ՌԴ գենշտաբի քարտեզներով սահմանազատման դեպքում ոչ մի կողմը չի կարողանա առարկել սահմանազատման հարցով 

ՌԴ գենշտաբի քարտեզներով սահմանազատման դեպքում ոչ մի կողմը չի կարողանա առարկել սահմանազատման հարցով 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում:

«Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մեզ, թերեւս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան։ Այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ»,- ասել է Պուտինը: 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի մեկնաբանությամբ՝ սա նշանակում է, որ արցախյան հարցը ՌԴ-ի հսկողության ներքո է։ Եվ քանի որ դեմարկացիան ու դելիմիտացիան, որ պետք է լինեն Գենշտաբի իրենց արխիվներում պահվող ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, ըստ Բադալյանի՝ Ռուսաստանն է որոշելու, թե որ քարտեզները տա, որոնք` ոչ, որից էլ կախված կլինի, թե 2 կողմն ինչպես են իրենց քարտեզները գծելու ու սահմանազատման գործողությունն իրականացնելու։ «Այսինքն՝ ոչ թե Հայաստանն է Ադրբեջանի հետ սահմանագծում իրականացնելու՝ երկկողմանի, այլ ՌԴ քարտեզներով ու ՌԴ մասնակցությամբ»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ մի ոչ պակաս կարեւոր հանգամանք․ 70 տարի գոյություն ունեցած Խորհրդային Միությունում եղել են բազմաթիվ քարտեզներ, որոնցում սահմանագծերը տարբեր տեղերով են անցել։ Այսինքն՝ կուզենան՝ մի քարտեզ կհանեն, կուզենան` մեկ այլ, եւ դրան կողմերից ոչ մեկը չի կարող առարկել։ «Գուցե կփորձեն առարկել, բայց դա ոչ մի արդյունք չի տա»,- նկատեց Բադալյանը։ «Դրա համար էլ Պուտինն ասաց, թե լինելու են փոխզիջումներ։ Այսինքն՝ այնպես չի լինելու, որ Ադրբեջանը մենակ առաջ է գալու, Հայաստանը միայն հետ է գնալու»,- հավելեց Բադալյանը։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ լավ է, որ սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանը որեւէ բան չի կարողանում պնդել։ Բայց կա մի «բայց», որ ՌԴ-ի շահը կարող է եւ չհամապատասխանել Հայաստանի շահին՝ նաեւ սահմանագծման աշխատանքներում տարբեր հատվածների հետ կապված։ «Բայց քանի որ ունենք այն ղեկավարությունը, ինչ ունենք, նաեւ այս պահի դրությամբ պիտի ընդունենք ի գիտություն այն քարտեզը, որը կներկայացնի Ռուսաստանը»,- ասաց Արմեն Բադալյանը։

Այնուամենայնիվ, եթե ինչ-որ տեղանքներում ՀՀ եւ ՌԴ շահերը միմյանց չհամապատասխանեն, հնարավո՞ր է, որ ներկայացվեն համապատասխան քարտեզներ, որով էլ Ադրբեջանը հնարավորություն կունենա իրագործել իր երազած «Զանգեզուրի միջանցքը»։ Բադալյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք չի լինելու», որովհետեւ դրան աներկբա դեմ է Իրանը։ Այն աստիճան է դեմ, որ լինելու դեպքում Իրանի զորքը կմտնի այդ տարածք եւ թույլ չի տա։ «Անգամ մեկ մետր միջանցքի իրավական կարգավիճակով եթե նման բան լինի, իրանական զորքերը կմտնեն Սյունիք, եւ չի բացառվում, որ հասնեն մինչեւ Երեւան եւ բռնի իշխանափոխություն անեն»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 2 օր առաջ վերահաստատելով, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումը նույնն է, ասել էր, որ «ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»։ Սրան հավելենք նաեւ այն, որ վերջին օրերին ազատ արձակվեցին իրանական բեռնատարների վարորդները։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ կարծում է, որ վատ չէ այն, ինչ ասաց Պուտինը։ Եվ նաեւ այն, որ սահմանագծման ու սահմանազատման այդ աշխատանքները պիտի արվեն, որովհետեւ ՌԴ Գենշտաբի քարտեզներով կհաստատվի, որ մի շարք տեղանքներում ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք։ Խոսքը Սեւ լճի եւ Գեղարքունիքի մարզի տարածքներում ադրբեջանական առաջխաղացման մասին է։ «Դրա համար էլ Պուտինը խոսում էր փոխզիջումների մասին»,- ասաց Բաղդասարյանը։ 

Ռուսական կողմի ներգրավումը, նրա մեկնաբանությամբ, պայմանավորված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը եռակողմ փաստաթուղթ է․ այնտեղ կա նաեւ ՌԴ ստորագրությունը։ «Այսինքն՝ ի սկզբանե գործել է այն տրամաբանությունը, որ եթե այն եռակողմ չլիներ, ապա այդ սահմանազատման ժամանակ անընդհատ բախումներ ու պրովոկացիաներ են լինելու»,- ասաց Բաղդասարյանը։