Դատավոր Բախշիյանի արդարացումն ապտակ էր ԲԴԽ-ին, բայց ԲԴԽ-ն դասեր չի քաղի

Դատավոր Բախշիյանի արդարացումն ապտակ էր ԲԴԽ-ին, բայց ԲԴԽ-ն դասեր չի քաղի

Առաջին ատյանի դատարանն օրերս արդարացրեց դատավոր Բորիս Բախշիյանին, ով այս տարվա փետրվարից քրեական հետապնդման էր ենթարկվում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել «ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար»։ Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը մի նիստի չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել կալանքով։ Բախշիյանը չէր ընդունել մեղադրանքը, պնդում էր, որ իր հետ տեղի ունեցող գործընթացն ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։ Բախշիյանի պաշտպանները նրա նկատմամբ հետապնդումը կապում էին նրա վարույթում գտնվող մեկ այլ աղմկահարույց գործի հետ՝ նա գրավի դիմաց կալանքից ազատել էր Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատներից է:

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն կողմ քվեարկությամբ բավարարել էր  դատախազության միջնորդությունը՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։ Իսկ դատավոր Դավիթ Արղամանյանը, ով դատավոր էր դարձել 2018-ից հետո, իսկ Փաշինյանի հեղափոխության ժամանակ էլ թմբուկ էր խփել, կալանավորել էր Բախշիյանին։ Վերջինս 3 ամիս անցկացրեց կալանավայրում։

Արդյունքում ստացվում է, որ անմեղ դատավորն իր պաշտոնից բխող գործառույթներ իրականացնելու համար ենթարկվել է քրեական հետապնդման, 3 ամիս ազատազրկվել՝ ԲԴԽ-ի թույլտվությամբ, մինչդեռ ԲԴԽ-ի պարտքն է՝ երաշխավորել դատավորների անկախությունը եւ պաշտպանել նրանց։

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը չի զղջում իրենց կայացրած որոշման համար, որով անմեղ մարդուն հանիրավի հետապնդել են։ Նա ասում է․ «Մենք անմեղության հետ կապված հարց չենք քննում, մենք թույլ ենք տվել, որ քննություն կատարվի, որոշվի անմեղությունը կամ մեղավորությունը»։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասում է, որ իրենք Բախշիյանի հետ կապված արդարադատություն չեն իրականացրել, իրենց որոշման համար հիմքեր են եղել․ «ԲԴԽ-ն դատավորի հետ կապված արդարադատություն չի իրականացրել, ԲԴԽ-ն իր լիազորությունների շրջանակներում ընդամենը նայում է, որ եթե կան բավարար հիմքեր՝ թույլ տալու, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, թույլտվությունը տալիս է։ Ես գտնում եմ, որ ԲԴԽ-ն այն ժամանակ ճիշտ որոշում է կայացրել, որովհետեւ ներկայացվել են բավարար հիմքեր եւ ապացույցներ, որպեսզի մենք նման որոշում կայացնենք։ Ընդ որում, մենք բազմիցս շեշտել ենք, որ մեր որոշումը դատավորի նկատմամբ դատավճիռ չէ, դատավորը, որը պետք է քննի այդ գործը, լրիվ անկախ է, որպեսզի որոշի՝ իրականում կա՞ն քրեական հետապնդման հիմքեր, թե՞ չկան, եւ արդարացման կամ մեղադրական դատական ակտ կայացնի։ Այսինքն՝ ԲԴԽ-ի որոշումը որեւէ կերպ, նույնիսկ չնչին չափով չի կանխորոշում դատավորի նկատմամբ հետագայում կայացվելիք դատական ակտը, որովհետեւ ԲԴԽ-ն ոչ մի վճիռ կամ դատավճիռ չի կայացնում, ԲԴԽ-ն ուղղակի ուսումնասիրում է ապացույցները, թե հիմնավոր կասկածի շեմը հաղթահարվա՞ծ է, թե՞ ոչ, եւ տալիս է թույլտվություն, որպեսզի քրեական հետապնդում հարուցվի»։

Այդ ո՞ր ապացույցներն էին բավարար, եթե դատավորն իր լիազորություններից բխող գործողության համար է ենթարկվել քրեական հետապնդման եւ, ի վերջո, արդարացվել։ «Այո, բավարար էին այդ թույլտվության համար»,- պատասխանեց ԲԴԽ անդամը։ Հարցրինք նաեւ՝ այս դեպքից ԲԴԽ-ն որեւէ դաս քաղե՞լ է, գուցե հետագայում ավելի խի՞ստ մոտենան դատախազության միջնորդություններին։ «ԲԴԽ-ն ոչ մի դաս չունի քաղելու այս գործընթացից, շատ նորմալ, օրինական գործընթաց է, ԲԴԽ-ն շարունակելու է գործել նույնկերպ․ օբյեկտիվորեն, ամբողջական գործի նյութերն ուսումնասիրել է, եւ իր խորհրդի անդամների օբյեկտիվությամբ, ամեն մեկն իր ներքին համոզմունքով կայացրել է որոշում»,- պատասխանեց Բեքմեզյանը։

Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ ասաց, որ ԲԴԽ որոշումն ի սկզբանե ոչ իրավաչափ է եղել եւ արդարացման դատավճռի հետ կապ չունի։ «ԲԴԽ-ում այլ գործընթաց է տեղի ունեցել եւ արդարացման հետ, ըստ էության, առնչություն չունի: ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում իրականացնել եւ թույլ է տվել խափանման միջոց կալանքի կիրառումը քննարկել դատարանում, դրանից հետո դատարանները կալանավորումը տվել են։ Այսինքն, մեր գնահատմամբ՝ այդտեղ մի քանի ինստիտուտներ անօրինական քայլեր են ձեռնարկել, որի հետեւանքով արդադատություն իրականացրած դատավորը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում եւ նույնիսկ կալանավորի կարգավիճակում։ Իրենք կարող են պատճառաբանել, որ այդ փուլում ընդամենը քննարկել են, թե անհրաժեշտ է, որ դատարանը քննի ու պարզի՝ արդյոք մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Դրա համար մենք ուրիշ բանի վրա պիտի ուշադրություն դարձնենք, որ դատավորի նկատմամբ կարելի է քրեական հետապնդում սկսել եւ կալանավորման թույլտվություն տալ, երբ կան որոշակի հիմքեր։ Այդպիսի հիմքեր չկային, հակառակը՝ դատավորն արդարադատություն էր իրականացրել իր լիազորությունների շրջանակներում, օրինական որոշում էր կայացրել, որը բխում է քրեական դատավարության կարգավորումներից եւ ամբողջությամբ դատավորի գործառույթն է։ Եթե դատավորի որոշման հետ համաձայն չէին, թող բողոքարկեին վերաքննիչ դատարան, դատարանն էլ բեկաներ, բայց ինչպե՞ս կարելի է չբողոքարկել, չբեկանել, հետո էլ քրեական հետապնդում սկսել, թե՝ ակնհայտ ապօրինի որոշում ես կայացրել։ Այս գործընթացն ինքնին մեր դատական իշխանության անկախության առումով խիստ վտանգավոր եւ արատավոր էր, եւ մենք դա ասել ու ասում ենք, եւ այս արդարացման դատական ակտը չէ, որ ցույց է տալիս նրանց գործողությունների ոչ իրավաչափ լինելը եւ ոչ իրավական լինելը։ Եթե մենք շեշտադրումը դնենք արդարացման ակտի վրա, ապա իրենք կարող են ասել՝ գիտե՞ք ինչ, դե, արդարացվել է, քանի որ դատավորը քննել է, տեսել է, որ մեղքն ապացուցված չէ, բայց մենք այդ փուլում դրան գնահատական չէինք տալիս, ոչ էլ կարող էինք տալ»,- ասաց փաստաբանը, ապա միտքը փորձեց բացատրել օրինակով․ «Օրինակ՝ եթե կաշառքի գործ լինի, որոշակի ապացույցներ լինեն, եւ անձին կալանավորեն, հետո կարող է այդ անձը նաեւ արդարացվել, ասենք՝ ապացույցները բավարար չլինեն։ Չես կարող այդպիսի գործով ասել՝ այ ԲԴԽ, ինչո՞ւ թույլ տվեցիր քրեական հետապնդում։ Կասեն՝ այսինչ ապացույցը բերեցին, ես էլ թույլ տվեցի, հետո պարզվեց, որ այդ ապացույցն անթույլատրելի է, արդարացվեց։ Բայց երբ ի սկզբանե ակնհայտ է, որ դատավորի գործողությունները հանցակազմ չեն պարունակում․․․ Կարող են իրավաբանների տարբեր դիրքորոշումներ լինել, մեկը կարող է ասել, որ ստորագրության կարգը խախտած ամբաստանյալին կարելի էր չկալանավորել, սահմանափակվել բերման ենթարկելու որոշմամբ, մյուս մասն էլ կարող է ասել, որ պարտադիր էր, քանի որ ակնհայտ էր, որ իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի կարգը խախտել է։ Իրավաբանական վեճ կարող է լինել, քննարկումներ կարող են լինել, բայց եթե նույնիսկ ԲԴԽ անդամների դիրքորոշումն այլ է, դա չի նշանակում, որ դա պիտի գնահատեն որպես ակնհայտ ապօրինի կալանավորում եւ անձի դեմ քրեական հետապնդում սկսելու ու կալանավորելու թույլտվություն տան»։