Արա Խզմալյանն իր մտերիմին միավորված բուհի ռեկտոր է ուզում կարգել

Արա Խզմալյանն իր մտերիմին միավորված բուհի ռեկտոր է ուզում կարգել

Մոտ 3 ամիս առաջ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ ձեւավորվեց՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որը մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է մշակեր եւ վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման մասին տեղեկանք՝ նոր ձեւավորվող բուհերի ցանկի եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Այդ թվում՝ նաեւ հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման, ինչպեսեւ ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն։

Բայց, ինչպես գրել էինք տարեվերջին, քննարկումները դեռ չեն ավարտվել, ավելին, եթե սկզբում խոսքը գնում էր մանկավարժական հենքի վրա Բրյուսովի, մանկավարժականի եւ ֆիզկուլտինստիտուտի միավորման մասին, ապա այդ ձախողված փորձից հետո իշխանությունն այլ կոնֆիգուրացիաներ է մտածում, շրջանառվում են, այսպես ասած, թե՛ «ուժային» (ոստիկանական, ռազմական ակադեմիաներ), թե՛ արվեստի բուհերը միավորելու տարբերակներ։

Արվեստի բուհերի դեպքում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է։ Եթե նախնական տարբերակում քննարկվել են Գեղարվեստի ակադեմիան ճարտարապետաշինարարականի հետ միավորելու հնարավորությունները, ապա հիմա դիտարկվում է Գեղարվեստի ակադեմիան Թատերական ինստիտուտի հետ միավորելու հարցը։ Սա, որոշակի ներքին խմորումներից բացի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ վերջերս տեղի ունեցած ռեկտորի ընտրություններում Գեղարվեստի ակադեմիայում վերընտրվեց գործող ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով այս իշխանությունների եւ անձամբ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի մտերիմներից է։

Ի դեպ, Արա Խզմալյանը Գեղարվեստի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ հոգաբարձուների խորհուրդը, ինչպես պարզվեց օրերս, շրջանցել է օրենքի պահանջը եւ գիտական աստիճան չունեցող Արամ Իսաբեկյանին միաձայն ընտրել ռեկտոր, որին, շրջանառվող խոսակցությունների համաձայն, ցանկանում են կարգել արդեն միավորված արվեստի 2 բուհերի ռեկտոր։

Ինչ վերաբերում է Լիլիթ Արզումանյանին, ապա նա 2018-ին է ընտրվել Թատերական ինստիտուտի ռեկտոր, բայց քանի որ 65 տարին անցած տարի լրացավ, ապա ռեկտորի իր պարտականությունները շարունակում է կատարել անժամկետ, քանի որ, ինչպես նա նկատեց, ռեկտորի պարտականությունները կատարողը ժամկետ չունի, եւ այստեղ որեւէ խախտում կամ անօրինականություն չկա։

Թատերականի ռեկտոր Լիլիթ Արզումանյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է կամ ստացե՞լ է քննարկման որեւէ առաջարկ՝ թատերականն ու Գեղարվեստի ակադեմիան միավորելու հարցի առնչությամբ։ «Բացարձակապես, ոչ մի կոնկրետ կամ պաշտոնական որեւէ խոսք կամ առաջարկություն չեմ ստացել։ Ես տեղյակ չեմ, համենայնդեպս, ինձ ոչ մեկը ոչինչ չի ասել, դրա համար չեմ կարող ոչինչ ասել։ Միայն գիտեմ, որ կառավարության 2021թ․ որոշումով մեր կանոնադրությունները փոխվեցին, եւ բուհերի կառավարման խորհուրդները՝ հոգաբարձուների խորհուրդը, դարձավ 20 հոգանոց, եւ որոշվեց, որ ռեկտորն այսուհետ պետք է գիտական աստիճան ունենա, որն ընդունում եմ որպես ճիշտ որոշում կառավարության կողմից, որովհետեւ բուհը գիտակրթական հաստատություն է, եւ ի՞նչ տարբերություն՝ արվեստի՞ բուհ է, թե՞ ոչ արվեստի, եթե դա բարձրագույն կրթական հաստատություն է, ուրեմն ռեկտորը գոնե գիտությունների թեկնածու պետք է լինի։ Ես դրա կողմնակիցն եմ եւ գտնում եմ, որ ճիշտ որոշում էր»,- ընդգծեց Լ․ Արզումանյանը։  

Թե ինչպես է ստացվել, որ Գեղարվեստի ակադեմիայի կառավարման խորհուրդը շրջանցել է օրենքը ու հայտարարության մեջ «կամ-կամ» տարբերակով առաջնորդվել, Լ․ Արզումանյանը խուսափեց որեւէ գնահատական տալ․ «Ես չգիտեմ՝ ոնց է դա ստացվել, եւ չեմ էլ պատկերացնում, որ այդպես է եղել, ամեն դեպքում՝ չպետք է այդպես լիներ․․․»։

Հետաքրքրվեցինք․ թատերականում ռեկտորի նոր ընտրություններ ե՞րբ են լինելու։ «Գաղափար չունեմ, հետո, գիտեք՝ եթե միավորման խնդիր է դրված, ի՞նչ ընտրություններ, եթե ինստիտուտների միավորման հարցը դեռ լուծված չէ, դեռ քննարկումների մեջ են, ի՞նչ ընտրություն, մի քանի ամիսը մեկ բրնձեն, որ ի՞նչ, դա ի՞նչ անլրջություն է։ Բոլոր բուհերի միավորման խնդիրները պետք է համակարգված լուծվեն, նոր ռեկտորի ընտրություն լինի»։