Այդքան ցավալի մահ. Արմեն Շեկոյան

Այդքան ցավալի մահ. Արմեն Շեկոյան

Հայաստանում մահը, երեւի, վերջին թեման է, ինչի մասին մարդ կցանկանա մտածել կամ խոսել, էլ ուր մնաց` գրել: Մասամբ այն պատճառով, որ այս երկրում մանկապարտեզից սկսում են խոսել ցեղասպանության, զոհերի ու մահերի մասին: Դեռ փառք Աստծո, որ, Իսրայելի նման, դպրոցական տարիքից ցեղասպանության թանգարան չեն տանում ու տրավմայի ենթարկում պատմություններով, թե «աշխարհում մեզ ոչ ոք չէր օգնում»: 

2020-ից մահվան թեման` Հայաստանից դուրս էլ համարյա բոլորի համար դարձել է ուղեկից` գոնե տեղեկատվական հարթությունում COVID-ի պատճառով` ալֆայից մինչեւ դելտա: Ու որքան էլ հեքիաթներ պատմեն պատվաստանյութերի մասին, պարզվեց, շտամի որոշ փոփոխություն, եւ պատվաստումն այլեւս վարակվելուց չի փրկի: 

Վերջապես, 2020-ի 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերը, անհայտ կորած համարվողները, որոնցից ոմանց աճյունները չեն գտնվել, երրորդների նույնականացված մասունքները հարազատները հրաժարվում են ճանաչել… ամեն պարագայում պարզ է, որ զոհերի վերջնական թիվը 3 հազարից ավելի է: Եվ այդ զոհերի կեսը, եթե ոչ ավելին, 18-20 տարեկան՝ համարյա անչափահաս երեխաներ են, որոնց ճակատ տանելը կատարյալ հանցագործություն էր, մարդասպանություն ու եղերագործություն։ Այնպես որ, «մահ» բառը լսելիս հառնում է գիտակցությանդ մեջ ու այլեւս չի նահանջում:

Նաեւ, հասկանալիորեն, մահվան չափ մերժելի անբարոյականության տեսարաններ կան երկրում, երբ մի նախկին մականունավոր պատգամավոր իր կազմակերպած հարսանյաց հանդեսի ռաբիսության մակարդակով է ինքնահաստատվում, մի ուրիշ, ընթացիկ մականունավոր պատգամավոր իր լկտիության մակարդակն է հարսանյաց հանդեսով ամրագրում, դրան մասնակցող հյուրերից մեկն էլ «վերջապես ուրախ առիթի» մասին է սոցցանցում գրում, երբ իր ամուսնու երեսից զոհված 18-20-ամյա երեխաների մարմինները նույն այդ ամուսնու հանձնած տարածքներից դեռ գտնում են ու վերադարձնում ծնողներին: Ինչպես տեսնում ենք, միայն մարդկային հիմարությունը չէ, որ տիեզերական կատեգորիա է, ոմանց բարոյազրկությունն ու բարդույթներից ծնված ցուցամոլությունն էլ տիեզերական մասշտաբներ ունի: 

Սակայն դա է կյանքը, երբեմն նաեւ ոմանց զազրելի էության գիտակից կամ անգիտակից դրսեւորումներով, որոնց համար վաղ կամ ուշ, հատուցում է վրա հասնում: Իհարկե, գերադասելի պիտի լիներ, որ ո՛չ նման անձինք հանրայնորեն տեսանելի լինեին, ո՛չ իրենց արարքները, ո՛չ էլ դրանց համար հատուցումը: Բայց… Հակոբ Պարոնյանը դեռ հարյուր տարի առաջ էր ասում, որ «Մեր ազգային կյանքը շատոնցմե բնական ճանապարհով կկարգավորվի, ազգին փրփուրը միշտ ջրի երեսը կըլլա»: Պարոնյանի ժամանակներում գուցե փրփուրն էր, հիմա բարձրացողը՝ արդեն համարյա երկու տասնամյակ, գերազանցապես մարդկային տիղմ ու աղբ են: 

Գուցե այս պատճառով է, որ մեր իրականությունում այն մարդիկ, ովքեր հրապարակավ տեսանելի են ու մարդկային արժեքներ են մարմնավորում (ոչ թե տաղանդ, ձիրք, օժտվածություն, գյուտարարություն, ստեղծագործություն), այլ ուղղակի մարդկային արժեքներ, որոնց կրողն այս կամ այն չափով շատերը կարող են լինել, բայց եզակիների մեջ են դրանք կուտակվում, գերակայող որակ դառնում, գերարժեք ձեռք բերում: Այդ մարդիկ արժեքային դիմագիծ ու ուղենիշ են դառնում իրենց ժամանակի, ժամանակակիցների, նույնիսկ ապագայի համար: Ու երբ նման մարդիկ մահանում են, դա խորագույն ցավ է պատճառում, որքան էլ շուրջբոլորը այլ մահեր լինեն: Այդպես է, որովհետեւ միայն մարդը չի ավարտվում, այլեւ` արժեքի ու ուղենիշի իր դերը:

Արմեն Շեկոյանի մահն առանձնակի ու առանձնապես ցավալի էր անգամ հաճախացած մահերի մեր ժամանակում, որովհետեւ նա այն հաստատուն էություններից էր, որին չեն կարող փոխել ժամանակը, մարդիկ, իրադարձությունները: Գուցե դեր էր կատարել այն, որ Շեկոյանը ծնվել էր Ստալինի մահվան տարում, ու իր ծննդյան տարեթվից սկսված խրուշչովյան «оттепель»-ը, 60-ականներին ԽՍՀՄ թափանցած արեւմտյան ջազի, ռոկի, ավանգարդի մշակույթն ու հովերը, 70-ականների диссидент-ական շարժումը, 80-ականների գորբաչովյան ազատականացումն ու բարեփոխումները, 90-ականների Ղարաբաղյան շարժումը, 2000-ականների Հայաստանում` պալատական հեղաշրջման ու հոկտեմբերի 27-ի հետեւանքով դեգրադացված հանրային կյանքը, 2008-ի տապալված ու 2018-ի հաջողությամբ պսակված, բայցեւ մեծ կորուստների դուռ բացած ընդվզումները, մինչեւ իր կյանքի վերջին օրերը իշխանության համար ծավալված պայքարը` Արմենը անվերջ կանոնների դեմ ընդվզում, նոր արժեքների հաստատում, հետո դրանց արժեզրկում, կուռքերի տապալում, դեկադենսի ու անկման հոգեվիճակ, ապա` վերստին, իրականության դեմ ընդվզում, նոր արժեքների հաստատում, դրանց փլուզում շրջապտույտն էր տեսել:

Երեւի դա էլ Արմենին դարձրել էր այնքան հաստատուն, ամեն նոր բարձրացող ընդվզումից արդեն այդ շարժման ընթացքն ու վերջնահանգրվան անկումը տեսնող, իշխանության ու հանրային ուշադրության պատվանդանին բարձրացող ու գահընկեց եղող ֆիգուրներին հումորով, երբեմն սարկազմով վերաբերվող, իրական արժեքները երբեք հանրային պատկերացումների հետ չշփոթող, իր եւ Աստծո միջեւ երեւի որեւէ միջնորդ չճանաչող, կայացած եւ ամեն ինչին ու ամենքին վերեւից նայելու ընդունակ անհատականություն, ով շուրջբոլորը ծփացող ամեն ինչ մերժելու, նորը հաստատելու, նորից մերժելու, նորից ընդվզելու չվերջացող հորձանուտում համարյա փարոսի էր նմանվում:

Այդ թեթեւությունը, հումորը, որով նա կարող էր նայել կյանքին, մարդկանց, հայտնիությունը հեղինակության հետ շփոթողներին, անգամ մահվանը կամ բժիշկներին… 
Արմենի ասած մի քանի արտահայտություններ, որ միշտ հիշողությանս մեջ են եղել. 2000-ականներին Չեչնիայի հետ Ռուսաստանի ներքին բախումների շրջանում էր, այն ժամանակ չեչեն առաջնորդներ կային` Դուդաեւ, Բասաեւ եւ այլք, որոնց չեչենները առաջնորդներ, գեներալ էին կոչում, իսկ Ռուսաստանը` սեպարատիստներ: Մի օր Արմենի հետ խոսում էինք, ասաց. «Դե, դրանք էլ չեչենների ֆիդայիներն են… կամ մեր ֆիդայիներն էլ իրենց ժամանակի սեպարատիստներին էին…»: 

Մի օր Տեր-Պետրոսյանի մասին էինք խոսում, չեմ հիշում ում մասին ասաց. «Այ մարդ, դե հերիք է՝ դա էլ իր մտքերը Տեր-Պետրոսյանին վերագրի, Տեր-Պետրոսյանը հաստատ այդքանը չի մտածել…»: 
Մի բժշկի մասին էինք խոսում, ով հանրապետությունում իր ոլորտի լավագույն մասնագետն է համարվում: Ասացի. «Արմեն, իմիջիայլոց, հայրը գրող է», հետո ասացի, թե ում որդին է: Լսեց, պատասխանեց. «Եթե հայրը գրող է, ուրեմն նրա մոտ ընդհանրապես պետք չի գնալ, նրա գլուխը չի կարող օբյեկտիվ աշխատել»:

Մի օր չգիտես ինչ խոսակցություն էր ծավալվել գրողների ու գրականության մասին, Արմենն ասաց. «Մի հատ փտած տանձ որ տաս, ոչ մեկը չի ուտի, բայց ինչ մումիա դարձած գրող լինի, իբր կմեծարեն…»։

Քոչարյանի նախագահության ժամանակ էր, չգիտես ինչ միջատ էր խայթել նախագահականի աշխատակազմի ղեկավարությանը, հրահանգ էին իջեցրել, որ միայն հաստատվող դրես-կոդին համապատասխան հագնված լրագրողներին թույլ տան նախագահականում ասուլիսների մասնակցել. Արմենն «Առավոտ»-ում ռեպլիկ էր գրել. «Հավատացնում եմ, որ նախագահականի մասին նյութը Գալոյանն է գրել (այն ժամանակ Արա Գալոյանն «Առավոտ»-ում էր աշխատում) եւ գրել է գալոն կապած»:

Մի անգամ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա միջոցառումից էի դուրս եկել, հանդիպեցինք, պատմեցի մի քանի բառ միջոցառումից, հյուրերից, մի տիկնոջ անունը տվեցի, ով կոմկուսի ղեկավար կազմում էր եղել, կարծեմ՝ Դոնարա Հարությունյան։ Ասաց. «Հա, լավ կին է, էս «Հայկական ժամանակ» վեպս, որ տպագրում եմ «Առավոտ»-ում, վեպիս հինգ-վեց մշտական ընթերցողներից մեկն ինքն է…»։

Ու այդպես շարունակ… հանգիստ, խոր, թեթեւ` կյանքի մասին խոսելիս, մարդկանց մասին, թե իր: Մարդ, ով գիտեր՝ ինչն է արժեք, ինչն է անցողիկ, եւ նրա դավանած ճշմարտությունը, հաստատունությունը ոչ մի քամուց, հեղինակությունից կամ հեղափոխությունից չէին սասանվի: Նաեւ ոչ մի մեծարանք չէր ուզի: Որքան էլ Շեկոյանը մեծարանքի արժանի էր եւ արժանանում էր իբրեւ գրող ու բանաստեղծ, կարծում եմ՝ շատերի, այդ թվում ինձ համար ավելի սիրելին ու թանկը հենց ինքն էր` 21-րդ դարի Հայաստանում ապրող Արմեն Շեկոյանը` որպես մարդկային փարոս, առհավատչյա ու արժեք: