Խոյի գլխավորությամբ առյուծների բանակի պարտությունը

Երբ կանգնում ես պատերազմի գլուխ, պատասխանատուն դու՛ ես։ 44-օրյա պատերազմից հետո իրեն գերագույն հրամանատար հռչակած անձն առ այսօր փնտրտուքի մեջ է, թե ո՞վ է մեղավոր, որ տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ եղան։ Ո՞վ է մեղավոր, որ ինքը կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել։ Ո՞վ է մեղավոր, որ Արցախը հանձնեց։ Ո՞վ է մեղավոր, որ թշնամին բնավորվել է ՀՀ սուվերեն տարածքում։ Քննիչ հանձնաժողով է ստեղծել՝ իր կատարմամբ, և իբր մեղավորներ է փնտրում։ Պատերազմի խայտառակ պարտությունից առ այսօր զբաղված է դատողություններ անելով, մեղավորներ փնտրելով, մոռանալով, որ դատողություններ անում, ծրագրեր կազմում են պատերազմից առաջ կամ ընթացքում, հիմա անօգուտ ու վտանգավոր է։ Նապոլենն ասում է․ «Ճակատամարտից առաջ ամեն ծրագիր լավ է, մարտից հետո ամեն ծրագիր վատ»։
Հիմա բոլոր ծրագրերը կազմվում, բոլոր դատողություններն արվում են, որպեսզի քաղաքական նկատառումներով, քրեական հետապնդումներով լռեցվի այն մարդկանց, ովքեր հասկանում ու բարձրաձայնում են, որ երկրի, ղեկավարը, գերագույն հրամանատարն է պատասխանատու պատերազմի ու նրա բոլոր հետևանքների համար։ Պատերազմի խայտառակ ավարտից հետո, եթե իր իմացած միջոցներով պահվել է իշխանության, պետք է ժողովրդին կերակրի ոչ թե իր ամենօրյա միանման դատողություններով ու մանրախնդրությամբ, այլ ապահովի մեր երկրի անվտանգությունը։ Դա անելու փոխարեն կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո տարբեր մանիպուլյացիաներով ՀՀ սուվերեն տարածքը մաս- մաս հանձնվում է։ Փաստը դա է։ Գերագույն հրամանատարը, որը մինչև հիմա իր վրա չի վերցրել պատերազմը տանուլ տալու, պատերազմը ժամանակին կանգնեցնելու ու հազարավոր զինվորների կյանքեր փրկելու պատասխանատվությունը, ինչպե՞ս կարող է շարունակել իր անպատասխանատու «առաջնորդությունը» ։ Նման «առաջնորդության» ազգակործան հետևանքները ճաշակում ենք։ Նման «առաջնորդությամբ» կորցնելու են այն քիչը, որ դեռ չի ոչնչացվել, չի հանձնվել, չի փոշիացվել։ Նման «առաջնորդությամբ» ստեղծված քննիչ հանձնաժողովը Հայաստանի վերջին տապանաքարն է դնելու, որովհետև մաղի տակ եղած կտորտանքը պահելու, առողջ հատիկները թափելու է։ Գուցե ժամանակն է՝ ընդունելու այն պարզ ճշմարտությունը, որը Նապոլեոնն է ասել․
«Խոյերի բանակը առյուծի գլխավորությամբ միշտ կհաղթի առյուծների բանակին»։ Եթե անգամ ընդունենք, որ 11 հազար դասալիք ունենք, եթե անգամ ընդունենք, որ խոյ ենք, դասալիք ենք, անգամ այդ դեպքում առյուծի գլխավորությամբ կհաղթեինք։ Ու քանի որ մեր հաղթանակներն ապացուցեցին, որ մերը առյուծների բանակ է եղել, ուրեմն պիտի հասկանալ, որ առյուծների բանակը՝ խոյի գլխավորությամբ, պարտվում է։ Դա մեծ զորավարի մտքի տրամաբանական շարունակությունն է։ Սա պետք է ընդունել և երկիրը նորանոր ցնցումների չտանել։ Ու չպետք է ժողովրդին խաբել ականջահաճո խաղաղության պայմանագիր արտահայտությամբ, որ պարզապես շոյի մեր ականջը։ Պատմությանը հայտնի է, որ ցանկացած պայմանագիր ավելի շուտ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։ Իսկ ժամանակավոր դադար վերցնում են միայն՝ անվտանգությունն ուժեղացնելու, պաշտպանվելու համար։ Եթե նման բան չկա, հակառակն ավելի շատ է գերիշխում, ու՞մ է պետք այդ պայմանագիրը։ Խաղաղ ու անցնցում հանձնելու՞ ունեցածը, միայն թե երկարաձգվի՞ իշխանությունը։
Կարծիքներ