Նախարարության որոշումը չի՞ գործում, թե՞ բանի տեղ չեն դնում 

Նախարարության որոշումը չի՞ գործում, թե՞ բանի տեղ չեն դնում 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մինչև օգոստոսի 1-ը ժամանակ էր տվել գազով մեքենա վարողներին, որպեսզի հասցնեն փորձաքննության տանեն իրենց մեքենաների վրս տեղադրված բալոններն ու ստանան համապատասխան վկայագրերը, այլապես գազալցակայանները չեն լիցքավորի իրենց մեքենաները։ Նախարարարության այս որոշումը դժգոհության ու աղմուկի տեղիք տվեց վարորդների շրջանում, քանի որ մեքենաների քանակը մեծ է, փորձաքննություն իրականացնող լիցենզավորված ընկերությունենրի թիվը՝ փոքր, բացի այդ առկա են բազամթիվ տեխնիկական խնդիրներ, ուստի ֆիզիկապես հնարավոր չէր մինչև օգոստոսի 1-ը իրականացնել 400 հազարից ավելի գազով աշխատող մեքենաների փորձաքննությունը։ 

Ստիպված նախաարությունը «զադնի դրեց» իր որոշումից՝ հայտարարելով, որ նրանք, ովքեր չեն հասցրել վկայագրել իրենց բալոնները, կկարողանան լիցքավորել իրենց մեքենաները մինչև իրենց հերթագրման օրը։ Բացի այդ, ներդրեցին հերթագրման համակարգ։ Այսինքն՝ ի սկզբանե որոշումը կայացրել էին սխալ ձևով, հաշվի չառնելով մի շարք խնդիրներ ու բարդություններ։

Օգոստոսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նախարարության որոշումը, որոշ գազալցակայաններ ձևական սկսեցին մի երկու օր լիցքավորման եկած վարորդներից պահանջել փորձաքննության վկայագիր։ Բայց երկու օր էլ դա չտևեց։ Արդեն անցել է շուրջ տասը օր, և մեր փորձից ելնելով կարող ենք ասել, որ գազալցակայաններում որևէ փաստաթուղթ էլ չեն պահանջում։ Այս ընթացքում միայն մեկ անգամ են հարցրել՝ թուղթ ունե՞նք, թե՞ ոչ, ասել ենք՝ այո, ոչ էլ ստուգել են, միանգամից լիցքավորել են։

Ի դեպ, փորձաքննություն իրականացնելիս մեզ լիցենզավորված ընկերությունից, երբ տրամադրում էին կնիքած վկայագիրը, ասացին, որ գոյություն ունի միասնական էլեկտրոնային համակարգ, որով պետք է զինված լինեն բոլոր գազալցակայանները, և այդ համակարգում մեր ավտոմեքենայի տվյալներն արդեն մուտք են արվել, այսինքն՝ այս թուղթը ընդամենը լրացուցիչ փաստ է, որ մեր մեքենան անցել է փորձաքննություն, և կարիք չկա ամեն անգամ ցույց տալու, գազալցակայաններն իրենք մեր մեքենայի համարներով ֆիքսելու են՝ անցե՞լ է փորձաքննություն, թե՞ ոչ։ Իսկ վկայագիր պահանջելու են միայն այն ժամանակ, երբ մեր մեքենայի տվյալները ինչ-ինչ պատճառներով իրենց համակարգում մուտք արված չլինի կամ ծրագիրը ցույց չտա։

Փորձը ցույց տվեց, սակայն, որ գազալցակայանները այդ ծրագիրը չունեն, անգամ գաղափար էլ չունեն՝ ինչի մասին է խոսքը։ Փաստացի ստացվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշումը թերի է, չի գործում կամ բանի տեղ չեն դնում՝ անտեսելով դրանում ամրագրված իմպերատիվ պահանջը։ Արդյունքում, սա այս կառավարության՝ հպարտ քաղաքացիներից փող «քերելու» հերթական ծրագիրը եղավ, որով ընդամենը ավելացրին մարդկանց ֆինանսական բեռը՝ ավելորդ անհարմարություններ պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Ու քանի որ նախարարության խոսնակը չի պատասխանում մեր զանգերին, մենք չկարողացանք ճշտել, թե ինչպես է ստացվել, որ իերնց որոշումն այդպես օդի մեջ է մնացել՝ առանց կիրառման։