Երբ քննադատել էի նախկին պաշտոնյա Աշոտյանին
Իշխանությունն իմ տարերքը չէ։ Անկախ ով է իշխանությունը, ինչպես է աշխատել, ես միշտ քննադատելու բան գտել եմ։ Պատճառն այն չէ, որ քննադատելու համար «ուշքս գնում է» , այլ այն, որ մտածել եմ՝ եթե սա նկատում ես ու բարձրաձայնում, ուրեմն նրանք ուշադրություն կդարձնեն ու կշտկեն։ Մի փոքրիկ շտրիխով ասածիս ավելացնեմ, որ այս առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առանձնահատուկ է։ Որևէ քննադատություն հաշվի չի առնվում, անգամ արհամարհվում է, շարունակում են անել այն , ինչ իրենց թիմին հաճելի է։ Քրեական հետապնդումների են ենթարկում այլախոհներին , իրենց պես չմտածողներին, գործեր են կարվում նրանց վրա ու ինչքան հնարավոր է՝ արատավորում ու ոչնչացնում են։ Հիմա նախկինների մասին։ Ասեմ, որ քննադատել եմ նրանց, ու ի զարմանս ինձ, շատ հաճախ են նրանցից շատերը մեսիջներով հղում արել ինձ ու փորձել ավելի ճշգրիտ տեղեկատվություն տալ։ Արմեն Աշոտյանին, ինչպես նաև ոմանց, երբեմն «կպնում» էի։ Շրջան կար, որ իրենք կտրվել էին հանրությունից, մեծամտացել։ Դա բնական է, ցանկացած իշխանություն ժամանակի ընթացքում ձևափոխությունների է ենթարկվում։ Տոնական մի օրվա նախօրյակի քննադատական մի հոդվածի էի գրել Աշոտյանի մասին։ Ինքս նրան չէի ճանաչում։ Հաջորդ օրը տոնական շնորհավորանք ստացա նրանից։ Շնորհավորում ու ցանկանում էր ինձ առողջություն ու սուր գրիչ, որպեսզի իրենք կարողանան իրենց տեսնել նաև լրագրողի աչքերով։ Հանկարծակիի եկա։ Դա ինձ համար մեծ դաս էր, որ քննադատելուց առաջ իմանալ, համոզվել, ճշտել ու նոր բան գրել։ Այսօր Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը ցույց է տալիս այս իշխանության մանրուք լինելը։ Մանրուք եմ օգտագործում և ոչ թե մանր։ Նրանք քրեական հետապնդման են ենթարկում նրանց, ովքեր իրենց երկրով մտահոգված են։ Նրանք սև շորով ծածկել են ժողովրդի աչքը, հայելին, որպեսզի նա ոչինչ չտեսնի։ Ով փորձում է մի փոքր բացել այդ սև շորը, Նիկոլի կողմից հետապնդվում է։ Այդ սև շորը, բոլորս միասին մի կողմ պիտի քաշենք ու իրականությանը նայենք։ ոչ թե ամեն օր սպասենք, թե ով կբացի մեր փոխարեն և պետականը սեփական դարձրած մամլիչը ինչպես կիջնի այդ մարդու գլխին։
Կարծիքներ