Մերժված հետագծերի հատման վայրում

Մերժված հետագծերի հատման վայրում

Սիրելի ընթերցողներ, ես մեղավոր չեմ, որ ինչքան էլ գրում ու խոսում եմ այսօրվա ՀԱԿ-ի մասին, այդ ուժը ոչ մի կերպ չի բարձրանում ջրի երես: Քաշում եմ, բզբզում, հրում, երբեմն անվայելուչ խոսքեր ասում, երբեմն՝ սիրաշահում, բայց, միեւնույն է, ՀԱԿ-ը չկա: Վերջերս կենդանության մի մասնակի դրսեւորում ունեցան, այն էլ՝ Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության կապակցությամբ: Գրել էին, որ պահանջում են լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները, ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը եւ երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, բայց նաեւ հավելել. «…տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»»:

Որոշեցի հասկանալ, թե այդ հայտարարության մեջ որ կետերն են միջազգային իրավունքի տեսակետից այդքան խոցելի: Կարդում եմ, օրինակ, այսպիսի 2 կետ. «Պետք է բացառել որեւէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում ՀՀ տարածքով», «ՀՀ եւ Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը»: ՀԱԿ-ը համաձայն չէ, ի՞նչ կարող ես անել: Այստեղ համաձայն չեն նաեւ, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ հնարավոր երկխոսությունը տեղի ունենա միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով եւ հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որեւէ պարտադրված օրակարգով: ՀԱԿ-ը չի ընդունում նաեւ, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան, եւ պետք է բացառել վերադարձն անկլավներին: ՀԱԿ-ը միջազգային օրենքներին հակառակ է համարում նաեւ կուսակցությունների պնդումն առ այն, որ միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձեւաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ եւ միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը: Եվ, վերջապես, ՀԱԿ-ը չի ուզում հայտարարել, որ ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը, եւ Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով: Այսքանից հետո բնական հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի մեծ ազգակործան պատուհասը՝ Նիկո՞լը, որի վարած անխոհեմ քաղաքականության դեմ միավորվել են Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների կուսակցությունները, թե՞ ՀԱԿ-ը, որ չի միանում այդ հայտարարությանը: Ավելի մեծ աջակցություն Փաշինյանին եւ նրա ձախողված կառավարությանը, չէր էլ կարելի երեւակայել: Տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ կաթողիկոսների նախաձեռնությամբ նախագահներին մեկ սեղանի շուրջ հավաքելու ժամանակ: ՀԱԿ-ը, իսկ ավելի ստույգ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տապալեց այդ նախաձեռնությունը:

Պապին, սակայն, պապի չէր լինի, եթե թույլ տար, որ այս ամոթը մնար ՀԱԿ-ի երեսին: Եվ նա երեկ չէ առաջին օրը, երբ պարզ դարձավ, որ հերոսածին Գայանե Հակոբյանին կալանավորել են, մի երկու ժողովրդահաճո բառ չասեր ու ցեխը չկոխեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը: Է՛լ լկտի, է՛լ բան… Ասում է՝ իրավիճակը մտահոգիչ է, իսկ այսպես շարունակվելու դեպքում, այսինքն՝ եթե Նիկոլը շարունակի թքել ռազմի դաշտում որդիներին կորցրած մայրերի երեսին, երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասվում: Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունից հետո, մեղքս ի՞նչ թաքցնեմ, անհամբեր սպասում էի Նիկոլի ասուլիսին, որ տեսնեմ՝ պապիի ասածները տե՞ղ են հասել, թե՞ չէ… Չէ, պապի, «էտըտ Նիկոլ տեբե սավսեմ նե ուվաժաետ, սլուշի»: Վեր կացավ հայտարարեց, թե՝ որ հարցն այդպես եք դնում, ուրեմն ես ու Աննա Հակոբյանն էլ ենք հերոսածին: Թե բա՝ Աշոտն ինձ «սաղ» պատմել ա, ու ես համոզվել եմ, որ նա ճիշտ է, իսկ տիկին Գայանեն՝ սխալ, ու տիկին Գայանեն պետք է մնա անազատության մեջ: Հետո սիրուն սղղացրեց ռուս խաղաղապահներին Արցախից եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս հրավիրելու խոսակցության նախաբանը, ինչպես նաեւ վերահաստատեց, որ պատրաստ է ստորագրելու Հայաստանին դեմ տրվելիք ցանկացած փաստաթուղթ, որը թույլ կտա իրեն մնալ վարչապետի աթոռին:

Հետաքրքիր է, թե ինչ կասի Լեւոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի այս դարակազմիկ ասուլիսի մասին, ամբողջությա՞մբ է համամիտ նրա մտքերին, թե՞ ունի որոշ վերապահումներ: Արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հերոսածի՞ն են, արդյոք Աննա Հակոբյանն ու Աշոտը հերո՞ս են, արդյոք Նիկոլն Աննա Հակոբյանի առաջ ծնկի՞ է գալիս՝ որպես հերոսածին մոր: Մարդ ես, էլի, գուցե Նիկոլ Փաշինյանը հայելու դիմաց ծնկի է գալիս նաեւ ի՞ր առաջ, որովհետեւ ինքն էլ հերոսածին հայր է… Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստա՞հ է, որ երիտասարդ, տակավին դեղնակտուց դատավորին հենց հերոսածին Նիկոլը չի հրամայել կալանավորել պատերազմի դաշտում որդուն կորցրած հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին, ու այդ աղմուկի ներքո իր դրսի տերերին հասցնելու, որ ինքը պատրաստ է իրագործելու նրանց հերթական դիրեկտիվները:

Հետաքրքիր մարդ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իբր չգիտի, թե ինչի համար է Աշոտիկով այս ճաշը, միամիտ-միամիտ ընկել է պեչենու բաղերը, թե՝ «անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսեւորումները»: Մեկը լինի, հարցնի՝ այ պապի, որեւէ մեկը քո ընտանիքի անդամին անպարկեշտ բառ ասած կա՞: Իսկ թե հիմա հանրությունն ինչու է անպարկեշտ վերաբերմունք դրսեւորում իշխանության ներկայացուցիչների ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, կարծում եմ, նա ինձնից լավ գիտի: Եվ, իսկապես, ուրիշ ի՞նչ է մնում այդ հանրությանն անելու, երբ Գայանե Հակոբյանին կալանք տալուց հետո վարչապետն իր ընտանիքով շտապում է ոմն Վալոդի աղջկա հարսանիքին:

ՀԳ. Այսուհետ ԱԺ-ում եւ կառավարությունում Նիկոլին դիմել՝ «ձերդ հերոսածին մեծարգո պարոն վարչապետ»: Իսկ հետո՝ որտեղ կտրի կապը…