Ոստիկանները դարձել են այլանդակության գործիք

Ոստիկանները դարձել են այլանդակության գործիք

Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունն, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու, ներխուժել էր «Պոլիգրաֆ» ակումբ, ինչի մասին վաղ առավոտից մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ ակումբի ֆեյսբուքյան էջում հայտնվեց կատարվածի տեսագրությունը. «Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։ Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև՝ ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։ Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա։

Կոչ ենք անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները՝ ոտքի կանգնել մեզ հետ և բարձրաձայնել այս անարդարության դեմ: Ստորագրեք մեր բիոյում տեղադրված խնդրագիրը և տարածեք մեր խոսքերը։ Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն։ Մեր հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք բոլորիդ», - ասված էր պոլիգրաֆի հայտարարության մեջ։ Հայտարարությունից արդեն նկատելի է, որ ակումբ ոչ տրադիցիոն կողմնորոշման մարդիկ են այցելում: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ սորոսական համայնքը բուռն արձագանքեց կատարվածին եւ շատ կազմակերպություններ ու անձինք սկսեցին հաշիվ պահանջել իշխանություններից:

Իսկ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին` կատարվածի առնչությամբ, ինչին նա պատասխանեց․ «Եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին ես կդժվարանամ ասել՝ համաչափ է եղել ուժի կիրառումը, կամ բռնություն եղել է, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ մենք առերևույթ զոհերից ունենում ենք հաղորդումներ եւ ըստ այդմ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում, իսկ հետագայում նաեւ քննչական մարմիններն իրենց իրավասության շրջանակներում համապատասխան արձագանք են ապահովում: Եթե լինեն հիմքեր ծառայողական քննության, ապա դա եւս կիրականացվի: Եթե եղել է իշխանազանցում, ապա համաձայն եմ, որ այստեղ անելիք ունենք»:

Բոլորովին գաղտնիք չէ, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել, անգամ սևազգեստ մայրերի նկատմամբ, սակայն սորոսական շրջանակներն այսպիսի աղմուկ չբարձրացրեցին: Ամենևին չարդարացնելով ոստիկանության վայրագությունները, նկատենք, որ իրենց քաղհասարակություն կոչող միավորները խիստ ընտրողաբար են քննադատում նույն այդ ոստիկանության անմարդկային գործողությունները:

Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կատարված միջադեպին նշում է, որ եթե անգամ ոստիկաններն ակումբում թմրանյութ են փնտրել և հայտնաբերել, ապա դա հենց այդ նույն ոստիկանության վատ աշխատանքի արդյունքն է: Ինչ վերաբերում է բիրտ ուժի կիրառմանն ապա, ըստ Համբարձումյանի այն խիստ անընդունելի է.

«Ոստիկանության այլանդակությունները գիշերային ակումբում և Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին ծեծի ենթարկելը հավասար հարթության վրա դնելն ինձ համար ընդունելի չեն: Թեպետ մարդը, մարդ է, իրավունքներն էլ հավասար են, սակայն կան այլանդակներ` վարչապետի և ՔՊ-ականների նման և կան հայրենասեր լավ մարդիկ, որոնց այլանդակների հետ չենք կարող հավասար հարթության վրա դնել: Նարկոտիկը խեղդել է գիշերային ակումբները, սա բոլորս էլ գիտենք: Ընդ որում` ՔՊ-ականների հովանավորությամբ: Ես դետալներին մանրամասն ծանոթ չեմ և հստակ գնահատականներ տալ չեմ կարող, սակայն մարդուն ծեծելը, ծաղրելը այլանդակություն է: Ոստիկանները դարձել են այլանդակության գործիք: Այսօրվա ոստիկանները միայն մեկ գերխնդիր ունեն` ամեն գնով պահպանել ճիվաղի ու նրա ընտանիքի անվտանգությունը: Այդ մարդիկ այլ նպատակ այս կյանքում չունեն»:

Համբարձումյանի խոսքով` բոլոր տեսակի հանցագործությունների թվերը կտրուկ աճել են և իրավապահ համակարգը պետք է այդ մասին մտածի, ոչ թե տարեց կնոջը` ակումբի մարքուհուն բռնության ենթարկի: Հարցին, թե վերջին հինգ տարվա ընթացքում ի՞նչ աննախադեպ դաժան գործողությունների են դիմել ոստիկանները, ինչը կառանձնացնի, Գագիկ Համբարձումյանն ասաց. «Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ տեղի ունեցած այլանդակություններն աննախադեպ են: Հղի կնոջը վրաերթի ենթարկելը ևս աննախադեպ դեպք էր, որը շրջանցեց իրավապահ համակարգը: Գլխավոր ճիվաղը որևէ պատասխանատվության չենթարկվեց` հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար: Նման դեպք ես չեմ հիշում: Ընդդիմադիրներին էլ ցուցադրաբար` ստորացնելով բերման են ենթարկում, սա ևս աննախադեպ է»-, խոսքը եզրափակեց Գագիկ Համբարձումյանը: