Օր ու արեւ չենք տալու
«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկի արարողությունը։ Նախաձեռնության ղեկավարն է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ Միջոցառումից հետո մենք զրուցեցինք նրա հետ։
- Ձեր ելույթից տպավորություն ստեղծվեց, որ սա ավելի շատ քաղաքական նախաձեռնություն է, քան՝ քաղաքացիական, չնայած տեխնոկրատներ են ներգրավված։
- Մինչեւ նախաձեռնության մեկնարկն էլ արդեն մեր գործողությունները քաղաքական էին։ Շատ դեպքերում մարդիկ երբ լսում են՝ «քաղաքական», հետ են կանգնում։ Հիմա անունը կդնենք քաղաքական, հասարակական, թե ուղղակի ըմբոստություն՝ անունը «նախաձեռնություն» է, որն ունի մի քանի նպատակ․ ստիպել օրվա իշխանություններին, վաղվանից սկսած, աշխատել արդյունավետ՝ ի նպաստ Հայաստանի եւ ի բարօրություն հայ ժողովրդի, եւ, իհարկե, չմոռանալ աշխատել այս իշխանությունների հեռացման շուրջ։ Դա իրենից ենթադրում է քաղաքականություն։
- Իշխանություններին ստիպելու մեխանիզմն ինչպե՞ս է գործելու։
- Շատ պարզ են մեր ստիպելու մեխանիզմները, մենք ներկայացնում ենք հիմնավոր առաջարկներ եւ այդ առաջարկից շերտի ստացած օգուտը, եթե իրականացնեն մեր առաջարկները։ Հասարակությունն ինքն է պահանջատեր լինելու, որպեսզի իշխանությունը կատարի։ Իշխանությունը եթե չկատարի, նշանակում է քվե է կորցնում, եթե կատարեց՝ մենք արդեն հասնում ենք մեր նպատակին։ Իհարկե, մեր պահանջները կատարելը դեռեւս չի նշանակում, որ իշխանությունը քվեներով կվերականգնվի։ Իմ ներկայիս կարգավիճակը թույլ է տալիս բացառապես որոշակի տնտեսագիտական համայնքի անունից հանդես գալ եւ պահանջատեր լինել։ Այս նախաձեռնությունը մեզ թույլ է տալու բոլոր ոլորտները ներգրավել, եւ ոչ միայն մենք պահանջատեր լինենք, այլեւ հասարակությանը բացատրենք, թե ինչ կփոխվի իրենց կյանքում՝ հասարակությունն էլ իր հերթին պահանջատեր լինի։ Նման դեպքում, կարծում եմ, չկա այդպիսի իշխանություն, որ չկատարի։
- Նախաձեռնության ձեւավորման ուղղությամբ ինչքա՞ն եք աշխատել, ովքե՞ր են աջակցել։
- Նախաձեռնության անդամներն են՝ գործարարներ, պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչներ, ֆինանսիստներ, իրավաբաններ, բժիշկներ, դիվանագետներ, ռազմական գործիչներ, այսինքն՝ պետության կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ գրեթե բոլոր ոլորտներից ներգրավված մարդիկ։
- Մոտավորապես քանի՞ մարդ։
- Մոտավորապես 50-ից ավելի պրոֆեսիոնալներ։
- Սփյուռքից ներգրավվածություն կա՞։
- Կա։ Օրինակ, մենք ունենք սահմանամերձ համայնքների հարկերից ազատման մասին օրենք, առաջարկով հանդես ենք եկել, բոլոր պետական մարմինները, որոնք լիազոր էին փոփոխություն իրականացնելու, մերժել են։ Փոփոխության արդյունքում կարող ենք մի քանի գործարան բերել ՀՀ, հիմա արդեն լայն հասարակական ընդգրկումով պահանջելու ենք այդ փոփոխությունը, դրանից հետո ես նվազագույնը խոսք եմ տալիս մի քանի գործարան ՀՀ-ում կառուցել։
- Բայց նույնիսկ ամենաողբերգական իրողությունների պայմաններում այս իշխանություններին չկարողացան ստիպել, որ գեթ մեկ սանտիմետր հետ կանգնեն իրենց քայլերից։ Ո՞րն է Ձեր լավատեսության պատճառը, որ կարող եք ստիպել։
- Ես չունեմ լավատեսություն՝ այս իշխանության հետ կապված, ընդամենը ունեմ պատկերացում, թե ինչպես ստիպենք, որովհետեւ իրենք իմ լավատեսությունից կախված չեն աշխատելու, այլ ստիպված են աշխատել։
- Դժվար է պատկերացնել։
- Շատ հեշտ է դա բացատրելն ու հիմնավորելը։ Ակնհայտ է, չէ՞, որ կառավարությունը գնում է նոր ընտրությունների, հերթական կլինի, թե արտահերթ՝ իրենք պատրաստվում են արտահերթին, այնուամենայնիվ։ Յուրաքանչյուր քվեն իրենց համար կարեւոր է՝ հաշվի առնելով սոցհարցումներով իրենց վարկանիշի գահավիժումը, հիմա, եթե մենք հայ հասարակությանը ցույց ենք տալիս, որ կա հնարավորություն ու ռեսուրս՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ հողային, ե՛ւ ֆինանսական, ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում դուք կարող եք հարուստ եւ անվտանգ լինել։ Բնական է, որ հասարակությունը պետք է պահանջի։ Կառավարությունը հասկանալու է, որ եթե մեր հորդորը չկատարեցին, քվե չեն ստանալու, քվե չստանան՝ արդեն իսկ մենք օգտվել ենք, որովհետեւ իրենց հեռացրել ենք։
- Իսկ եթե քվե ստանա՞ն։
- Որոշակի քվե կարող է հավաքեն գործողության արդյունքում, բայց այդ գործունեությունը քվե վերականգնող չի լինելու, որովհետեւ հասարակությունն էլ է, չէ՞, տեսնում, որ այս մարդիկ ունակ չեն մտածելու։ Նույնիսկ ունակ չեն կատարել, եթե ստիպում ենք, ուրեմն ինչների՞ս է պետք սրանց պահելը։ Այս տրամաբանությամբ մենք իրենց հանգիստ չենք կարող թողնել՝ օր ու արեւ չենք տալու։
- Այսինքն՝ վստահ եք, որ ամեն դեպքում ձախողվելու են։
- Մի մասով՝ ամեն դեպքում, որովհետեւ իրենք չեն կարողանալու մեզ հետ աշխատել եւ մեր ծրագրերի մի մասն իրենք ինքնուրույն ունակ չեն իրագործել։ Շատ են մեր փորձերը, մեր բազմաթիվ հորդորները, կոչերը եւ այլն, օրինակ՝ միայն ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության աշխատանքի պարագայում մեր բարձրացրած հարցերի 50 տոկոսից ավելին ընդունել եւ կատարել են։ Իհարկե, դա եղել է խիստ մասնագիտական եւ հասարակության լայն շերտի համար ընկալելի չի եղել, բայց մենք ունենք արդեն փորձ, որ այս մարդիկ 50 տոկոսը կատարում են։
- Նշեցիք ՊԵԿ-ի հետ ստացված համագործակցությունը, սակայն երաշխիքը ո՞րն է, որ, օրինակ, ՊՆ-ի, ԶՈՒ-ի բարեփոխման Ձեր առաջարկները կլսվեն։
- Մենք ունենք առաջնահերթությունների ինստիտուտ։ Եթե խոսում եք մասնագետների հետ, մեկն ասում է՝ անվտանգությունն է կարեւոր, իսկ մենք ասում ենք՝ ոչ, անվտանգությունը տնտեսության զարգացման համար կարեւոր բաղադրիչ է, բայց առանց տնտեսության զարգացման անվտանգություն ուղղակի չի կարող լինել՝ ֆինանս է հարկավոր։ Մի ուղղությունն ասում է՝ կրթությունն է կարեւոր, ասում ենք՝ շատ լավ, բայց էլի տնտեսությունն է անհրաժեշտ ֆինանսավորել, եւ այսպես շարունակ։ Առաջնահերթություններից ելնելով՝ մենք կենտրոնանում ենք որոշակի թիրախների վրա, կարճաժամկետ, միջնաժամկետ առաջադրանքը տալիս ենք կառավարությանը՝ իհարկե, երկարաժամկետ հեռանկարում իրենք չպետք է լինեն, եւ պրոֆեսիոնալները պետք է երկիրը կառուցեն։
- Անդրադարձաք Ռուսաստանի հետ հարաբերություններին, որ Արեւմուտքի, ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքում պետք է դնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Չե՞ք վախենում, որ Ձեզ կարող են ընկալել որպես պրոռուսական ուժ։
- Բացարձակ որեւէ մտավախություն չունենք «պրո»-ների դասակարգման վերաբերյալ, մենք պրոհայկական ենք եւ շատ պրագմատիկ ներկայացրինք ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան հարաբերությունները։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է հաշվի առնել իր եւ Ռուսաստանի հակամարտությունը, իր եւ Չինաստանի մրցակցությունը։
- Այսինքն՝ այս տարածաշրջանի իրողություններով առաջնորդվել։
- Մենք գնահատում ենք՝ ինչ շահեր ունեն տարբեր երկրներ եւ գիտակցում ենք՝ ում հետ ինչպես հարաբերվել։ Օրինակ, արեւմտամետները հաճախ ավելի արեւմտամետ են, քան բուն արեւմուտքցիները, ռուսամետներն ավելի ռուսամետ են, քան բուն ռուսները։ Մենք ո՛չ արեւմտամետ ենք, ո՛չ ռուսամետ։ Եկեք ավելի պարզեցնեմ․ եթե հայկական կոնյակը հետաքրքիր է միայն ռուսական շուկային, եւ Եվրոպան երբեք չի կարող դա առնել, մենք գնահատում ենք, որ կոնյակը պետք է վաճառենք Ռուսաստանին։ Ցանկանո՞ւմ ենք եվրոպական շուկա հայկական կոնյակ արտահանել՝ համապատասխան ստանդարտները, մրցակիցներին, գնային քաղաքականությունը, տրանսպորտը հաշվի ենք առնում։ Գնահատական ենք տալիս՝ քանի տարի հետո կարող ենք դուրս գալ այդ շուկա, պայմանականորեն՝ 30, ուրեմն քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական հարաբերությունները կառուցում ենք այդ իրողություններից ելնելով։ Եւ ամենակարեւորը՝ մենք հասարակությանը չենք խաբելու՝ կան ուժեր, որոնք գրանտներ են ստանում ուղղակի խոսելու համար։ Այդ գրանտակերներն ասում են՝ եկեք հանրաքվե անենք, որ ԵՄ-ին միանանք՝ խաբելով հայ հասարակությանը, հասարակությունն էլ մեղավոր չէ, որ այդքան էլ տեղեկացված չէ։ Իրենց թվում է, թե կարող ենք եվրաինտեգրվել․ դա անընդհատ երեւույթ է, չէ՞։ Մենք ասում ենք՝ պրագմատիկ ի՞նչ շահեր ունի Արեւմուտքը՝ Ռուսաստանին տարածաշրջանից հանելու, Չինաստանի հետ մրցակցելու․ մենք սա հաշվի ենք առնում։ Ում հետ ինչպես կկառուցենք՝ սա արդեն իրականությունը ցույց կտա։
Կարծիքներ