Վարդանյանի հեռացումը Բաքու-Մոսկվա պայմանավորվածությունների արդյունք էր

Վարդանյանի հեռացումը Բաքու-Մոսկվա պայմանավորվածությունների արդյունք էր

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

-Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանն առ այսօր շրջանցում է: Ինչո՞ւ: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանը չբացի Լաչինի միջանցքը Հաագայի դատարանի վճռից հետո:

-Ադրբեջանը հստակորեն ցույց է տալիս, որ իրենք մտադրություն չունեն բացել միջանցքն ու կատարել դատարանի որոշումը: Կարծում եմ՝ միջազգային իրավունքի մասնագետները կարող են հստակ մատնանշել, թե ինչպիսի գործիքակազմ կա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Իմ ընկալմամբ՝ հարցը կարող է նորից վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ, քանի որ ՄԱԿ անդամ երկիր Ադրբեջանը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը: Բայց պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ քննարկումը հաջողվի, ունենա առարկայական նշանակություն:  
 
-Ռուբեն Վարդանյանի հրաժարականը շատերի մոտ համոզմունք էր առաջացրել, որ միջանցքը բացվելու է, սակայն ինչպես տեսանք, Վարդանյանի հրաժարականը ևս չազդեց Ալիևի վրա:

-Ես վստահ էի, որ դրանից հետո Ադրբեջանը չի բացելու միջանցքը, քանի որ իրենց գործելաոճն այդպիսին է՝ քայլ-քայլ հասնել բոլոր պահանջների կատարմանը: Եթե անգամ ադրբեջանցիները ռուսական կողմին խոստացել էին, որ Վարդանյանի հրաժարականից հետո քայլեր կձեռնարկեն միջանցքի բացման ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ հիմա հետքայլ են անում այդ խոստումներից: Լավրովի այցը ու Բաքվում հնչած ելույթները հիմք էին տալիս ենթադրելու, որ Լավրովը չի կարողացել հասնել այն արդյունքներին, ինչ նպատակով մեկնել էր Բաքու: Նրա այցից հետո Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումների վերաբերյալ ադրբեջանական կողմը բոլորովին այլ խոսույթ սկսեց տարածել: Նրանք դա կոչեցին «ինտեգրման գործընթացի սկիզբ», իսկ Ստեփանակերտը մի քանի մակարդակով դա մերժեց: Ի պատասխան՝ Բաքուն խախտեց հրադադարը՝ Մարտունիի ուղղությամբ կրակ բացելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

-Այդ դեպքում ո՞րն էր Վարդանյանին պաշտոնանկ անելու նպատակը:

-Ես մնում եմ այն համոզման, որ Վարդանյանի հեռացումը Բաքու–Մոսկվա պայմանավորվածությունների արդյունք էր նախևառաջ: Պատահական չէ, որ նա հեռացվեց Լավրովի այցի նախօրեին, բայց Մոսկվան չկարողացավ դա այնպես «վաճառել» ադրբեջանական կողմի վրա, որպեսզի հասնի միջանցքի բացմանը: Դա սխալ հաշվարկ էր ու չարդարացված քայլ, քանի որ որևէ դրական արդյունք չտվեց, ընդհակառակը՝ Բաքուն հասկացավ, որ կարող է ճնշումներով հասնել իր նպատակների իրագործմանը, դրանից հետո նրանք միմիայն կավելացնեն ճնշումները Արցախի նկատմամբ: Փաստացի, Բաքուն ազատվեց այն մարդուց, որ Արցախի տեսակետը ինտենսիվորեն ներկայացնում էր միջազգայիններին, ուներ կապեր և հնարավորություններ: Վարդանյանի հեռացմամբ Ալիևը փորձում է դուրս բերել արցախյան հարցը միջազգային լրատվամիջոցների քննարկումների դաշտից, իսկ հետո անցնել իր մյուս նպատակների իրագործմանը, որոնց վերջնանպատակն անփոփոխ է՝ ազատվել Արցախում ապրող հայերից: Ալիևն ինքն է բազմաթիվ անգամներ դա խոստովանել:
 
-Վարչապետ Փաշինյանը Բեռլինում հայտարարեց, որ իրեն Հայաստանում համարում են ադրբեջանամետ գործիչ: Այս հայտարարությունն ինչի՞ համար արեց վարչապետը՝ Ձեր կարծիքով:

-Ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ: Միգուցե Փաշինյանն ինքն իրեն պատասխանի, թե ինչու՞ են իրեն այդպիսին համարում, ի՞նչ քայլեր է անում, որ նման կարծիք է ձևավորվում, բայց թող փորձի դա անել՝ առանց նախկիններին հիշելու: Վստահ եմ՝ որպես նախկին ընդդիմադիր պատգամավոր ու երբեմնի լրագրող, որ կարող էր փաստերով խոսել, Փաշինյանը բազմաթիվ դրվագներ կհիշի իր կառավարման շրջանից այդ հարցին պատասխանելու համար:
 
-Միջազգային հարթակներում ինչի՞ մասին պետք է խոսի վարչապետը:

-Նա պետք է ներկայացնի Հայաստանի տեսակետը խաղաղության մասին: Բովանդակային ու հստակ կետերով սահմանի, թե ինչ ենք մենք պատկերացնում խաղաղություն ասելով: Ես բազմիցս նշել եմ, որ Փաշինյանն ու իր թիմը եկել են իշխանության հստակ նախընտրական ծրագրով, հետո հաստատվել է կառավարության հնգամյա ծրագիր, որտեղ արձանագրվել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խոստում: Բայց նրանք իրենք են «մոռացել»՝ ինչ են գրել իրենց ծրագրում և ամեն օր նորովի են մեկնաբանում իրենց իսկ հռչակած «խաղաղության օրակարգը»:Պետք է լինեն երեք կամ հինգ գլխավոր թեզեր, օրինակ՝ Հայաստանը դուրս չի գա Արցախի հետ կապված քննարկումներից՝ մինչև չլինի Բաքու-Ստեփանակերտ քաղաքական երկխոսություն՝ միջազգային մեխանիզմների ներքո: Կամ՝ ներկայացվի, թե ինչպես է Ադրբեջանի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք դառնում ամբողջ տարածաշրջանի համար: Միտքս հետևյալն է՝ Հայաստանը պետք է հանդես գա օրակարգերով, խաղաղության մասին իր տեսլականով, չի կարելի շարունակ լինել արձագանքողի դերում: Դա պետք է արվի նաև հանրային, բաց հարթակներով, որպեսզի դաշտում քննարկվեն հայկական առաջարկները, այլ ոչ թե ադրբեջանական տարբերակները: