Փաշինյանի՝ կորոնավիրուսի «իսկությունը» կասկածների տեղիք է տվել․ռուսաստանյան ԶԼՄ

Փաշինյանի՝ կորոնավիրուսի «իսկությունը» կասկածների տեղիք է տվել․ռուսաստանյան ԶԼՄ

Ռուսաստանյան  MK.RU (Московский Комсомолец) կայքը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելուն՝ գրելով․ «Հայաստանի 45-ամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրը հայտարարել է, որ իր ու ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Փաշինյանը  և ընտանիքի անդամները չունեն որևէ ախտանիշ։ Այդուհանդերձ, որոշել են ինքնամեկուսացվել։ Թվում էր, թե Փաշինյանի հիվանդության համար պետք է ափսոսային, բայց Հայաստանում շատերը կարծում են, որ կառավարության ղեկավարը խորամանկում է»։

Ըստ կայքի՝ Փաշինյանը պնդում է, որ պահել է  հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, բայց դրանք, միևնույն է, իրեն չփրկեցին վարակվելուց։ Նշվում է նաև այն, որ Փաշինյանի կարծիքով՝ կարող էր վարակվել մատուցողից, որն ուտելիքը բերելիս ձեռնոց չի կրել։ Իսկ հետո ինքը վարակել է ընտանիքում բոլորին։

Կայքը հավելում է․«Այդուհանդերձ, Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել պետությունը ղեկավարելուց։ Առաջիկա երկու շաբաթները նա երկիրը կկառավարի Սևանի իր կառավարական առանձնատնից։ Նրա կինը՝ Աննա Հակոբյանը նույնպես շեշտակի դադարեցրել է ծանոթների ու հարազատների հետ շփումները և հրաժարվել Հայաստանում երեխաների օրվան նվիրված համերգում մասնակցությունից»։

Ապա ներկայացվում են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները․ 3 միլիոնանոց բնակչության հաշվարկով՝ 9492 մարդ։ Թղթակիցը տպավորություն է ստացել, որ սահմանափակող միջոցները պահպանվում են միայն մայրաքաղաքի կենտրոնում, որտեղից որքան հեռանում ես, այնքան անկարգապահությունն ավելի ակնհայտ է դառնում։ Նա մեջբերել է Հայաստանի վարչապետի այն խոսքերը, որ «թու, թու, թու, մեզ հաջողվեց խուսափել», հետո՝«թու, թու, մեզ դեռևս հաջողվում է վերահսկելի պահել հիվանդացությունը» ու հիշատակել հայ-վրացական կորոնավիրուսային  հայտնի սկանդալը։ Ուշադրությունից չի վրիպել նաև Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով վարչապետ Փաշինյանի Արցախ մեկնելը, որտեղ էլ «Հայաստանի ու Արցախի  ողջ լուսավորյալ էլիտան ուտում-խմում էր առանց դիմակների ու ձեռնոցների»։ Եզրահանգում․ «Ըստ էության, Փաշինյան ընտանիքի վարակվելը դարձավ կորոնավիրուսի դեմ  իր պայքարի տրամաբանական շարունակությունը։ Ի դեպ,  ՀՀ խորհրդարանաի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Փաշինյանի աներորդին, մայիսի 31-ին  շփվել է քրոջ հետ։ Եվ սա նրան բոլորովին չի կաշկանդել հաջորդ օրը՝ հունիսի մեկին գնալ Ազգային ժողով։  Չէ՞ որ «Իմ քայլը» Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվեն չեղարկելու կարևոր քվեարկություն ուներ»։

Ըստ թղթակցի՝ չար լեզուներն ասում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածում Փաշինյանի վարկանիշն ընկել է, և հիմա փաստ չէ, որ շատերը կպաշտպանեն՝ երկիրը ՍԴ-ից մաքրելու իր ձեռնարկում։ Ուստի, Փաշինյանը ամեն եղանակով փորձում է ստուգել իր վարկանիշի ամրությունը։ Եվ հոդվածի վերջում եզրահանգում․«Այս ֆոնին բոլորովին չի զարմացնում այն փաստը, որ շատերը չեն հավատում նրա վարակված լինելուն։Վարկանիշն ընկած է, և եթե 2019-ի վերջին Փաշինյանի հասցեին յուրաքանչյուր քննադատություն մեծամասնության կողմից դիտվում էր որպես անընդունելի, ապա  հիմա, հակառակն է՝ շատերն ընդունում են, որ վատատեսները շատ հարցերում ճիշտ էին։ «Հիմա ավելի ու ավելի աչքի է զարնում իր ֆեյսբուքյան գրառումների տակ հիացական մեկնաբանությունների ու երկրում իրական վիճակի անհապատասխանությունը։ Փաշինյանը կորցնում է նախաձեռնությունը, իսկ սրան զուգահեռ՝ հանրապետությունն ավելի ու ավելի խորն է ընկղմվում կորոնավիրուսի համավարակի ու տնտեսական ճգնաժամի մեջ։ Շուտով կարող են սկսվել բողոքի զանգվածային ալիքներ, և այդ ժամանակ Փաշինյանը իր իրավանախորդների նման  գործի կդնի մահակները»,-հոդվածն ամփոփվում է  գաղտնի մնացած հայաստանյան քաղաքագետներից մեկից արված սույն մեջբերմամբ։