«Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքը լուծարվե՞լ է

«Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքը լուծարվե՞լ է

Հունվարի 29-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ երեք՝ Արցախի ռամկավար ազատական, «Ինքնություն եւ միասնություն» եւ «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը եւ հայտարարվեց, որ ձեւավորվում է«Մայիլյան-Նոր Արցախ» նախընտրական դաշինք, որը նախագահական ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին:

Ենթադրվում էր, որ դաշինքը նախագահի թեկնածու կառաջադրի Մասիս Մայիլյանին, իսկ խորհրդարանի ընտրություններին կմասնակցի միասնական ցուցակով: Արցախի Կենտրոնական ընտրական պաշտոնական կայքից, սակայն, տեղեկանում ենք, որ փետրվարի 11-ին Մասիս Մայիլյանը նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր ներկայացրել է ինքնաառաջադրման կարգով: 

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ փետրվարի 15-ի կեսօրվա դրությամբ  ոչ «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքը, ոչ նրա մաս կազմող կուսակցություններից որեւէ մեկը  խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ չի ներկայացրել: Դաշինքի մաս կազմող Արցախի ռամկավար ազատական, «Ինքնություն եւ միասնություն» եւ «Վաղվա Արցախ» կուսակցություններն այս օրերին քաղաքական հայտարարություն չեն տարածել:

Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին Մասիս Մայիլյանին սատարելու մասին որոշում է ընդունել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը: Վերջինս խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացրել՝ ԿԸՀ ներկայացնելով պատգամավորի 62 թեկնածուի անուն ընդգրկող ցուցակ:

Որեւէ տեղեկություն չկա, որ «Միասնական հայրենիքի» ցուցակում տեղ ունեն նաեւ ավելի վաղ Մասիս Մայիլյանին պաշտպանած՝ Արցախի ռամկավար ազատական, «Ինքնություն եւ միասնություն» եւ «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Ավելի հավանական է, որ «Միասնական հայրենիքի» եւ «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքի կուսակցությունների միջեւ խորհրդատվություններ չեն անցկացվել: Կարելի է ենթադրել, որ «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքը դադարել է, երբ Մասիս Մայիլյանի թեկնածությունը պաշտպանելու հայտարարություն է արել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը:

Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Մասիս Մայիլյանը նախագահական մրցապայքարի մեջ է մտնում առանց սեփական քաղաքական հենարանի: Ու թեեւ նա հերքել է փորձագիտական շրջանակների այն գնահատականը, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ստիպված կլինի իրական իշխանությունը հանձնել Սամվել Բաբայանին, այսօր արդեն ակնհայտ է, որ Մայիլյանը չունի քաղաքական թիմ, ապավինում է Սամվել Բաբայանին եւ նրա «Միասնական հայրենիք» կուսակցությանը: Բաց է մնում  մի հարց՝ «Մայիլյան-Վաղվա Արցախ» չկայացած դաշինքի մաս կազմած կուսակցությունները կմասնակցե՞ն խորհրդարանական ընտրություններին եւ ու՞մ կաջակցեն նախագահական մրցապայքարում, կշարունակեն գործել միասնաբա՞ր, թե՞ կընտրեն ինքնուրույն քաղաքական գործունեության տարբերակը: