Փաշինյան, եզդիների արոտավայրով հեծանիվդ քշի` ազատի չոլում կապած շներին
Ռուսական եկեղեցու ետնամասում, Իսակովի պողոտային հարող հատվածներում միջանձնային սկանդալ է հասունանում մեր եղբայրական ժողովրդի ներկայացուցիչների՝ եզդի հովիվների և հայ կենդանասերների միջև։
Ամայի այս տարածքում, որը համարյա Երևանի կենտրոնն է, հովիվները տարիներով ոչխար են արածացնում։ Նույնը նաև Ներքին Շենգավիթում է։ Տարածքներն այս վերածվել են մասնավոր արոտավայրի։ Ամենասարսափելին այն է, որ դրանք նաև շների բանտ են։ Ամեն 500 մետրի վրա հովիվները կարճ պարանով շներ են բերել, կապել, որոնք, իբր, օր ու գիշեր հսկում են արոտավայրը, բայց իրականում դատապարտված են դանդաղ մահվան։
«Շներին չեն կերակրում, սոված, ծարավ առանց բնի չոլի, կեղտի մեջ անձրևին... դեմները անգամ ջուր չկա դրված։ Մի քանի օրը մեկ գալիս են, մորթած ոչխարի փտած փոր են նետում շների դիմաց, ոչխարի կղանքը մեջը ու գնում են։ Պարանները կարճ են՝ մաքսիմում մի մետրանոց պարանով են կապում խեղճ կենդանիենրին։ Նրանք ստերջացված չեն, անկանոն բազմանում են իրենց մոտեցող շների հետ, ձագերն էլ անընդհատ սատկում են»,- ասում է Գևորգ Թորոսյանը։
Նա գրեթե ամեն օր գալիս է այստեղ, կերակրում է շներին։ Մյուս կենդանասերների հորդորներին` կապերն ազատել, թողնել, որ փախչեն, առարկում է․ «Նախ, նրանք սովոր են տարածքին և կրկին վերադառնալու են, երկրորդը՝ եթե արձակեմ, կգնան, կընկնեն մեքենայի տակ»։
Գևորգ Թորոսյանը օրերս կոշտ վիճաբանություն է ունեցել հովիվների հետ, բանը քիչ էր մնում հասներ ծեծկռտուքի, սակայն այն բանից հետո, երբ կենդանասերներից Մարի Տեր–Անտոնյանը, որը կենդանիների իրավունքների պաշտպանության «Դոգմա» ՀԿ նախագահն է, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, իրավիճակը հանդարտվել է, հարցը սակայն չի լուծվել։
Շները նույն տեղում են, երկաթյա կարճ ու ծանր շղթաներով կապված։ Իսկ ոստիկանությունը զուտ ձևական աշխատանք է կատարում։ Այսպես, Երևանի կենտրոնում, ԱՄՆ դեսպանատան և ռուսական եկեղեցու մոտակայքում ամեն օր կարելի է միջնադարյան դաժանության տեսարաններ դիտել։
«Երևան քաղաքի համար դեռևս 2021 թվականից ավագանու որոշմամբ գործում են կոնկրետ կենդանիների պահման կանոններ, որոնք ոչ միայն իրենց մեջ ներառում են այն կանոնները, որոնք պետք է պահպանվեն տեր ունեցող կենդանիների պարագայում, այլև այնտեղ հստակ խոսվում է նաև կենդանիների հաշվառման և չիպավորման վերաբերյալ: Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը պետք է անհապաղ ստուգումներ իրականացնեն այդ հատվածներում և անեն օրենքի շրջանակներում ամեն հնարավորը, որպեսզի վերացնեն այդ խայտառակ իրավիճակը, որում գտնվում են այդ կենդանիները: Բնականաբար, այսպես կոչված «տերը» նաև պետք է տուգանվի և զգուշացվի հետագայում նման իրավիճակ այլևս չստեղծելու պարտադրանքով»,- ասում է «Դոգմա» Հասարակական կազմակերպության նախագահ Մարի Տեր-Անտոնյանը:
Նա նաև դիմում է գրել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանին, վերջինս էլ դիմել է Տիգրան Ավինյանին։ «Ռուսական եկեղեցու հետնամասում պահվող կենդանիների խնամքն իրականացվում է բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով»,- գրում է ավագանու անդամը Երևանի քաղաքապետին, պահանջելով անհապաղ ստուգումներ իրականացնել նշված տարածքում։
Հիշեցնենք՝ գոյություն ունեն Երևան քաղաքում տնային կենդանիների պահման կանոններ, որոնց համաձայն տնային կենդանիները պետք է անասնաբուժական զննության ենթարկվեն, չիպավորված լինեն, պատվաստված, ունենան անասնաբուժական անձնագիր, արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության և այլն, իսկ այդ «կանոնների պահանջների նկատմամբ հսկողությունը և դրանց կատարման ապահովումն իրականացնում են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների ղեկավարները»։ Իրականում սա ամենաչաշխատող օրենքներից է։ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի չնկատի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, իսկ մեզ մնում է միայն հորդորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեմն հեծանիվն այս տարածքով քշի եւ հընթացս արձանագրի խախտումները։ Գոնե կենդանիների համար օգտակար գործ արած կլինի։
Կարծիքներ