Քպ-ն ստացել է Սյունիքը տնօրինելու՝ սյունեցիների մանդատը

Քպ-ն ստացել է Սյունիքը տնօրինելու՝ սյունեցիների մանդատը

Տաշքենդում տեղի ունեցած Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողովի ժամանակ արված հայտարարությունները վկայում են, որ ագրեսորները հաստատակամորեն շարժվում են իրենց կողմից Հայաստանին պարտադրված ճանապարհային քարտեզով.

1.  Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլու. «Թուրքիան կապահովի անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» (Սյունիքի) և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման և զարգացման համար»:

2.  Ադրբեջանի արտգործնախարար Բայրամով. «Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»: 

 

Տեղեկացված փորձագետները լավ են գիտակցում, որ խոսքը սվորական տարանցման մասին չէ: Հենց այնպես, Իրանը չէր հայտարարի, որ Հայաստանի հետ սահմանն անձեռնմխելի է: Վստահաբար, Իրանի ղեկավարությունն ավելի տեղեկացված է, քան ՀՀ հանրությունը:

Ավելին, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ, ըստ Ալիևի հայտարարությունների, Մոսկվայի հետ ձեռք է բերվել «փոխըմբռնում», ինչն էլ հիմք է, որպեսզի նա սպառնա ուժի միջոցով, անկախ Երևանի ցանկությունից, լուծել այդ հարցը: 

 

Եթե Ալիևը նկատի ունի Երևանի «ֆայլա բազարի« ցանկությունը, ապա կարող է հանգիստ լինել: Խնդիր չկա: Խնդիր չկա նաև խնդրո առարկա հանդիսացող Արևելյան Զանգեզուրի առումով (պետք է սովորել գործածել այս ակտուալ անվանումը. թե չէ՝ «ինչ-որ» Սյունիք): Իսկ ինչու՞  խնդիր չկա, կհարցնեն ֆայլաբազարչիները: Շատ պարզ: ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով սյունեցիների, կներեք, արևելազանգեզուրցիների ձայների 53.42%-ը բաժին է հասել ՔՊ-ին: Եթե հաշվի առնվեն ՔՊ-ի սատելտների (ՀԱԿ, ԼՀԿ և այլն) ձայները, ապա իշխող քաղաքական ուժին ընդհանուր առմամբ բաժին է հասել սյունեցիների ձայների մոտ 60 %-ը: 

 

Այսինքն, դա նշանակում է, որ եթե իշխանությունը որոշի մանրածախ վաճառքի հանել նրանց հավերը, կովերը, տները և … բարոյական բոլոր սահմաններն անցնող «բաները», ապա դրա համար կան իրավական բոլոր հիմքերը: Եթե խոսքը չվերաբերի 4506 կմ2-ին, ապա 2700 կմ2 տարածքի հարցը հստակ է, հաշվի առնելով ձայների հարաբերակցությունը:

 

Քանի որ դա «ժողովուրդի» ազատ կամարտահայտման արգասիքն է, ապա անհասկանալի է, թե որոշներն իշխանություններին ինչու են քարկոծում այս հարցում: Ըստ էության, Արևելյան Զանգեզուրի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ընդունել հարևան երկրներից մեկի քաղաքացիությունը: 

 

Գագիկ Վարդանյան