«Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակները հասան կառավարություն

«Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակները հասան կառավարություն

Գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանը և Մկրտիչ Վարդանյանը, Գյումրիից շրջայց անելով Հայաստանի տարբեր մարզերում, հասան Երևան՝ կառավարության շենքի մոտ։

Նրանք իրենց հետ էին բերել մի պայուսակ, որոնք խորհրդանշում են իմքայլականներին ու Նիկոլ Փաշինյանին՝ թղթե «Սու-30» կործանիչ, թղթե «Իսկանդեր» (վրան գրված է «10 %»), Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթի գիրքը, «Սեւ թուղթ» (պատերազմի զոհերի խորհրդանիշ), բանան, «մեծ ցավ», «ոտնահարված» (ցեխոտված) Սահմանադրություն, թուղթ ու գրիչ (Փաշինյանի հրաժարականի տեքստի համար), «Կախարդական փայտիկ»,  և այլն։ 

Այսօր արդեն ընդդիմադիր գործիչներն ակցիա արեցին կառավարության մոտ՝ փորձելով հանրությանը ներկայացնել պայուսակի պարունակությունը և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ֆլեշմոբի հեղինակները Գյումրից Երևան եկան Փաշինյանի՝ 2018 թվականի ապրիլյան իշխանափոխության օրերին անցած ճանապարհով։

«Մենք մոտ երկու շաբաթ առաջ նկարահանել էինք մի տեսանյութ, որտեղ ցույց էինք տալիս Նիկոլի ուսապարկը, որ 2018 թվականին իր հետ բերել էր։ Մենք դատարկեցինք ուսապարկում եղած իրերը՝ իրենց մեկնաբանություններով։ Եվ նաև ավելացրեցինք մեր կողմից այլ իրեր արդեն ճամպրուկի մեջ։ Էդ ընթացքում քաղաքացիները միացել են մեզ։ Ամեն մեկն իրենց նվերներն են տեղադրել այստեղ», - «168 ժամ» լրատվամիջոցի հետ զրույցում ասաց Պողոսյանը։ 

Օրինակ՝ պայուսակում առկա «Ջոկերի» դիմակը, ըստ ընդդիմադիր գործչի, խորհրդանշում է Փաշինյանի կեղծավորությունը։

Մկրտիչ Վարդանյանը նշեց, որ արդեն ոստիկանությանը տեղեկացրել է, թե ինչու են եկել կառավարության շենքի մոտ։ «Ինչը որ Նիկոլը բերեց, բերել ենք, որ ետ տանք», - ասաց նա։ Վարդանյանը նաև նշեց, որ պայուսակը որոշել են թողնել կառավարության մոտ՝ նելով, որ Փաշինյանն իրենց չի ընդունի։

Սակայն քիչ անց ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց՝ «անձը պարզելու» համար։ Ոստիկանները նաև պայուսակը տարան իրենց հետ։