Մարզպետարանի տեսախցիկները փչացած են եղել․ չեն նկարել գյուղապետին ծեծելու դեպքը

Մարզպետարանի տեսախցիկները փչացած են եղել․ չեն նկարել գյուղապետին ծեծելու դեպքը

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ «Քրեական գործը կասեցված է այս պահին․ հանձարարություն է տրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ որոշակի գործողություններ կազմակերեպելու, մասնավորապես՝ դեպքին առնչություն ունեցող անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ, քանի որ քննությամբ չի պարզվել, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները եղել»,-«Հրապարակ»-ին ասաց պաշտպան Միքայել Շխիմյանը։

- Արսեն Տիտանյանն ասում էր, որ ինքը գիտի, թե իրեն ովքեր են ծեծի ենթարկել։

- Դե, պարոն Տիտանյանը գիտի, ինքը այդ կապակցությամբ հաղորդում է տվել, ներկայացրել է, հետագայում ցուցմունք է տվել, թե ով է իր նկատմամբ բռնություն կիրառել, սակայն գործի քննությամբ, ինչ-ինչ պայմաններում ի հայտ չդարձավ այդ ամենը։ Մարդուն կանչում, հարցաքննում են, ինքն ասում է՝ ես նման բան չեմ արել։

- Տեսախցիկներ չկայի՞ն։

- Դրանից հետո տեսախցիկներն են առգրավվում, ուղարկում են փորձագետին, վերջինս էլ պատասխանում է, որ տեսախցիկների մեջ կոշտ սկավառակները բացակայում են, ոչ մի բան չեն տեսագրել։ Մյուս աշխատակիցները նույնպես գալիս են, մարզպետին համահունչ ցուցմունք են տալիս, ասում են՝ մենք չենք տեսել, որ մարզպետը գյուղապետին ծեծի։

- Բացառո՞ւմ եք, որ տեսախցիկների պարունակությունը հատուկ ոչնչացվել է։

- Ես չեմ կարող ենթադրություն անել, որ անձը հանցագործություն է արել, ապացույց է ոչնչացրել, վարույթ իրականացնող մարմին կա, քննությունը շարունակվում է, թեեւ կասեցված է այս պահին։ Փաստորեն այդ տեսախցիկները որպես առարկա կախված է եղել, մատնանշել են, որ փչացած է եղել, նորը չեն հասցրել ձեռք բերել։

- Ընթացքում առերեսումներ եղե՞լ են։

- Առերեսումներ չեն եղել, պիտի կայանային, իմ ենթադրությամբ՝ ում հետ պիտի, որ առերեսվեինք, վկա-կասկածյալի կարգավիճակ են ունեցել, որովետեւ բացառապես այդ պայմաններում իրենք կարող էին հրաժարվել առերեսմանը մասնակցելուց, իմ տեղեկություններով՝ հրաժարվել են, դրա համար էլ տեղի չի ունեցել։

- Մարզպետն ի՞նչ կարգավիճակ է ունեցել։

- Չեմ կարող ասել, նյութերին ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթանալ, հավանաբար չի էլ տրամադրվի, որովհետեւ քննությունը չի վերջացել։ 

- Կասեցման որոշումը բողոքարկե՞լ եք։

- Ես խորհրդակցել եմ պարոն Տիտանյանի հետ, վերջնական որոշումը չեմ ստացել բողոքարկելու ենք թե չէ դատախազություն։


Գյուղապետն էլ մեզ ասաց, որ շարունակում է պաշտոնավարել, դեպքից հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հանդիպում չի ունեցել։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետին մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում պահանջել էր նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի էին ենթարկել Օձունի համայնքապետին։ Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա: