Ինչու՞ դադարեցվեցին «Մխիթար սպարապետ» ֆիլմի նկարահանումները

Ինչու՞ դադարեցվեցին «Մխիթար սպարապետ» ֆիլմի նկարահանումները

1977-78 թվականներին կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը երբ նկարահանում էր «Մոսֆիլմ» եւ «Հայֆիլմ» կինոստուդիաների համատեղ ուժերով ստեղծվող «Մխիթար սպարապետ» («Հուսո աստղ») երկսերիանոց ֆիլմը, կենտրոնական իշխանություններից դադարեցման մի խիստ հրահանգավորում եղավ: 

Բոլորս զարմացած ու զայրացած էինք։ 

Մոսկվայի կողմից սցենարը հաստատված, կինոնկարի կեսից ավելին նկարահանված, եւ, վերջապես, երկրի թիվ մեկ՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի եւ «Հայֆիլմ»-ի առաջին համատեղ մասշտաբային աշխատանքն էր: Ինչպես հեքիաթներում է ասվում,  «օձն իր պորտով, ղուշն իր թեւով» ի զորու չէր երկսերիանոց այդ կինոնկարը դադարեցնել: Այդուհանդերձ, բավականին երկար ժամանակով նկարահանումները կանգ առան, որի պատճառով էլ երկու ստուդիաների պետական պլանային աշխատանքները ձախողման եզրին էին հայտնվել, իսկ դա նշանակում էր երկու ստուդիաների հազարավոր աշխատողների աշխատավարձի կասեցում: Արտակարգ մի բան Խորհրդային Միությունում:

Վերջապես՝ ի՞նչ էր պատահել, այդ ի՞նչ հզոր ուժ էր, որի սրտով չէր ֆիլմը։

Բանն այն է, որ Քյարքի (Տիգրանաշեն) գյուղի դիմացի տարածքի հարթավայրում  նկարահանվում էր հայկական զորամիավորման եւ Աբդուլլա փաշայի կանոնավոր բանակի ճակատամարտը: Մի պահ մտովի վերարտադրեք այդ տեսարանը՝ թուրքական բազմաթիվ վրաններ, կիսալուսնով կեռ դրոշակներ, Աբդուլլա փաշայի զորախմբի ձիավորների  մանեւրներ եւ այլն: 

Այդ ամենը գյուղի բարձունքից տեսած ադրբեջանցիներն անմիջապես հայտնել էին խորհրդային մշակույթը, արվեստը, կինոն համակարգող ԽՍՀՄ ղեկավար, փոխվարչապետ Հեյդար Ալիեւին: Նրանց ներքին դրվածքը մշտապես դա էր․ իրենց հետ կապված մի փոքր միջադեպ՝ անմիջապես Մոսկվա, հայր Ալիեւին էին ծնգացնում: Ֆիլմի ընդամենը այդ  մեկ տեսարանն  այն տարիներին առճակատում առաջացրեց հայ-ադրբեջանական հարաբերություններում: 

Կարճ ասած, ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից, զգեստների ձեւավորումից, ձիերի վարժեցումից հետո նկարահանումները վերեւից խստագույնս  արգելվեցին... Եվ այն պարագայում, որ ճակատամարտը նկարահանվում էր հենց մեր՝ ՀԽՍՀ տարածքում:
Երեւան ժամանեց այն ժամանակվա «Մոսֆիլմի» նորանշանակ տնօրեն Սիզովը, ով մեծ հեղինակություն էր վայելում մոսկովյան ղեկավար շրջաններում: Նրա ու Հայաստանի ղեկավարության համառ ջանքերի՝ կռիվ տալու, այո, այո՝ կռիվ տալու շնորհիվ  նկարահանումները վերսկսվեցին: 

Հարցի լուծումը կայացվել էր ամենաբարձր ատյանում՝ ԽՍՀՄ ղեկավարի մակարդակով: Սակայն դրանից հետո էլ «Հուսո աստղ» ֆիլմն արգելեցին Ադրբեջանում ցուցադրել, առավել եւս՝ ինքնավար Արցախում: Միայն 88-ի շարժման ժամանակ կինոգործիչների մեր պատվիրակությունը «Նահապետ» եւ «Մխիթար սպարապետ» կինոնկարներն ընդգրկեց ԼՂԻՄ-ում անցկացվող հայկական ֆիլմերի փառատոնի ցանկում, եւ առաջին անգամ այդ երկու ֆիլմերը ներկայացվեցին արցախցի հանդիսատեսին (թույլ տվեք անհամեստություն անել՝ պատվիրակության ղեկավարը ես էի):

Ասելիքս այն է, որ այս երեսուն տարիների ընթացքում գրեթե բան չի փոխվել: Մեր ոխերիմ հարեւանը նույն ագրեսիվ քաղաքականությունն է վարում՝ սուտն ու կեղծիքը դրոշակ դարձնելով, մետր առ մետր առաջ գալով, աչքը ստրատեգիական բարձունքներին ու ճանապարհներին տնկելով: Տնտղում, տնտղում է, եթե հանդուրժեցիր՝ հաջորդ քայլն է կատարում, համբերատար սպասում, սպասում է ու նոր հարձակման եւ բարձունքի տեր դառնում...

Եվ այդպես շարունակ...

Այսքանից հետո ելքը ո՞րն է՝ կհարցնեք դուք: Հայտնի ասացվածք ունենք․ խոտորնակին՝ խոտորնակ։ Նախահարձակ լինել, վարվել իրենց պես։ Ծրագիր մշակել, ինչպես նրանք են տասնամյակներ շարունակ մշակել ու իրականացրել: 

Հիմա ես համոզված եմ՝ որդին կա՛մ հայր Ալիեւի ծրագիրն է կյանքի կոչում, կա՛մ կտակը։ Իլհամ Ալիեւն օրերս հենց էնպես չասաց, որ իրենք Հայաստանի նկատմամբ ունեն նախնական, միջնաժամկետ եւ ապագա ծրագրեր։ Մարդն անթաքույց ասում է...

Ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ բան։ Պետք է իրենց պես նախահարձակ լինենք, եւ ելակետը միայն մեկը պիտի լինի՝ մեր ազգային շահերի անձնուրաց պաշտպանությունը: 
Առավել եւս՝ այս խառնակ ու անորոշ 21-րդ դարում...

Ռոբերտ Մաթոսյան