Քոչարյանի աջակիցների գործը դատարանում է․ ի՞նչ է գրված մեղադրական եզրակացությունում

Քոչարյանի աջակիցների գործը դատարանում է․ ի՞նչ է գրված մեղադրական եզրակացությունում

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործն արդեն դատարանում է։ 

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մութաֆյանը նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու եւ դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի եւ այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետեւի մուտքից ու հեռացել:

Նույն մեղադրական եզրակացությունն է նաև Սարգիս Օհանջանյանի պարագայում։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը մոտեցել էին Դանիբեկյանին և փորձել ճշտել, է թե արդյոք նա վարչապետ Փաշինյանի ասած «վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ է, թե՞ ոչ։