«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի ոդիսականը

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի ոդիսականը

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը տարիներ շարունակ եղել է փակ կառույց, որի ներքին կյանքի մասին հանրությունը ոչինչ չի իմացել: Այն ըստ էության զինվորական թանգարան է, որը գործում է Պաշտպանության նախարարության անմիջական ենթակայության ներքո: Տարբեր բարձրաստիճան զինվորականներ իրենց կանանց, ազգականներին ու մտերիմներին փորձել են աշխատանքի տեղավորել այս թանգարանում, որպեսզի բոլորի աչքից հեռու լինելով՝ մի տաքուկ անկյուն գտնեն ու պետության հաշվին ճոխ կյանք վայելեն: Ձեռքի հետ էլ մեկը մյուսի ետևից նրանք «ծանոթի կարգով» ձեռք են բերել զինվորական կոչումներ, քանի որ թանգարանում զինվորական հաստիքների աշխատավարձերը անհամեմատ բարձր են քաղաքացիական հաստիքների աշխատավարձերից: Արածներն էլ ի՞նչ է. շաբաթը երկու անգամ մի քանի ժամով հաճախելիություն, տարվա ընթացքում մի երկու միջոցառում, անգիր արած ցուցադրություններ, ոչնչի դիմաց խրախուսանքներ, փոխարենը՝ մի շարք զինվորական արտոնություններ և բավական բարձր պետական աշխատավարձ: Տարիներ շարունակ մարդիկ վարժվել են «աշխատանքային» այս ռիթմին: Բայց սա դեռ ամենը չէ: Կխոսենք օրենքի այն կոպիտ խախտումների մասին, որոնք թույլ է տալիս թանգարանի ներկայիս տնօրեն փոխգնդապետ Կարեն Մելիք-Թանգյանը՝ հետհեղափոխական «նոր» Հայաստանի պայմաններում:

Արդեն մի քանի ամիս է, որ վաղուց ավարտվել են թանգարանում զինվորական հաստիքներ զբաղեցնող պաշտոնյաների զինծառայության պայմանագրերի ժամկետները, սակայն այդպես էլ նրանք ո՛չ զորացրվել են, ո՛չ էլ երկարացվել է նրանց պայմանագրերի ժամկետները: Հակառակ այս իրողությանը՝ թանգարանի «ժամկետնանց» զինվորական աշխատակիցները մինչ օրս շարունակում են զբաղեցնել իրենց զինվորական հաստիքները բարձր աշխատավարձերով: Սա, բնականաբար, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, քանի որ այդ մարդիկ, փաստացի օդում կախված լինելով, շարունակում են պետական բյուջեից բարձր աշխատավարձեր ստանալ: Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին չի երկարացնում նրանց պայմանագրերը, քանի որ մտադիր է թանգարանից առհասարակ լուծարել բոլոր զինվորական հաստիքները՝ առանց բացառության: Շուրջ մեկ տարի է, որ այս գործընթացը անհասկանալի պատճառներով ձգձգվում է, բայց այդպես էլ չի գտնում իր հանգուցալուծումը:

Այստեղ հարց է առաջանում, որ եթե թանգարանից վերացվեն զինվորական հաստիքները, ինչը ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ ոչ միայն հաստիքացուցակում, այլև հիմնարկի կանոնադրությունում, արդյո՞ք պահպանվելու են հիշատակված բարձր աշխատավարձերը: «Մայր Հայաստան» թանգարանը, որքան էլ ունենա ռազմական պատմության ուղղվածություն, այնուամենայնիվ, հանրապետության մյուս թանգարանների նման դասվում է մշակութային հաստատությունների շարքին: Սա նշանակում է, որ թանգարանի հաստիքները պետք է դասակարգվեն «Մ» ծածկագրի ներքո, որը ենթադրում է ցածր աշխատավարձ: Արդեն տևական ժամանակ է, որ թանգարանի տնօրենը տարբեր ձևերով փորձում է համոզել նախարարությանը, որ հաստիքացուցակի փոփոխության արդյունքում որոշ հաստիքներ դասակարգվեն ոչ թե «Մ», այլ «Գ» ծածկագրի ներքո, որպեսզի շարունակեն առաջվա նման ստանալ բարձր աշխատավարձեր: Հիշեցնենք, որ «Գ» ծածկագիրը տրվում է այն գիտահետազոտական հաստատություններին, որոնք ունենում են գիտական արտադրանք: Այդ շրջանակից վստահաբար դուրս են բոլոր տեսակի թանգարանները, այդ թվում՝ այս թանգարանը: Այսինքն, եթե մի օր պարզվի, որ Պաշտպանության նախարարությունը «Մայր Հայաստան» թանգարանին տրամադրել է «Գ» ծածկագիր, ապա դա նույնպես լինելու ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով:

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, կարելի է ասել, գիտական կյանքը մեռած է, որը վերակենդանացնելու համար թարմ ուժերով գիտաշխատողներ են հարկավոր: Փաստացի թանգարանում մինչ օրս գոյություն չունի գիտական խորհուրդ, որը նախատեսված է հիմնարկի կանոնադրությամբ  սահմանված աշխատանքային բնութագրով: Մինչև հիմա ինչ գիտական և հրատարակչական գործունեություն, որ եղել է, դա հիմնականում արվել է թանգարանի նախկին տնօրեն Ավագ Հարությունյանի օրոք, ով մասնագիտությամբ պատմաբան է, ունի հեղինակային մի շարք մենագրություններ, զարգացած և լուրջ անձնավորություն է: Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանի մասին, ով, չունենալով հումանիտար կրթություն, հեռու լինելով մշակույթից ու գիտությունից, նախարարությունում և պետական մյուս օղակներում իր սերտ կապերի ու ծածուկ հովանավորչության շնորհիվ հայտնվել է թանգարանի տնօրենի աթոռին՝ միաժամանակ իր աշխատանքային առօրյայից մի զգալի մաս հատկացնելով սեփական տպարանի ձեռնարկատիրական գործունեությանը:

Որևէ հաստատության, այդ թվում՝ թանգարանի տնօրեն պարտավոր է գործել բացառապես այդ հիմնարկի կանոնադրությամբ, իր վերադաս մարմինների օրինական պահանջներով և ՀՀ օրենսդրությամբ: Ցավոք, թանգարանի տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանն այնքան հեռու է վարչարարությունից և օրենսդրության իմացությունից, որ զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ նա սկզբից մինչև վերջ չի էլ կարդացել թեկուզ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը: Երևի ինքը դրա կարիքը չունի, քանի որ սովոր է պետական հիմնարկը ղեկավարել իրեն բնորոշ «տնավարի» և բիրտ մեթոդներով: Թանգարանի շատ աշխատակիցներ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած հաստիքներին, ինչն էլ կարող է դուռ բացել տարատեսակ զեղծարարությունների՝ ստեղծելով աշխատանքային անառողջ մթնոլորտ:

Հույս ունենանք, որ այս հրապարակումից հետո ինչպես Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ի վերջո լրջագույնս կզբաղվեն «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի հարցով և վերը շարադրվածը պարզելու ու գնահատականներ հնչեցնելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում այնտեղ կիրականացնեն ծառայողական անաչառ քննություն, ինչպես նաև կանցկացնեն որակավորման ատեստացիա՝  թանգարանի աշխատակիցների կրթության, մասնագիտական կարողությունների ու նրանց զբաղեցրած հաստիքների համապատասխանությունը ստուգելու համար:

Համլետ Գևորգյան