Լուկաշենկոն և թավշյա հեղափոխությունը

Լուկաշենկոն և թավշյա հեղափոխությունը

Հայաստանում արմատներ նետած սորոսական քաղհանրույթը, քանի դեռ լուր չկար այն մասին, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, կոկորդով մեկ բղավում էր այդ հանրապետությունում տեղի ունեցած ընտրություններում բռնությունների, Լուկաշենկոյի դեմ սկասված «չուծ լի նե» համաժողովրդական բողոքի մասին: Համեմատում էին Հայաստանն ու Բելառուսը, գրում, որ ահա՝ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որ մեր առջև դռներ բացեց դեպի առաջադեմ աշխարհ, իսկ Բելառուսում Լուկաշենկոն հաղթեց ժողովրդին՝ աշխարհի դռները փակելով իր երկրի առաջ: Նույն օրը երեկայան, սակայն, հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը ջերմագին շնորհավորել է Լուկաշենկոյին՝ հաղթանակի և նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ սորոսական քաղհանրույթի հոգեվիճակում, դժվար է բառերով նկարագրել: Բելառուսում չէր ստացվել այն, ինչ ստացվեց Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում՝ «գունավոր» իշխանազավթում: Իսկ ամենաուշագրավն էլ այն է, որ ընտրությունների նախօրյակին Լուկաշենկոն բաց տեքստով սորոսական Արևմուտքին ասել էր. «Մենք ձեզ երկիր չենք տա»: Ասաց ու արեց: Փոքրիկ անկարգությունները, որ հետևեցին ընտրություններին և Հայաստանում ներկայացվեցին որպես «համաժողովրդական» բողոք Լուկաշենկոյի դեմ, շատ արագ մարեցին: Լուկաշենկոյի հաղթանակը ապացուցեց, որ Բելառուսն իրավամբ ինքնիշխան երկիր է՝ ընդունակ դիմակայելու գլոբալիզացիայի անվան տակ նորանկախ երկրներ արտահանվող սորոսական աղբին:

Ինչևէ, Փաշինյանի շնորհավորական հեռագրից հետո Հայաստանում բուն դրած սորոսական քաղհանրույթը, ասես Ապարանի ջուր խմած, արագ հանդարտվեց և սկսեց ելքեր փնտրել ստեղծված ամոթալի իրավիճակից: Հիմա էլ ասում են՝ Փաշինյանը ճարահատ է շնորհավորել, որպեսզի դուրս չմնա պատշաճության սահմաններից: Թուրքը կասեր՝ «իլլաջ յոխտուր՝ խարաշո», բայց մեր սորոսականներն, ի պատիվ իրենց, այդքան էլ միագիծ չեն մտածում: Հաղթահարելով այլայլմունքը՝ նրանք չեն մոռանում նաև Նիկոլ Փաշինյանի «հաղթական» կերպարի մասին: Բա իմացե՞լ եք, Ալիևը բոլորից առաջ «հետույք է մտել»՝ զանգահարելով Լուկաշենկոյին, մինչդեռ մեր Նիկոլ Փաշինյանը, հերոս եմ ասել, պատշաճությունը պահելու նկատառումներով է ընդամենը հեռագրել: Լուկաշենկոն ո՞վ է, որ մի հատ էլ Նկոլը զանգեր… Բատկան հիմա ժամանակետն անցած մի գործիչ է, որ կփորձի իրենով լցնել այն հսկա տարածությունը, որ առաջացել է Բելառուսի նախագահի տեղում: Սրան էլ հետևում է թավշյա հեղափոխության առաջնորդի հերոսացման վերջին դրվագը՝ Բելառուսի իշխանությունում առաջացած վակուումից շատերն են տաք շագանակներ հանելու, և Փաշինյանի շնորհավորական հեռագիրն էլ հայտ էր՝ Հայաստանին հասանելիք շագանակներն ստանալու համար: Դուք մի լավ ծիծաղեք, իսկ ես անցնեմ առաջ:
Եթե Բելառուսում տեղի ունեցածը պրոյեկտելու լինենք հայաստանյան իրականության վրա, ապա հնարավոր կլինի ասել, որ Բելառուսում հաղթեցին «նախկինները»:

Սա ՀՀ իշխանությունների համար պետք է որ ահազանգ լինի ոչ միայն «նախկինների հաղթանակ» արտահայտության բերումով, այլև այն իմաստով, որ աշխարհի բարոյահոգեբանական գլոբալիզացիայի ժանտախտն այնքան էլ անհաղթահարելի չէ, ինչպես հավատացնում են իրենց արևմտյան տերերը: Լուկաշենկոյի հաղթանակը Բելառուսի նախագահական ընտրություններում, եթե այն գնահատելու լինենք հայաստանյան արձագանքներով՝ մեծամասնության հանդարտ վերաբերմունքի և սորոսական սահմանափակ հանրույթի անհարկի ճղճղոցի համեմատության մեջ, ապա կարելի է ասել, որ Լուկաշենկոն հաղթել է նաև Հայաստանում՝ «նորի» և «նախկինի» պայքարում: Փաշինյանի շնորհավորական հեռագիրը նաև այս տեսանկյունից պետք է գնահատել և հստակ արձանագրել այսպես կոչված թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության գաղափարական և դե ֆակտո սնանկությունը: Այդ հեղափոխությունը Հայաստանին չի տվել ոչինչ, եթե չասենք, որ Հայաստանը վերածել է նույնիսկ ներքին խնդիրները լուծել չկարողացող մի իզգոյ պետության, որի հետ այսօր մեծագույն դժվարությամբ են հարաբերություններ պահպանում անգամ երեկվա դաշնակիցները:

Կարող եք, իհարկե, հակադարձել, որ բելառուսի ժողովուրդը մնաց Լուկաշենկոյի լծի տակ, թալանն ու ապօրինությունները շարունակվելու են, դանդաղելու են Եվրոպայի հետ ինտեգրումների տեմպերը… Թույլ տվեք չհամաձայնել այս պնդումներին, քանի որ իմ աչքի առջև է թավշյա հեղափոխության երկամյա փորձը: Մի՞թե ակնհայտ չէ, որ մեր ժողովուրդը մնացել է Նիկոլ Փաշինյանի ու նրա սովահար թիմի լծի տակ, մի՞թե մենք ամեն օր ականատեսը չենք օրինականացված թալանի ու խայտառակ ապօրինությունների, մի՞թե հսկայի քայլերով ենք շարժվում դեպի Եվրոպա: Սրան ավելացրեք նաև մեզանում տեղի ունեցած բարոյական անկումն ու պառակտումը, և պատկերը, կարծում եմ, ամբողջական կդառնա:

Ամենևին էլ պատահական չէ, որ ՀՀ իշխանություններն այսօր բոլոր հնարավոր խոսափողներով սկսել են քննադատել ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ վերջիններիս ակտիվացման մեջ տեսնելով նրանց վերադարձի հեռանկարը: Իսկ այդ հեռանկարը միանգամայն ռեալ է, որովհետև ՀՀ իշխանությունները երկու տարում այդպես էլ չկարողացան հաղթահարել «նախկին նախագահների» ֆենոմենը՝ հենց նրանց համարելով քաղաքական հակառակորդ, հեղափոխության թշնամի և իրենց պաշտոնանկ անելու գործում ֆավորիտ: ՀՀ իշխանություններն անընդունակ գտնվեցին քաղաքական դաշտն իր ողջ գունապնակով ընկալելու հարցում: «Նախկիններից» բոբո կերտելու այդ մտասևեռումը ՀՀ իշխանություններին դուրս մղեց քաղաքական գործընթացներից ոչ միայն արտաքին հարաբերություններում, այլև երկրի ներսում: Նրանք ոչ կարողանում են նորմալ շնորհավորել Լուկաշենկոյին, ոչ էլ ազատվել «կոնսենսուս մինուս մեկ» ֆորմուլայից: Արդյունքում ոչ կորոնավիրուս է հաղթահարվում, ոչ Ամուլսարն է շահագործվում, ոչ կրթական ռեֆորմն է մի բան, ոչ էլ թվացյալ հաղթանակը, որ տարել են Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Թե ասեմ՝ սթափվեք, ուշ է արդեն, ընդհուպ՝ անիմաստ: Սորոսական սայլը ճանապարհ է ընկել ու մինչև մեր քարքարոտ ճամփեքին վերջնականապես քարուքանդ չլինի, չի կանգնելու: Նիկոլին չեն թողնելու կանգնել: Կանգնեց՝ իսկույն կփոխեն, ինչպես Իրաքում փոխեցին իրենց հովանավորյալ Սադդամին, Եգիպտոսում փոխեցին իրենց դրածո մուսուլման եղբայրներին, Վրաստանում՝ Սահակաշվիլուն, Ուկրաինայում՝ Պորոշենկոյին և այլն: Թվարկվածները բոլորն էլ «հեղափոխականներ» էին սկզբում, բայց մեկին կախեցին, մյուսն իր կյանքն ավարտեց բանտում, երրորդը փախավ երկրից, չորրորդին դատավարություններ են սպասվում: Որքա՞ն կձգվի սորոսական սայլի ընթացքը Հայաստանում: Կարծիքներն այս հարցում տարբերվում են, նշվում են տարբեր ժամկետներ: Գուշակությունը ես անշնորհակալ գործ եմ համարում, բայց, չգիտես ինչու, մտածում եմ, որ Լուկաշենկոյի հաղթանակը խոսում է նաև այն մասին, որ աշխարհում ավարտվում է գունավոր հեղափոխությունների դարաշրջանը: Ազգերն ու ժողովուրդներն արդեն գիտակցում են, որ իրենց հրամցվող պսպղուն հեղափոխությունները կոնֆետի թուղթեր են, որոնցով դատարկ պոպուլիզմ է փաթեթավորված: