Ժողովուրդը պատրաստ չէ ընտրություն կատարել

Ժողովուրդը պատրաստ չէ ընտրություն կատարել

Նախօրեին ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաշունչ ելույթ ունեցավ, որը եզրափակեց իրեն հատուկ հռետորաբանությամբ՝ հորդորելով ժողովրդին չհուսահատվել՝ դուխները տեղը պահել, ինչն ԱԺ պատգամավորներն ընդունեցին հոտնկայս ծափահարություններով․ «Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետեւ, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, հայ ժողովուրդն ունի ապագա, եւ մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ եւ հզոր այդ ապագան»։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանից հետաքրքրվեցինք՝ հավատո՞ւմ է ներկայիս իշխանության կողմից կերտվելիք հզոր, երջանիկ, ազատ ապագային, ինչին ի պատասխան Տ․ Հեքեքյանը նշեց, որ չնայած լավատես մարդ է, բայց չի հավատում այն մարդու խոսքերին, ով արդեն 3 տարի զբաղեցնում է իշխանության ղեկավարի պաշտոնը․

«Կարող ես մեկ անգամ խաբվել, երկու անգամ…։ Ես ոչ միայն որպես քաղաքացի, այլ նաեւ աշխատանքի բերումով՝ բազում առիթներ եմ ունեցել համոզվելու, որ այն ամենն, ինչ ասվում է շուրջ 3 տարի, ուղղակի չի համապատասխանում իրականությանը։ Այն, ինչ արվում է, արվում է հասարակությանը դուր գալու համար, բայց հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարելի վստահել մի անձի, ով նույն փաստերի վերաբերյալ կարողանում է իրարամերժ կարծիքներ հայտնել եւ դա անում է պարբերաբար։ Եվ սարսափելի է, երբ դա արվում է բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Սուտ խոսելը դարձել է սովորական մեր երկրում: Այն, ինչը պիտի լիներ խիստ դատապարտելի, օրեցօր դառնում է   համատարած՝ հասնելով զարհուրելի չափերի, քանի որ հասարակության մեջ կա մի զանգված (թեպետ չեմ սիրում, որ մարդկանց մասին խոսում են «զանգված» բառով), որը հանգիստ է ընդունում այս ամենը, իսկ ոմանք նաեւ փորձում են անհեթեթ պատճառներով արդարացնել»,-ասում է Տ․ Հեքեքյանն ու ընդգծում, որ շատ մտահոգ է մեր հասարակության մի զգալի մասի համար, որոնք այլ արժեքներով են ապրում:  

«Երեսուն տարուց ավելի մենք ոչ միայն չկրթեցինք, այլեւ նպաստեցինք, որ այսպիսի հասարակություն ունենանք։ 1990-ականներից հետո՝ հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներով ամեն ինչ արեցինք, որ մեզանում ապրողներն ուրիշ մարդկային նկարագիր եւ մտածողություն ունենան։ Մենք իրենց մտածողությունն ու աշխարհայացքն աղճատել ենք, խեղել, հիմա էլ ասում ենք՝ ինչու են այսպիսին։ Հասարակությունը երեխայի պես է, նրան մշտապես պետք է կրթել հոգեւոր եւ մշակութային հենքի վրա, բարձրացնել մակարդակը, ներարկել հայրենասիրություն եւ մարդասիրություն, արմատախիլ անել նյութապաշտությունը: Արդյո՞ք մենք դա անում ենք, կարծում եմ՝ ոչ։ Պետությունն այդ գործառույթը չի իրականացրել, իսկ վերջերս՝ անգամ տարել է հակառակ ուղղությամբ: Իսկ մենք, ես էլ՝ ձեզ հետ միասին, հավանաբար բավականաչափ չպայքարեցինք, դրա համար այսօր ունենք այնպիսի հասարակություն, որի համար անհանգիստ ենք: Արդյո՞ք ի վիճակի են մարդիկ այսօր սթափ, կշռադատված եւ ճշմարիտ ընտրություն կատարել։ Դրա համար, երբ ասում եք՝ ծափահարություններ են հնչել Ազգային ժողովում, ես չեմ զարմանում, Ազգային ժողովի ճնշող մեծամասնության շնորհիվ այն վերածվել է խեղկատակության: Արժանապատիվ մարդը, նույնիսկ վախից, չպիտի կարողանար մասնակից լինել այս թատրոնին, նույնիսկ՝ լռելյայն»։ 

Վարչապետն իր խոսքում նշեց, որ արցախյան պատերազմում մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է՝ պլյուս-մինուս 50․ այսպիսի որակումն ինչի՞ հետեւանք է՝ անփութությա՞ն, անտեղյակությա՞ն։ «Ես ինձ վիրավորված եմ զգում, երբ Դուք ինձ խնդրում եք մեկնաբանել ոչ առողջ դատողության կամ ոչ հարիր արտահայտության նմանօրինակ դրսեւորումներ։ Սա ո՛չ քննարկելու է, ո՛չ ծիծաղելու, այլ միայն՝ լացելու։ Ինչպե՞ս կարելի է զոհերի, գերիների, անհետ կորածների մասին խոսել պլյուս-մինուսով։ Դու կարող ես ասել՝ 18 սմ, պլյուս-մինուս 2, մեկ մետր՝ պլյուս-մինուս 2 սմ, բայց այդպես խոսել մարդկանց, այն էլ՝ հերոսների մասին, անընդունելի է, իսկ եթե տեղյակ չես, ուղղակի լռիր, որ չալեկոծես վշտի մեջ ապրող հարազատներին եւ դեռ խիղճը չկորցրած, հայրենիքը սիրող իմ շատ սիրելի հայրենակիցներին»։ 

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը քառատող բանաստեղծությամբ պատասխանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ նշելով, որ ոչ թե ատում է նրան, այլ՝ խղճում։ «Եթե պատասխանող էր, թող պատասխաներ Ալիեւի հոխորտանքներին եւ վիրավորանքներին ամենասկզբում, որովհետեւ, երբ Ալիեւը փորձում էր նսեմացնել երկրի վարչապետին, այդ պահին ինձ համար կարեւոր չէր, թե երկրի վարչապետն ով է՝ Պողո՞սը, թե՞ Պետրոսը, որովհետեւ նա դրանով նսեմացնում էր նաեւ իմ կառավարությանը, պետությանն ու  ժողովրդին։ Ա՛յդ ժամանակ թող պատասխան տար, բայց մկան պես մտել էր ծակը․․․ Եվ վերջապես պետք է դադարեցնել ինքասիրահարված ելույթներն ԱԺ-ում, զբաղվել լուրջ գործերով եւ պետականաշինությամբ, նախեւառաջ ամբողջ ներուժով, հաստատակամորեն պահանջել գերիների վերադարձը, այլեւս որեւէ միլիմետր հող չզիջել եւ ամեն ինչ անել՝ ստեղծելու անվտանգության գոտի՝ հանձնված տարածքներում թշնամու հարեւանությամբ բնակվող մարդկանց համար»։

Վերջին շրջանում իշխանական վերնախավը՝ նախ Փաշինյանը, ապա՝ ԱԽ քարտուղարը, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով են հանդես գալիս, ինչի համար Տ․ Հեքեքյանն ամաչում է․ «Ցավոք, այդպես են մտածում իշխանության մեջ գտնվողներ եւ մեզանում ապրող պարզ քաղաքացիներ: Ես ամաչում եմ, որ նման հայրենակիցներ ունեմ, եթե կարելի է նրանց հայրենակից կոչել: Նրանց այդպիսի մտածողության համար պատասխանատու ենք նաեւ մենք, որ չկրթեցինք նոր սերունդը գաղափարապես, հայրենասիրական ոգով, չզինեցինք գիտելիքով, չսովորեցրեցինք տրամաբանել: Մեզ մոտ բացակայել է տարրական մշակութային դաստիարակությունը, այդ մարդիկ ո՛չ գրականություն գիտեն, ո՛չ պատմություն, ո՛չ էլ իրենք ունեն կենսագրություն, դրա համար այս օրն ենք ընկել»։   

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են ելք լինել ստեղծված իրավիճակից։ Տ․ Հեքեքյանն առանձնապես հույսեր չի կապում․ «Ես գտնում եմ, որ սա կտանի այլ հակասությունների, որովհետեւ ժողովուրդը, մենք՝ բոլորս, պատրաստ չենք ընտրություն կատարել, եւ ամենաճիշտ տարբերակը կլիներ ժամանակավոր, կոալիցիոն կառավարություն ձեւավորելը, այս իշխող կուսակցությունից էլ թող լինեին, իրար հակադիր բեւեռներից էլ, արհեստավարժ մարդկանցով կազմեին ապակուսակցական ժամանակավոր կառավարություն, որը մեկ տարվա մեջ փորձեր որոշ կարեւոր բաներ շտկել, ընդհուպ մինչեւ սահմանադրական փոփոխություն, Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք եւ այլն։ Թող լիներ արհեստավարժ ղեկավարների խումբ, ինչպես, օրինակ, Շվեյցարիայում․ թող մի քանի հոգի լինեին պատասխանատու, այսինքն՝ լիներ ժամանակավոր, կոալիցիոն կառավարություն, ստեղծեին բարենպաստ իրավական դաշտ, որի հիման վրա հետո կատարվեին ընտրություններ, հակառակ դեպքում մենք նորից 5 տարի եւ արդեն անվերադարձ մխրճվելու ենք մի վիճակի մեջ, որը կարող է հանգեցնել անդառնալի իրավիճակի: Ավելին՝ ես գտնում եմ, որ Հայաստանում պետք է այլեւս չլինի 5-ամյա կառավարման հնարավորություն, այլ միայն՝ 4, քանի որ այդ ժամանակահատվածը բավարար է իշխանություն ստանձնածներին՝ իրենց գաղափարներն իրականացնելու եւ  ներուժը բացահայտելու համար: Ժամանակը պետք է կարճ լինի, չնայած դավաճաններն ու թշնամիները 5 ամսում էլ կարող են իրականացնել իրենց նպատակները։ Հարկավոր է ստեղծել ճիշտ մեխանիզմներ՝ իշխանության հասած բարձրաստիճան ղեկավարների ոչ հայանպաստ գործողությունները դադարեցնելու համար»: