Որևէ մեկին ֆավորիտ համարելն արդարացված չէ 

Որևէ մեկին ֆավորիտ համարելն արդարացված չէ 

Փետրվարի 15-ի ժամը 18։00-ն Արցախում  անցկացվելիք նախագահական ընտրություններին գրանցվելու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն էր։ Ընտրությունը կկայանա մարտի 31-ին։ 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել նախագահի  14 թեկնածու, այդ թվում՝ 2 կին. Իսրայելյան Ռուսլան («Անկախության սերունդ» կուսակցություն), Բալասանյան Վիտալի («Արդարություն» կուսակցություն), Մայիլյան Մասիս (ինքնառաջադրում), Ամիրյան Սերգեյ (ինքնառաջադրում), Բաբայան Դավիթ (Արցախի պահպանողական կուսակցություն), Իշխանյան Դավիթ (Հայ հեղափոխական դաշնակցություն), Ղուլյան Աշոտ (Արցախի ժողովրդավարական կուսակցություն),  Բալայան Քրիստինե (ինքնառաջադրում), Խանումյան Հայկ («Ազգային վերածնունդ»), Հարությունյան Արայիկ («Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք), Լալայան Բելա (ինքնառաջադրում), Պողոսյան Մելսիկ (ինքնառաջադրում), Դադայան Աշոտ (ինքնառաջադրում), Բադասյան Վահան («Միացյալ Հայաստան»)։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակներ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինք եւ 10  կուսակցություն․ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք, Արցախի պահպանողական կուսակցություն, «Միասնական հայրենիք», «Ազգային վերածնունդ», ՀՅԴ, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, Արցախի հեղափոխական կուսակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն, «Անկախության սերունդ», «Միացյալ Հայաստան» կուսակցություն։ Վաղը Արցախի ԿԸՀ-ն կհրապարակի ամբողջական ցանկը։

ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանից բացի հայտնի են ցուցակի առաջին 3 համարները․ Արցախի նախկին գլխավոր դատախազ եւ ՎՊ նախկին նախագահ Արթուր Մոսիյան, ԱԺ ներկայիս փոխնախագահ Վահրամ Բալայան, Արցախ ՀՕՄ-ի ատենապետուհի Արմինե Հարությունյան։
Մենք Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեցինք՝ ավելի շատ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների համար են պայքարելու։

- Երկուսի համար էլ պայքարում ենք։ Դե, իսկ ուժերը համատեղ պայքարելու են․ մենք առանձին ենք գնացել ընտրությունների, ոչ թե դաշինքով, եւ այս պարագայում ունենք մեր հաշվարկներն ու մարտավարությունը։

- Ձեզ համարո՞ւմ եք ֆավորիտ թեկնածու։

- Կարծում եմ՝ այս պարագայում որեւէ մեկին ֆավորիտ համարելն այդքան էլ արդարացված չէ՝ նկատի ունենալով, որ նախագահի 14 թեկնածու կա։ 

- Այնուամենայնիվ, բեւեռները կարծես երկուսն են․ Արայիկ Հարությունյան եւ Վիտալի Բալասանյան։ Ինչպիսի՞ թեկնածու եք այս առումով Ձեզ համարում։

 - Կարծում եմ՝ Դաշնակցության թեկնածուին լուրջ թեկնածու պետք է համարենք ոչ միայն մենք, այլեւ մեր ընտրողները, մեր հասարակությունը՝ անկախ անձից, թե առաջադրվողն ով է, որովհետեւ Դաշնակցության առաքելությունը եւ նրա ներկայությունն ինքնին դա է թելադրում։

- Եթե լինի երկրորդ փուլ, ու Դուք չանցնեք, ո՞ւմ եք պաշտպանելու, կա՞ «բ» սցենար։

- Այս պահին նման քննարկումները տրամաբանական չենք համարում։