրեք քաղաքապետարանի ավտոբուսների մրցույթը։ Թարմ բան եմ ասում, որովհետև հենց հիմա այդ խնդրով զբաղվում ենք։ Եթե չեմ սխալվում, մոտ 500 հազար դոլար գնային նախահաշիվն էր։ Չինական մի հետադիմական ընկերության ավտոբուսի տեխնիկական բնութագիր է գրվել, որ աշխարհում արտադրում է միայն մեկ ընկերություն՝ սկսած պատուհանի չափից, պատուհանի տեսքից: Բայց ի՞նչն է հատկանշական։ Մրցույթի պարզաբանումների փուլ կա։ Մրցույթին պոտենցիալ մասնակից ընկերություններից մեկը գրել է, որ «գիտե՞ք, ձեր գրած տեխբնութագրին մի չինական արտադրող է համապատասխանում, ուրիշ ոչ մեկը չի համապատասխանում, ոչ մի արտադրող ընկերություն, մրցակցություն է խախտվում»։ Քաղաքապետարանի պատասխանը․ «Չէ, մի քանի ընկերություններ էլ կան»։ Մի քանի ընկերություններ է նշել, ես էլ եմ տեսել կայքում։ Բայց հայտերը բացվելուց հետո, փաստը մնում փաստ, որ միակ հայտ տվողը այդ մի չինական ընկերությունն է, որը բավականին բարձր գին էր գրել։ Հիմա եթե սա կոռուպցիա չէ, ի՞նչ է։ Ուղղորդված գնում են այն ընկերությունից, որից ցանկանում են։

- Այս պարագայում դատարան դիմելու մեխանիզմ չկա՞։

- Իհարկե կա, բայց տնտեսական առումով գուցե ընկերությանն այդքան էլ ձեռնտու չէ դատական կարգով պաշտպանել իր իրավունքները։ Որովհետև մրցույթը կանցկացվի, ավտոբուսները կգնեն, փողերը կբաժանեն, ընկերությունը 2-3 տարի դատարանում պիտի կարողանա ապացուցի, որ եղել է խտրական մրցույթ, և, օրինակ, ինքը չի կարողացել հայտ տալ։ Այս առումով գուցե իրավական արդյունավետությունը գործում է, բայց տնտեսական արդյունավետությունը չի գործում։ Ու այսպիսի բազմաթիվ դեպքեր։

- Իսկ դատական իշխանության դեմ գործողությունները, կոնկրետ թիրախավորված դատավորներ կան՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյան, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, այս ամենն ինչպե՞ս եք գնահատում։

- Մեր Սահմանադրության հենց 1-ին հոդվածն ասում է, որ պետությունը պետք է ունենա ապագա, դա իրավական պետությունն է։ Դրան պետք է ցանկացած նորմալ հասարակություն ձգտի։ Իսկ իրավական հիմքը իշխանության տարանջատումն է ու հավասարակշռումն է, չկա գերակա իշխանություն, բոլորը հարթակում հավասար են։ Այս պայմաններում դատական իշխանությանը, որը հանդիսանում է ցանկացած վեճի արբիտրը, նրա անկախությունը ոտնահարելը բերելու է բռնապետության։ Ես միշտ եմ ասել, նույնը ուսանողներին եմ դասավանդելու ժամանակ եմ ասել, որ ամենաառաջնահերթն իշխանության հավասարակշռումը պահպանելն է։ Եվ այս առումով դատական իշխանության անկախություն պահելը պետք է գերակա նպատակ լինի ցանկացած պետության համար։ Այսօր այս իշխանությունն է փորձում իր կամքը թելադրել դատական իշխանությանը, վաղը մեկ այլ իշխանություն կարող է անել նույնը։ Դրա համար դատարանները բոլոր իշխանությունների օրոք պետք է կարողանան իրենց անկախությունը պահպանել։ Եվ ես ուրախ եմ, որ դատական իշխանության մեջ կան այնպիսի ներկայացուցիչներ, որոնք բոլոր իշխանությունների պարագայում եղել են շատ հստակ, պրոֆեսիոնալ, մանիպուլյացիաների չեն ենթարկվել ու առաջնորդվել են բացառապես օրենքով։