«Քաղաքական թատրոն». Բայդենն՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու գործընթացի մասին

«Քաղաքական թատրոն». Բայդենն՝ իրեն իմփիչմենթի ենթարկելու գործընթացի մասին

Երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը նախաձեռնեց նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակահարմարության քննությունը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե «կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ ցանկանում է ամերիկացի ժողովուրդը», ոչ թե քաղաքական թատրոնի, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Դեմոկրատների կարծիքով, հանրապետականներն ընդամենը փորձում են շեղել քաղաքական օրակարգը կարևոր հարցերից, որոնցից է կառավարության հետ համաձայնության հասնելը, որպեսզի այն կարողանա գործել այս սեպտեմբերի 30-ից հետո ևս, երբ ԱՄՆ-ում կավարտվի ֆինանսական տարին, իսկ նոր տարվա պետբյուջեն դեռ չի հաստատվել։

Ընդամենը օրեր անց, ինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը նախաձեռնեց նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակահարմարության քննությունը՝ պատճառաբանելով ենթադրյալ կոռուպցիոն գործարքները, Սպիտակ տան ղեկավարը հանդես եկավ հրապարակավ՝ հայրենի Դելավեր նահանգում եկեղեցի այցելելիս։ Նախագահ Ջո Բայդենի բնութագրմամբ ՝ հանրապետականների նախաձեռնությունն ընդամենը «քաղաքական հնարք է»։
Իմփիչմենթի վերաբերյալ անցած շաբաթ լրագրողների հարցերին պատասխանեց Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին:

«Ներկայացուցիչների տան հանրապետականները լուրջ և արժանահավատ մեղադրանքներ են բարձրացրել նախագահ Բայդենի վարքագծի վերաբերյալ։ Ամբողջության մեջ այդ մեղադրանքները կոռուպցիայի մի պատկեր են ուրվագծում»:
ՄըքՔարթնիի խոսքով, Բայդենի հասցեին հնչող մեղադրանքները վերաբերում են «իշխանության չարաշահմանը, [հետաքննության] խոչընդոտելուն և կոռուպցիային», որոնք «պահանջում են Ներկայացուցիչների տան հետաքննության շարունակություն»: