«Հրապարակ». Աննա Դանիբեկյանը սպասում է որոշմանը, նա դիմելու է ՄԻԵԴ

Բարձրագույն դատական խորհուրդն օրեր առաջ դադարեցրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահն առանց թաքցնելու հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարեւոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի եւ Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին։ Ըստ արդարադատության նախարարի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:
«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով եւ ծանրության աստիճանով: Հետեւաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է որոշման մեջ։
Դատավարությունը տեւել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։
«Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսեւորվող իրավունքի չարաշահումը, տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի այդ, դատավորը չի առանձնացրել եւ առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով եւ հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։ Վերը թվարկված անգործության տարբեր դրսեւորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը եւ բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։ Չնայած դատավորին լիազորություններից զրկելու որոշումը հրապարակվել է, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ սպասում է փաստացի որոշմանը:
- Տիկին Դանիբեկյան, իշխանությունները պնդում են, որ Դուք հանրային պահանջը չեք կատարել, այն է՝ Ռոբերտ Քոչարյանին հավուր պատշաճի չեք դատել, ձգձգել եք դատավարությունը, ապա պատիժ չեք նշանակել, այլ վաղեմության հիմքով ազատել եք պատժից, այսինքն` նախկին նախագահին չեք բանտարկել եւ այլն: Իրավական պետությունում կարո՞ղ է հանրությունը դատավորին պահանջ ներկայացնել:
- Հանրությունը չի կարող ազդել դատավորի վրա, բայց եթե մեկնաբանություն է հարկավոր, ես պետք է սպասեմ որոշումը ստանալուն, պետք է հստակ ընթերցեմ որոշման պատճառաբանությունները, որպեսզի ըստ այդմ մեկնաբանեմ:
- Բայց ԲԴԽ-ն բացահայտ հայտարարել է, որ դա կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:
- Երբ լինի որոշումը, կխոսենք, այո, այս պրոցեսը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, պարզ ասվել է այդ մասին, բայց ես այժմ կսպասեմ պատճառաբանությանը, որպեսզի խոսեմ առարկայական: ԲԴԽ նախագահը բացահայտ հայտարարել է իր պարզաբանման մեջ:
- ԲԴԽ-ն պնդում է, որ գործը ձգձգել եք, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա: Կա՞ ինչ-որ պարբերականություն` դատական նիստերը նշանակելու, ԲԴԽ-ն կարո՞ղ է նման բան որոշել` այս դատը դանդաղ է, մյուսը` արագ։
- Իհարկե` չի կարող որոշել:
- Առաջ Դուք հանդես էիք գալիս պրոիշխանական դիրքերից, իշխանություններն էլ գոհ էին Ձեզնից:
- Ես չգիտեմ՝ ով է ումից գոհ եղել, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, հանրությո՞ւնն էր, թե՞ իշխանությունն էր գոհ` ես չգիտեմ, իմ աշխատանքը կատարել եմ ես:
- Չե՞ք դիմելու ՄԻԵԴ:
- Իհարկե, դիմելու եմ, անպայման:
Կարծիքներ