«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին

«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը եւ դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արեւիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Եվ, ահա, դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ ՍԴ նախագահը, ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել: Եվ չնայած օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը վերադարձել էին արձակուրդից, սակայն Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:


Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում