Այցը պլանավորելիս չգիտեի՞ք

Այցը պլանավորելիս չգիտեի՞ք

Սփյուռքի տարբեր գաղթօջախներից մեզ բողոքներ են հասնում` կապված սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքի հետ: Սփյուռքահայերից շատերը կարծում են, որ նա ձախողել է աշխատանքները եւ որեւէ կերպ չի նպաստում հայրենիք-սփյուռք կապի հաստատմանը: Երեկ հերթական ահազանգը ստացանք ֆրանսահայ համայնքից: Մեզ ասացին, որ ծրագրված էր Զարեհ Սինանյանի 10-օրյա այցը Ֆրանսիա, սակայն անսպասելիորեն տեղեկացել են, որ այցը հետաձգվում է: Մեզ խնդրում էին պարզել հետաձգման պատճառները: Մենք կապվեցինք Զարեհ Սինանյանի գրասենյակի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչու է այցը հետաձգվել։

Մեզ պատասխանեցին․ «Այցը հետաձգվել է, որպեսզի հարմարեցվի Ֆրանսիայի հայ կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, խոսքը Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի ղեկավարած կազմակերպության տարեվերջյան ընթրիքի մասին է, որը ենթադրվում է, որ տեղի կունենա, հավանաբար, դեկտեմբեր ամսին։ Դեռեւս հստակ օր չկա»։

Նկատենք, որ եթե ֆրանսահայերի ամենամյա ընթրիքի մասին է խոսքը, որին, որպես կանոն, մասնակցում են նաեւ Ֆրանսիայի նախագահները, ապա դրա ժամկետը վաղուց էր հայտնի, եւ այցը նշանակելիս պետք է արդեն իսկ հաշվի առնված լիներ: Ակնհայտ է, որ հետաձգման իրական պատճառն այլ է: