Ուսապարկ է բերվել ԱԺ. ինչ է կատարվում

Ուսապարկ է բերվել ԱԺ. ինչ է կատարվում

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի նախաձեռնմանը։ Նա կրկին այցելել է Ազգային ժողով՝ այս անգամ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման նպատակով։ Սակայն, ինչպես Ղազարյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում, ՔՊ խմբակցության պատգամավորները շարունակաբար մերժում են հանդիպել իր հետ՝ այդ թվում նաև այս հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը։

Ղազարյանը նշել է, որ այդ մերժումներն ունեն խտրական բնույթ՝ ընդգծելով, որ նման կերպ վարվում են բացառապես իր հետ։ ԱԺ քաղաքացիների ընդունելության բաժնի ղեկավարն էլ նրան տեղեկացրել է, որ Պարսիլյանը «նպատակահարմար չի գտնում» ընդունել իրեն։ Ի պատասխան՝ Ղազարյանը խորհրդարանի ընդունարանում «խորհրդանշական» կերպով կազմակերպել է հանդիպում «պայմանական պարոն Պարսիլյանի» հետ՝ իր հետ բերած ուսապարկի միջոցով։

Նա քննադատել է պատգամավորին՝ ասելով, որ Պարսիլյանից մինչ օրս որևէ օգուտ չի տեսել։ Ղազարյանը դիմել է հանձնաժողովի անդամներին՝ հորդորելով, որ պատռելով իր գրությունը և այն գցելով աղբարկղը, իրենք փաստացի հրաժարվել են կատարել իրենց պարտականությունները։ Նա կոչ արեց նախաձեռնել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Բացի այդ, Էդգար Ղազարյանը հայտնել է, որ արդեն չորս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդդեմ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի, ինչպես նաև ՔՊ անդամներ Էմմա Պալյանի և Դավիթ Կարապետյանի։ Այս անձինք ևս, ըստ նրա, հրաժարվել են քաղաքացիների ընդունելությունից։ Ղազարյանի փոխանցմամբ՝ իր դիմումներից մեկով (Ռուբինյանի վերաբերյալ) արդեն արձագանք է ստացվել, այն ուղարկվել է Երևանի դատախազություն։