«Հրապարակ». Դեկանի ԺՊ-ն անգամ դոցենտ չէ, նա Սուրեն Պապիկյանի ուսանողական ընկերն է

«Հրապարակ». Դեկանի ԺՊ-ն անգամ դոցենտ չէ, նա Սուրեն Պապիկյանի ուսանողական ընկերն է

Այս տարվա հունվարի վերջին Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի եւ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով ԵՊՀ կանոնադրությունը փոխելու որոշում է կայացրել, ըստ որի՝ ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն այլեւս ընտրվելու են ոչ թե ֆակուլտետների, այլ ԵՊՀ գիտխորհրդի կողմից: Մինչ այդ ռեկտորը, պրոռեկտորները, վարչության պետերը դեկանների ընտրության հարցում ձայնի իրավունք չունեին, իսկ նոր կանոնադրությամբ՝ արդեն ունեն: Այս դեպքում լրիվ ի չիք են դառնում ակադեմիական ինքնավարությունը եւ ֆակուլտետների ինքնուրույնությունը: Փաստորեն, ֆակուլտետների գիտական խորհուրդները դառնում են ձեւական միավորներ՝ չունենալով ոչ մի ազդեցություն իրենց ղեկավարի ընտրության հարցում: Քանի որ ֆակուլտետի բարձրագույն կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը դեկանն է, ստացվում է, որ ֆակուլտետի բարձրագույն ինքնակառավարվող մարմնի ղեկավարին ընտրում է մեկ այլ ինքնակառավարվող մարմին: Սա հերթական խայտառակ որոշումն է ԵՊՀ-ում, որը բուհն օրվա իշխանության քաղաքական լծի տակ պահելու գործիք է:

Մեկ ամիս առաջ հայտարարվել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի ընտրության մրցույթ, եւ մինչեւ վերջին պահը ոչ մի թեկնածու չառաջադրվեց՝ նույնիսկ ֆակուլտետի երկարամյա դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը չառաջադրվեց։ Մինչդեռ նա մրցույթ հայտարարելուց դեռ ամիսներ առաջ ում տեսնում էր՝ հայտարարում էր, որ դեկանի մրցույթին մասնակցելու ծրագիրն է գրում եւ որ մասնակցելու է ու հաղթելու, քանի որ գործող դեկան Գեղամ Պետրոսյանը չի առաջադրվելու:

Բանից պարզվում է, որ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ով ԵՊՀ ռեկտորի բարեկամն է, կանչել է Ժակին եւ ասել․ «Ժակ ջան, ախպերս, հանկարծ թղթերդ չտաս, չառաջադրվես, բռատ, Պապիկյանը մարդ ունի՝ ձեր ֆակուլտետի դեկանի տեղի համար, զանգել, ռեկտորին ասել է՝ այնպես արա, որ մրցույթը չկայանա, որ մեր Տիկոյին նշանակես պաշտոնակատար, մինչեւ դառնա դոցենտ, որ կարողանա մասնակցել դեկանի մրցույթին»: Ժակն էլ չի մասնակցել մրցույթին, եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի ընտրության մրցույթ չի կայացել, ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ Պապիկյանի ուսանողական տարիների ընկեր Տիգրան Եփրեմյանին, ում տվյալները չէին բավարարում մրցույթին մասնակցելու համար՝ նա անգամ դոցենտ չէր, նշանակել է դեկանի պաշտոնակատար։ Հիմա սպասում են, մինչեւ «Տիկոն դառնա դոցենտ», որ կարողանա մասնակցել դեկանի մրցույթին եւ հաղթել:

Իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից է, եւ այստեղ դեկան աշխատելու համար բազում որակներ եւ հարուստ կենսագրություն պետք է ունենար տվյալ անձը: Մենք դեկանի ԺՊ Տիգրան Եփրեմյանին մի քանի հարց ուղղեցինք:

- Պարոն Եփրեմյան, երբվանի՞ց եք դեկանի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում:

- Մայիսի առաջին կեսերից, մայիսի 5-ից, ինչի՞, ի՞նչ ա եղել:

- Ճի՞շտ է, որ Դուք դոցենտի կոչում չունեք եւ չէիք կարող մասնակցել դեկանի պաշտոնի համար մրցույթին, այդ պատճառով եք նշանակվել դեկանի ժամանակավոր պաշտոնակատար` սպասում են, որ դոցենտի կոչում ստանաք, նոր մրցույթ անեն։

- Դոցենտի կոչում շուտով կստանամ:

- Ե՞րբ:

- Ի՞նչն ա խնդիրը: Քննական շրջան ա, էլ չեմ կարող խոսել:

- Ճի՞շտ է, որ Դուք Սուրեն Պապիկյանի ուսանողական ընկերն եք, եւ ԵՊՀ ղեկավարությունն այնպես է արել, որ մրցույթին ոչ ոք չառաջադրվի, որ Ձեզ նշանակեն դեկանի ԺՊ։

- Շատ լավ, հաջողություն: