Թե ինչ պատահեց, երբ Հովիկ Աղազարյանը դուրս եկավ զբոսանքի

Թե ինչ պատահեց, երբ Հովիկ Աղազարյանը դուրս եկավ զբոսանքի

Ուրեմն մի անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշում է դուրս գալ Դեմիրճյան փողոց եւ ճեմել իր վեհաշուք քայլվածքով: Ձեռքի հետ էլ հա՛մ ինձ կցուցադրեմ, հա՛մ ուրիշներին կնայեմ՝ միտք էր արել Աղազարյանն ու դուրս եկել փողոց: Բայց որ ճիշտն ասեմ, ինձ թվում է, որ դա Հովիկ Աղազարյանի միտքը չի եղել, այլ նրան այս խառը ժամանակներում այդպիսի մի քայլի դրդել էին առավել խորամանկ ՔՊ-շնիկները: Օրինակ՝ Քոչարյան Անդոն: Մի՞թե բացառում եք, որ Քոչարյան Անդոն կարող էր Աղազարյանին ասել՝ Հովիկ ջան, գնա մի քիչ օդ շնչիր, համ էլ լուր բեր, իմանանք՝ ինչ վիճակ է Դեմիրճյանում:

Դե, Աղազարյան Հովիկն էլ, որ ՔՊ-շնիկներից ամենահամարձակն է, դուրս էր եկել: Այս տարբերակի օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Քոչարյան Անդոյից բացի որեւէ ՔՊ-շնիկ պատգամավոր իր ելույթում չանդրադարձավ Դեմիրճյան փողոցում Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ միայն Քոչարյան Անդոն գիտեր, թե ուր է ուղարկել Հովիկ Աղազարյանին, եւ այդ պատճառով էլ ուշադրությամբ հետեւել է դեպքերի ընթացքին ու այդ ամենը ներառել իր ելույթի մեջ, որը, եթե չեմ սխալվում, Դումանյանի նախարարության բերած օրենքի մասին էր, որ պետք է քննարկվեր կրթության հանձնաժողովում, բայց քննարկվել էր այս օրերին խիստ ծանրաբեռնված պաշտպանության հանձնաժողովում: Ինչեւէ, Անդրանիկ Քոչարյանին հաջողվեց Դեմիրճյան փողոցում Հովիկ Աղազարյանի ունեցած արկածները խցկել Հովիկ Աղազարյանի հետ բացարձակապես կապ չունեցող կրթության օրենքի քննարկման մեջ:

Որ ասեմ՝ Քոչարյան Անդոն վառ գույներով նկարագրեց Հովիկ Աղազարյանի արկածները, այնքան էլ ճիշտ չի լինի: Ու քանի որ դիտել եմ Հովիկ Աղազարյանին քաշքշելու, նրա հետ վիճելու եւ նրա վրա ջուր ցանելու տեսանյութը, կարող եմ ասել, որ Քոչարյան Անդոն բավականին պրիմիտիվ ներկայացրեց իրավիճակը՝ նշելով միայն, որ անհայտ ազգության ինչ-որ բուղեք բրթբրթել են ԱԺ պատգամավորին եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար:

Մտածում էի՝ այս մասին վերլուծական-ընդհանրացնող մի բան գրել, մեկ էլ աչքիս ընկավ իմ կողմից սիրված եւ հարգված կայքերից մեկի հոդվածն Անդրանիկ Քոչարյանի ելույթի մասին, որտեղ Անդոն իբր ասել է, որ Հովիկ Աղազարյանին «բրդբրդել» են Դեմիրճյան փողոցում: Ես սովորություն չունեմ կասկածի տակ առնելու հեղինակավոր կայքերի վերնագրերը, բայց երբ այդ վերնագիրը տեսա, շատ անհանգստացա Հովիկ Աղազարյանի համար: Վախ, Հովիկ ջան, ո՞նց թե «բրդբրդել» են, ո՞նց թե բզիկ-բզիկ են արել քեզ, ո՞նց թե մանր կտորների են վերածել, պատառ-պատառ արել… Կարող ա՞ կադրից դուրս բաներ են տեղի ունեցել, որ ես չեմ տեսել՝ մտածեցի ու մի շնչում կարդացի իմ կողմից շատ հարգված կայքի ողջ հոդվածը:  Տեքստում էլ հարգարժան կայքը մի քանի անգամ վստահեցրել էր, որ Հովիկ Աղազարյանին, այո, «բրդբրդել» են, այսինքն՝ կտոր-կտոր են արել, վերածել մանր բրդոշների, շաղ տվել մայթին: Ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություուուուն, չզանգեեեեմ, գործ հարուցել եեեն, չեեեն հարուցել: Իսկ եթե ուղիղ Հովիկ Աղազարյանին զանգե՞մ… Յաաա, բա որ մորգի աշխատողը վերցնի հեռախոսը…

Մի խոսքով՝ շատ վատ վիճակում էի, մեկ էլ որտեղից որտեղ հիշեցի, որ իմ սիրելի կայքն ապուշ վերնագրեր դնելու սովորություն ունի: Փաստորեն, սխալ չկա, Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում հստակ ասում է, որ ԱԺ պատգամավորին բրթբրթել են փողոցում: Այո, միայն բրթբրթել, իսկ թե ինչու են գործընկերներս իրենց դրած վերնագրով այնպես բրթբրթել, որ տեսարանը հնարավորինս արյունալի ներկայանա, չեմ կարող ասել: Դա իրենց լրատվական քաղաքականության խնդիր է, որին ես իրավունք չունեմ միջամտելու: