Ինքնիշխանության ավելցուկ ունենք

Ինքնիշխանության ավելցուկ ունենք

Կներեք անհասկացողիս… Նիկոլ, եթե միջանցք չտանք, պատերազմ չի՞ լինի: Խոսիր, այ տղա, կլինի՞, թե՞ չի լինի պատերազմ, եթե միջանցք չտանք: Ես չեմ հասկանում՝ մի՞թե կարելի է այս կարեւոր հարցի պատասխանը թաքցնել սեփական ժողովրդից: Ասում էին, չէ՞, եթե Կիրանցը չտանք, պատերազմ կլինի, ապա՝ հավելում. եթե տանք էլ, գուցե պատերազմ լինի: Իսկ ինչո՞ւ միջանցքի մասին նույնը չեն ասում: Հիմա եթե Պապիկյանը թուրը քաշի ու ադրբեջանական զինված ուժերը վռնդի Սեւ լճից, պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Սեւ լճի մոտ սպիտակ սյուներ դեռ չկան, կարծեմ, եւ Մհեր Գրիգորյանն էլ այդ կողմերը դեռ չի մունդռել իր սահմանազատում-սահմանագծումով: Եվ, ուրեմն՝ պատերազմ կլինի՞, եթե մենք Սյունիքից դուրս վռնդենք ագրեսորին:

Փաշինյան Նիկոլը վերջին շրջանում հաճախ է խոսում հայ-ադրբեջանական «բանակցությունների» երկկողմ ձեւաչափի օգուտներից: Արարատ Միրզոյանն էլ այստեղ-այնտեղ զեկուցում է, որ Փաշինյան Նիկոլին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, եւ Հայաստանը, իբր, պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը: Արդյո՞ք չեն ստում ՔՊ-շնիկներ Նիկոլն ու Արարատը: Նրանք այդ ինչպե՞ս են համաձայնեցրել բոլոր կետերը, եթե մինչ օրս պարզ չէ՝ միջանցք լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, տալո՞ւ ենք, թե՞ չենք տալու, ինչ կլինի, եթե տանք, եւ ինչ կլինի, եթե չտանք: Արարատ Միրզոյան, դու աշխարհ տեսած մարդ ես, ի՞նչ ես կարծում՝ պատերազմ կլինի՞, եթե միջանցք չտանք: Իսկ եթե տանք, դու երաշխավորո՞ւմ ես, որ պատերազմ չի լինի: Բա մեռնեմ ես ձեր ինքնիշխան ջանին, պատասխանեք հարցիս: Իսկ գուցե այդ հարցը որոշողը դո՞ւք չեք: Ես ի՞նչ իմանամ. ռուսները խոսում են, պարսիկները խոսում են, Վաշինգտոնը խոսում է, Լոնդոնը խոսում է, անգամ Զելենսկին է խոսում միջանցքի մասին: Տարբեր բաներ են ասում… Ռուսների համար դա տրանսպորտային ուղիների ապաշրջափակում է, պարսիկների համար՝ կարմիր գիծ, որ չի կարելի հատել, Վաշինգտոնի համար՝ Հայաստանի զարգացման հեռանկար, Լոնդոնի համար՝ փող շինելու տարբերակ, հեռավոր Կոլումբիայի համար՝ «կակաչի ճանապարհ» դեպի Աֆղանստան եւ Միջին Ասիա… Բա 680 հազար ոչխարի քվե ստացած Նիկոլի նման ինքնիշխան վարչապետն այսքանից հետո կլռի՞, որ հիմա լռում է: Չէ, ի՞նչ լռել… Լռվել մնացել է: Էլ չեմ ասում, որ համարյա դարձել է «Լավրովի պլանի մաս»:

Լավ, ենթադրենք՝ միջանցք տալ-չտալը Նիկոլի կառավարության խելքի բանը չէ կամ դուրս է նրա իրավասության շրջանակներից: Իսկ ի՞նչ ասել Սահմանադրության մասին, որ ուզում են փոխել: Ալիեւն ասում է՝ փոխեք, Նիկոլն էլ պատասխանում է՝ հարց չկա, ախպեր, փոխենք: Իմ մեջ, որպես Փաշինյանի վարած քաղաքականության «ջատագովի», մի սովորական հարց է առաջանում՝ եթե մեր Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կսկսվի՞, թե՞ չի սկսվի: Կսկսվի՞: Իսկ եթե փոխենք, չի՞ սկսվի: Այստեղ էլ Փաշինյանը ոչ մի երաշխիք չի տալիս: Գուցեեւ սկսվի, ո՞վ է իմանում:
Թուրքիայում շուտով կգործարկվի Ռուսաստանի կառուցած նոր ատոմակայանի առաջին բլոկը: Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կշարունակի գեներացնել Հայկական ատոմակայանը փակելու խոսակցությունները՝ դա պատճառաբանելով տարածաշրջանի անվտանգությամբ: Ի՞նչ ենք անելու: Թուրքիան մեզ կասի՝ սահմանը չեմ բացելու, մինչեւ Մեծամորը չկանգնեցնեք: Փաշինյան, ե՞րբ ես վերջին անգամ եղել Մեծամորում եւ ի՞նչ ես կարծում՝ եթե ՀԱԷԿ-ը չփակենք, պատերազմ կսկսվի՞: Այո՞: Իսկ եթե փակենք, չի՞ սկսվի: Հա՜ա՜ա՜, երաշխիք չկա:

Ի՞նչ եք ասում, գուցե ավելի հե՞շտ հարցեր տամ: Օրինակ՝ պարոն Ավինյան, կարո՞ղ է հանկարծ պատերազմ սկսվել, եթե Աջափնյակում մետրոյի կայարան բացենք: Մարդ ես, էլի, հանկարծ ու Բաքվի քաղաքապետն ասի՝ դա Էրիվանի ապագա պլանների մեջ չի մտնում: Ասում ես` պատերազմ չի՞ սկսվի: Բա ինչո՞ւ չեք բացում այդ «չարաբաստիկ» կայարանը՝ փո՞ղ չկա: Հաաա, Բաքուն պիտի տար փողը, էն էլ չի տվել: Հասկանալի է, եղածն ուղղել են իրենց տներից քշված կիրանցեցիների համար «մոդուլային» բնակարաններ կառուցելու ծրագրին:

Մի հարց էլ Սուրեն Պապիկյանին տամ: Պարոն Պապիկյան, ինչո՞ւ Ֆրանսիա չես գնում, որ հասկանաս Հայոց բանակին ռազմատեխնիկական աջակցության ծրագրի խաթարման պատճառները: Ի՞նչ եղան «Ռենո» եւ «Պեժո» շարժիչներով կատաղի ինքնագնաց հրթիռանետերը, որոնցից, ըստ քո մարշալների, Ադրբեջանը չի կարող պաշտպանվել:

Պատահաբար Փարիզում չե՞ն կարծում, որ եթե այդ համակարգերը հայտնվեն Հայաստանում, պատերազմ կսկսվի: Իսկ Դելիի՞ց ինչ կա: Ասում էիք՝ հնդկական «Օսա-ականերն» արդեն բարձել ենք նավերը, էսա կհասնեն Բանդարաբաս: Ո՞ւր են հնդկական զենքերը, Պապիկյան, չլինի՞ ծովահենները վրա տվին ու տարան: Բայց մյուս կողմից էլ՝ բա մեզ հնդկական փետուր պե՞տք ա, մեկ էլ տեսար՝ պատերազմ սկսվեց: Իհարկե, ճիշտ եմ ասում, պարոն Պապիկյան, ավելի լավ է դու լինես Պնախարար՝ առանց բանակի: Էդ բանակը շառ ա, շառ:

Օֆ, դե եսիմ, որ կողմ նայում ես՝ ինքնիշխանություն է: Մեր ինքնիշխանությունը երբեք այնքան շատ չի եղել, որքան այսօր՝ Նիկոլի թվին: Առաջ կարո՞ղ էր, արդյոք, ԱԺ նախագահն այնքան ինքնիշխան լինել, որ երկրի ղեկավարից առաջ ընկներ ու Արցախի մասին ինչքան հակասական բան գիտեր, ասեր: Բայց դուք տեսեք, թե ինչ է անում Ալեն Սիմոնյանը: Ալենի այս պահվածքից գյումրեցի ծանոթներիցս մեկի պատմածը հիշեցի: Ասում էր՝ օրթախ ջան, քեռուս տղեն մե 06 է առե, մե 06… Ճիշտ է, պադյոմներին քիչըմ խեղճնա կը, համա սպուսկներին հո չի պոռդռդե, հո չի պոռդռդե… Հիմա ի՞նչ, Ալեն ջան, «պադյոմի» վրա՞ ես, թե՞ «սպուսկի», որ այդպես քեզ «պոռդռդես կը»: Իսկ, առհասարակ, եթե «ինքնիշխան» որոշում կայացնես՝ հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ, պատերազմ կսկսվի՞, թե՞ չի սկսվի: Ներիր ինձ՝ անհասկացողիս, ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել քո պահվածքը: Ինչո՞ւ պետք է պատերազմ սկսվի դե ֆակտո գոյություն չունեցող պետական միավորման նախկին պաշտոնյաների հետ քո հանդիպումից: Ախր, դա նույնն է, թե Պապիկյան Սուրոյի հետ քաղածդ նռներն ուղարկես Բաքու, որ պատերազմ չսկսվի: