«Հրապարակ»․ Արեւմուտքի քարոզչական բլիթն ու մտրակը
Վերջին մի քանի տարիներին, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, հանրային դաշտում նորաթուխ քաղաքագետների ու վերլուծաբանների մի խավ է ձեւավորվել, որոնք շատ ակտիվ են: Նրանք տնային աշխատանքի պես կրկնում ու տիրաժավորում են լսողի ականջին արդեն քաջածանոթ հակառուսական թեզեր, Հայաստանի փրկությունը ներկայացնում արեւմտյան «կախարդական փայտիկի» օգնությամբ, բայց ժամանակ առ ժամանակ, եթե խաղն այդպես է պահանջում, նաեւ քննադատում են գործող իշխանությունների քաղաքականությունը՝ նրանց մեղադրելով, օրինակ, «Ռուսաստանից պոկվելու» վճռականության պակասի կամ Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հապաղելու մեջ։
Հաստիքային այս քարոզիչների համար ընդհանրապես նշանակություն չունի, թե Արեւմուտքը, ինչպես ասում են, որքան է իրեն մոտ թողնում Հայաստանին, կամ` պատրա՞ստ է Հայաստանը կրել «Ռուսաստանից պոկվելու» հետեւանքների ողջ ծանրությունը, եթե իշխանությունները փողոցային «ռազբորկա» հիշեցնող հայտարարություններից իսկապես գործնական քայլերի անցնեն ու կտրուկ որոշումներ կայացնեն։
Այս «խոսացող գլուխները»՝ կախված հրահանգից, երբեմն-երբեմն ընդդիմություն են խաղում իշխանական գծին, ու տեսակետ կա, որ Արեւմուտքը նաեւ նրանց միջոցով է մահակը պահում Փաշինյանի՝ օրեցօր վարկաբեկվող իշխանության գլխին։ Առջեւում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, ու ամենեւին բացառված չէ, որ փորձ արվի այլեւս իրեն սպառած ու անպիտան «գործիքը» փոխարինել նորով՝ ի դեմս ծայրահեղ արեւմտամետ դիրքավորված կամ իրենց այդպես ներկայացնող արտախորհրդարանական մարդ-կուսակցությունների ու վերը հիշատակված քարոզչամեքենա-վերլուծաբանների դաշինքի։
«Աշխարհը, որքան էլ եռում է, նույն աշխարհն է, գործելաոճի, մոտեցումների հարցում էական տարբերություններ չկան՝ յուրաքանչյուր դերակատար փորձում է իր շահերով առաջ գնալ՝ որքան հնարավոր է։ Ու որեւէ սցենար բացառված չէ։ Բանաձեւը շատ պարզ է՝ երբ քո սուբյեկտայնությունն ավիրված է, ցանկացած ուժային կենտրոն՝ լինի Արեւմուտքը, թե Հյուսիսը, հարեւանը, բարեկամը կամ մրցակիցն ու թշնամին, արտաքին դերակատարներից ում ուզում եք՝ վերցրեք, փորձելու է իր շահերի մաքսիմալին հասնել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք առկա են։ Մենք այս գործընթացների մեջ ենք»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանում Արեւմուտքի քարոզչական քաղաքականության ու ներքաղաքական կյանքում դրա հնարավոր արդյունքների մասին հարցին։
Բեքարյանը բացատրում է՝ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը գործընկեր չէ որեւէ մեկի համար, այդ թվում՝ Արեւմուտքի, իսկ դրա պատճառը շատ հստակ է՝ խոստումների, տարբեր ուժային բեւեռների առջեւ ստանձնած պարտավորությունների ընդհանրապես չկատարումը, մասնակի կատարումը կամ անընդհատ ձգձգումը։
«Եթե կան մարդիկ, որոնց թվում է, թե այս իշխանությունը նորմալ գործընկերային հարաբերություններ ունի որեւէ մեկի հետ եւ չունի այլ մեկի հետ, նրանք չարաչար սխալվում են։ Այս իշխանությունը նորմալ գործընկերային վիճակ չունի ոչ մեկի հետ։ Երբ դու ունես իշխանություն, որից գործընկերները՝ բոլորը, ունեն անլրջության, խոսքի արժեքը չիմանալու եւ խոստումները չկատարելու զգացողություն, դու ստեղծում ես տրամադրությունների դաշտ, թե նրանցից յուրաքանչյուրն իր շահերն առաջ մղելու համար մինչեւ ուր է պատրաստ գնալ՝ օգտագործելով այս իշխանությանը։ Եվ երբ որ նրանց բավարարվածության զգացողությունը պատշաճ չի լինում, փորձ է արվում այլընտրանքային եղանակներով՝ կիրառելով բլիթն ու մտրակը, ստիպել տված խոստումները կատարել, եւ սկսում են օգտագործվել այն գործիքները, որոնք ստեղծվել են»,- իրավիճակը բացատրում է քաղաքագետը։
Կարեն Բեքարյանը շեշտում է՝ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում այս պրոցեսի սրացումներին։ Թե այդ սրացումներն ինչի հետ են համընկնում, լայն հանրությանը տեսանելի չէ։ «Դրանք համընկնում են տրված խոստումների կամ դրանց կատարման չափի եւ ծավալի հետ»,- շեշտում է մեր զրուցակիցը։
Արեւմուտքի հետ գործընկերությունն էլ իրականում իմիտացիա է։ «Կա՛մ դու պատշաճ գործընկեր ես, կա՛մ պատշաճ գործընկեր չես։ Սա է խնդիրը, այլ բան է, որ մեկը գտնում է, որ իր շահերը գոնե մասամբ ապահովվում են, եւ ինքն իր ուզած ծրագիրն իրականացնում է՝ թեկուզ ոչ այն չափով ու ծավալով, որ իրեն խոստացվել է, հետեւաբար, շարունակում է ցուցադրել գործընկերության իմիտացիա, մեկ այլ բան, որ մյուսը տեսնում է, որ բոլոր կարմիր գծերն են խախտվել»,- եզրափակում է Կարեն Բեքարյանը։
ՀԳ․ Ի դեպ, Արեւմուտք-Հայաստան հարաբերությունների մակարդակի հերթական ցուցիչը ՀՀ քաղաքացիների՝ շենգեն գոտու երկրներ մուտքի հետ կապված չդադարող խնդիրներն են, որոնք լուծելու փոխարեն մեր ԱԳՆ-ն մի անօգնական ու անզոր հաղորդագրություն էր տարածել, որտեղ ոչ մի խոսք չկար սեփական քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու մասին։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման քաղաքականությունը թմբկահարող ու այդ «կուտը» հանրությանը հրամցնող իշխանության ԱԳՆ-ն եկել էր ՀՀ քաղաքացուն ասելու՝ ինձ վրա հույս չդնես։
Կարծիքներ