Մեկը՝ Պառավաքարից, մյուսը՝ Սասունիկից․ զոհվածներից մեկի կինը 8 ամսական հղի է

Մեկը՝ Պառավաքարից, մյուսը՝ Սասունիկից․ զոհվածներից մեկի կինը 8 ամսական հղի է

Պատերազմում երեկ զոհված 30-ամյա Հովիկ Խաչատրյանը Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից էր։ Համայնքապետ Արման Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովիկն ապրում էր մոր, եղբոր եւ 8 ամսվա հղի կնոջ հետ։

«Մանկավարժի ընտանիք է, մեծ եղբայր ունի՝ ամուսնացած, եւ ինքը` իր տիկնոջ հետ։ Հայրն էլ պատերազմում զոհված է, Ոսկեպարից էր․․․ ինքը շատ լավ զինվորական էր»,-նշեց համայնքապետը։

Նրա խոսքով՝ գնացել է զոհվածի տուն, տեսել ընտանիքի անդամներին։

Նշեց նաև, որ Հովիկ Խաչատրյանի դին դեռեւս մարզում չէ, բայց հավանական է, որ այսօր մարզում կլինի, իսկ վաղն էլ կկազմակերպվի հուղարկավորության արարողությունը։

Հուլիսի 27-ին զոհված մեկ այլ զինծառայող՝ 20-ամյա Կարեն Մարգարյանը, Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր։ Նա տան կրտսերն էր։

Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի երեկ եւ այսօր hրապարակած տվյալների համաձայն՝ 31 զոհ ունենք։