Սերգեյ Լավրովին տարածաշրջանում փոխարինել է ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. Դոնալդ Վիլսոն- Բուշ

Սերգեյ Լավրովին տարածաշրջանում փոխարինել է ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. Դոնալդ Վիլսոն- Բուշ

«Հրապարակը» զրուցել է Հայկական ազգային ասոցիացիայի (ANA) հիմնադիր ղեկավար, ԱՄՆ-ում քաղաքական խորհրդատու Դոնալդ Վիլսոն-Բուշի հետ:

- Պրահայում Նիկոլ Փաշինյանը քառակողմ հանդիպում ունեցավ Մակրոնի, Շառլ Միշելի և Ալիևի հետ, այնուհետ առանձին հանդիպում` նաև Էրդողանի հետ: Ինչի՞ մասին էին այս հանդիպումները:

- 1992 թվականի մարտին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ, դիվանագիտական ճանապարհով արցախյան հակամարտության հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Չնայած Ռուսաստանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում արևմտյան բիզնես ազդեցությունների մեծացմանը, սակայն Միացյալ Նահանգներն ու իր արևմտյան գործընկերները (ես սա անվանում եմ Վաշինգտոնի/Արևմտյան կոնսենսուս Կովկասի վերաբերյալ) ունեցել են մեկ նպատակ՝ կարգավորել դիվանագիտական և առևտրային հարաբերությունները քրիստոնեական Հայաստանի և իր հարևան մահմեդական Թուրքիայի և Ադրբեջանի միջև:  

Սակայն վերջին 23 տարիների ընթացքում երկու բան միշտ ընդհատել է ցանկացած իրական առաջընթաց այս ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման հարցում՝ Վլադիմիր Պուտինը և հայկական սփյուռքը: Ամեն դեպքում, երբ չափավոր առաջընթաց էր ձեռք բերվում, կա՛մ ռուսները, կա՛մ սփյուռքի ավագ սերնդի ղեկավարները «գործարքը սպանում էին»:
Այնուամենայնիվ, վերջին 5 տարիների ընթացքում Պուտինի դիրքերի թուլացման և հայկական սփյուռքի ծերացման հետ մեկտեղ, արևմտյան կապիտալիստական երկրները, որոնք ցանկանում էին մեծ բիզնես անել Հայաստանում, օգտվեցին այս հնարավորությունից՝ ավարտին հասցնելու Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց Հայաստանի կողմից որևէ նախապայմանի առաջ քաշման: Եվ դա տեղի ունեցավ Պրահայում։ Արևմտյան երկրները, որոնց մինչև ձմեռ անհրաժեշտ էր ունենալ գազամատակարարում Ադրբեջանի կողմից, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բիզնես բացել և առևտուր անել Հայաստանի Հանրապետության հետ, հանդիպեցին Պրահայում, որպեսզի առաջ տանեն կարգավորման այս գործընթացը:

- Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ կառաջնորդվեն 1991 թվականի քարտեզներով, այնինչ մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից բռնակցելու է իրեն այնքան, որքան ցանկանա:

- Ո՛չ, Պրահայի այս համաձայնագիրը նշանակում է, որ Ադրբեջանը ստանում է միայն այն սահմաններում, ինչ կար դեռ 1991 թվականին (մինչ Արցախի անկախության պատերազմը), երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան ազգ: Այս նոր պայմանագրով Ադրբեջանը չի կարող Հայաստանից այլևս հողեր խլել:  Փաստացի, Պրահայի այս նոր համաձայնագրով Հայաստանն իրականում հետ կստանա ավելի շատ տարածքներ, քանի որ Ալիևը ստիպված կլինի հետ քաշվել Սյունիքի հետ շփման գոտու բռնազավթված տարածքներից, որոնք նա վերցրել էր հենց անցյալ ամիս՝ ներառյալ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզի բռնազավթված տարածքները և այլն։

- Դատելով ՀՀ-ի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունից, կարելի՞ է ասել, որ փորձում են Ռուսաստանին դուրս թողնել բանակցային գործընթացից:

- Այս վերջին զարգացումներն իրականում շատ դրական բան են, քանի որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը վերջապես այլ ընտրություն ունի։
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը ստիպված էր իր պաշտպանության համար ապավինել «մայր» Ռուսաստանին։ Բայց հիմա դա այլևս այդպես չէ: Ավելին, Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության մարգինալացումը Միացյալ Նահանգների նպատակն է եղել երկար տարիներ։ Նաև հիշեք, որ դա դարձել է Վաշինգտոն/Արևմտյան կոնսենսուսի նպատակը` 2014-ին Պուտինի կողմից Ղրիմը բռնակցելու պահից սկսած: Սա մի բան է, որ ցանկանում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները: Նրանք նաև ցանկանում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Սակայն հայերը դեռևս չեն վստահում արևմտյան ազգերից որևէ մեկին` իրենց թշնամի հարևանների դեմ անվտանգության ապահովման հարցում: Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը միշտ ապավինել է Ռուսաստանին՝ ռազմական աջակցության և տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Այսպիսով, երբ 1992 թվականին ստեղծվեց ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը), Հայաստանը միացավ դրան և պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ՝ Հայաստանը հարձակումներից պաշտպանելու համար։
Սակայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման վերջին երկու տարիներին Ռուսաստանը չկատարեց Հայաստանը պաշտպանելու իր պարտավորությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը գիտի դա և կցանկանար, որ Հայաստանը պաշտոնապես խզեր հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։ 
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նախապայմա՞ն է դարձրել` ապագայում Հայաստան ավելի շատ մարդասիրական օգնություն և ռազմական օգնություն ուղարկելու համար, թե ոչ, բայց գրեթե համոզված եմ, որ դա տեղի կունենա շուտով։

- Վերադառնալով Պրահայի հանդիպմանը, ի՞նչ եք կարծում` ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում այս հանդիպումից հետո, և ինչպե՞ս է այն ազդելու Հայաստանի ապագայի վրա:

- Դուք ինձ խնդրում եք կանխատեսել ապագան, ուստի ես պետք է շատ զգույշ լինեմ պատասխանելիս, քանի որ, ինչպես պատմությունն է մեզ սովորեցնում, աշխարհաքաղաքականության մեջ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել:
Բայց ես կարող եմ ասել իմ կարծիքը՝ հասկանալով, որ սա ընդամենը ենթադրություն է։ Հաշվի առնելով ներկա զարգացումները և այն, թե ինչպես են Պուտինի դիրքերը տարածաշրջանում գնալով թուլանում, թվում է, որ Հայաստանը համեմատաբար արագ պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Ալիևը ստիպված կլինի դուրս բերել զորքերը Սյունիքի մարզից։

Երբ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտվի, և սահմանները բացվեն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սպասեք, որ Վաշինգտոնի կամ Արևմտյան կոնսենսուսը կստիպի բռնապետերին պաշտոնանկ անել և առաջ կտանի Արցախում ապրող հայերի միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը։ Ես նաև ակնկալում եմ, որ Ռուսաստանը կպահպանի իր վերահսկողությունն Արցախի տարածքում՝ մնալով այնտեղ իր խաղաղապահ դերում։

- Այս իրավիճակում Հայաստանը, պաշտպանելով սեփական ինքնիշխանությունը, կարո՞ղ է թույլ չտալ, որ շարունակեն իրեն նմանատիպ ճնշումների ենթարկել:

- Ո՛չ, Հայաստանը չափազանց երկար է ծանրութեթև արել Թուրքիայի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշումը կայացնելուց առաջ, և Վաշինգտոն/Արևմուտք կոնսենսուսն այլևս չի կարող համբերել։ Ահա թե ինչու է այդքան մեծ ճնշումը։ Ահա թե ինչու Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, Բեռլինը և Լոնդոնը թույլ տվեցին Ալիևին և Էրդողանին` վերջին 24 ամիսների ընթացքում հարձակվել հայերի վրա, ահաբեկել ու սպանել այդքան շատ հայերի: Վաշինգտոն/Արևմտյան կոնսենսուսը ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս իրավիճակը կարգավորվի հնարավորինս շուտ:

- Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքն այս գործընթացներին: Մինչ այս Լավրովը հայտարարել էր, որ քննարկում են հայ-ադրբեջանական շփման գծին ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը, իսկ ԵՄ-ն սեփական քաղաքացիական դիտորդներին է ուղարկում: Վերջիններիս տեղակայումը ադրբեջանցիներին հետ կպահի՞ Հայաստանի վրա հարձակումներից:

- Ամեն օր դիտելով լուրերը՝ մենք տեսնում ենք, թե ինչ է նշանակում Պրահայի այս գագաթնաժողովը Հայաստանի համար: Եթե պարզ արտահայտեմ մտքերս, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը ԴՈՒՐՍ է մնում որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի երաշխավոր, որը ձախողվեց, և այժմ ԵՄ-ն է ասպարեզ գալիս։
Այսպիսով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը փոխարինվել է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարով: Ես վստահ չեմ, թե արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է իրականում խանգարել Ռուսաստանին` դիտորդներ տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, բայց Պրահայից տարածված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ԵՄ-ն պատրաստվում է այնտեղ դիտորդներ տեղակայել որոշ ժամանակով՝ առնվազն երեք շաբաթվա ընթացքում:

- Եվրամիության պրոադրբեջանական լինելը պայմանավորված է Ադրբեջանից գազ և նավթ գնելու անհրաժեշտությա՞մբ:

- Ոչ: ԵՄ-ն ավելի ադրբեջանամետ չէ: Տարածաշրջանի վրա ազդող միջազգային իրավունքի տեսանկյունից՝ 30 տարի ԵՄ-ն և նրա արևմտյան դաշնակիցները թույլ են տվել Հայաստանին` «օկուպացնել» Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները և չեն ստիպել այնտեղ բնակվող հայերին դուրս գալ։ Ի վերջո, Վաշինգտոն/Արևմտյան կոնսենսուսը դեռևս Ալիևին համարում է դաժան բռնապետ, ինչպիսին և նա հանդիսանում է:
Սակայն Ռուսաստանի հետ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, ձմռան մոտալուտ գալուստն ու տները տաքացնելու անհրաժեշտությունը ԵՄ-ին ստիպում են լավ դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ:
Եվ եթե պատմությունը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, ապա Արևմուտքը միշտ  պատրաստակամորեն շփվել է  բռնապետերի հետ, որպեսզի հրաժարվի նրանցից, երբ նրանք այլևս պիտանի չեն: Մի մոռացեք, թե ինչ հարաբերություններ մենք ունեինք Սադամ Հուսեյնի և Քադաֆիի հետ: Եվ, ի վերջո, Պրահայի համաձայնագրի առկայության դեպքում Ալիևը ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը Հայաստանից: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից  նավթի մատակարարումը Եվրոպա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որն ընթացքի մեջ է:

- Ինչպե՞ս կարող ենք Միացյալ Նահանգների քաղաքականությունն ավելի պրոհայկական դարձնել:

- Սա համարում եմ ամենակարևոր հարցը, որն այսօր տվել եք ինձ, քանի որ այս հարցի պատասխանը զբաղեցրել է իմ մտքի և խորհրդատվական գործունեության վերջին 15 տարիները։ Եվ իրականում այն ունի շատ պարզ պատասխան:
ԱՄՆ-ի քաղաքականությունն ավելի հայամետ դարձնելու համար ամերիկյան Սփյուռքը պետք է սկսի լոբբինգ իրականացնել Վաշինգտոնում գործող օրենսդիրների և քաղաքականությունը մշակողների վրա՝ հասնելու այն արդյունքներին, որոնցով նրանք կկարողանան օգնել Հայաստանին: ԱՄՆ-ի քաղաքականությունն ավելի հայամետ դարձնելու համար Սփյուռքի հարյուր հազարավոր հայեր պետք է սկսեն լոբբինգով և քաղաքական քարոզչությամբ զբաղվել նույն մակարդակով, ինչ հրեաները, թուրքերը և ադրբեջանցիները: Գոյություն ունի գլոբալ ուժային խաղ, որը խաղում են Վաշինգտոնում օտարազգիները և Հայաստանի մյուս թշնամիները տարիներ շարունակ՝ այդ խաղի կանոններով: Հայերը նույնպես պետք է սովորեն խաղալ այդ խաղի կանոններով՝ վարձելով ոչ հայկական խորհրդատվական ընկերություններ, հասարակայնության հետ կապերի ընկերություններ, փաստաբաններ և լոբբիստական խմբեր: Ես 30 տարի եղել եմ Վաշինգտոնում քաղաքական խորհրդատու և իմ առաջին հայ ընկերներին հանդիպել եմ 1998 թվականին: Այդ ընկերներն ապրում և աշխատում են Վաշինգտոնում, բայց նրանք չեն հասկանում, թե ինչպես են լոբբիստական և քաղաքական քարոզարշավն իրականացնում Միացյալ Նահանգներում, և նրանք չեն համագործակցում օտարազգի քաղաքական օպերատորների հետ, ինչպես դա անում են իրենց տարածաշրջանային թշնամիները տասնամյակներ շարունակ: Միայն վերջին ութ տարիների ընթացքում ես կարողացա գտնել Սփյուռքի հայ երիտասարդ ներկայացուցիչների, ովքեր հասկանում են, թե ինչպես են խաղում իշխանության և քաղաքական ֆինանսների այս բարդ խաղը Միացյալ Նահանգներում: Հայաստանցի մասնագետների այս խումբը մեծ ներդրում ունեցավ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Լոս Անջելեսում, Վաշինգտոնում և Նյու Յորքում տեղի ունեցած արդյունավետ բողոքի ցույցերի մեծ մասի կառավարման գործում: Պատերազմի ավարտից հետո այս խումբը ստեղծեց Հայ ազգային ասոցիացիան (ANA), և ես այժմ այդ կազմակերպության նախագահն եմ: ANA-ն նոր քաղաքական լոբբիստական կազմակերպություն է, որը փորձում է միավորել համայն Սփյուռքին՝ աջակցել Հայաստանին և Արցախին՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը ( բոլոր ուղղություններով) դարձնել ավելի հայամետ: Մեր առաքելությունն է` միավորել և հայկական Սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներին ամբողջ աշխարհով մեկ ներգրավել կառավարական լոբբիստական գործունեության և քաղաքական քարոզարշավների մեջ: Սա այն է, ինչ անհրաժեշտ է՝ քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար ամբողջ աշխարհում՝ Հայաստանն ավելի բարգավաճ և ապահով դարձնելու համար:
Հայկական ազգային ասոցիացիայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել մեր կայք՝ https://anaunite.com/:

- Ինչպե՞ս կբնութագրեք ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընդհանուր առմամբ: Որո՞նք են ԱՄՆ-ի՝ Հայաստանի նկատմամբ թույլ տրված սխալները:

- Ընդհանուր առմամբ, ես կբնութագրեի ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որպես, առաջինը՝ զգուշավոր և երկրորդ՝ միայն սեփական շահերը սպասարկող: Մյուս կողմից, ամերիկյան քաղաքականություն մշակողները հասկանում են, թե որքան կոռումպացված և անգործունակ է եղել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նախկինում: Նրանք նաև գիտեն, թե Հայաստանի տնտեսությունը և դիվանագիտական հարաբերությունները որքանով են կապված Ռուսաստանի և Իրանի շահերի հետ տարածաշրջանում (Ամերիկայի ամենակոշտ թշնամիներից երկուսը): Այսպիսով, դուք չեք կարող մեղադրել Միացյալ Նահանգներին չափազանց զգուշավոր լինելու համար: Մյուս կողմից, իմ կարծիքով, Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը վերջին երեսուն տարիների ընթացքում եղել է միայն սեփական շահերից բխող, միակողմանի ճանապարհ, որը միայն օգուտ է բերել ամերիկյան քաղաքականություն մշակողներին՝ օգնելով նրանց ընտրվել առանցքային քաղաքական պաշտոններում, որտեղ նրանք կարող էին հույս դնել հայերի քվեների վրա՝ ընտրությունների ժամանակ:
Բայց երբ խոսքը գնում է Հայաստանի համար ծայրահեղ ճգնաժամային, վտանգավոր ժամանակների մասին, այս նույն քաղաքականություն մշակողները մնացել են լուռ, իներտ և անգործունյա: Քանի դեռ ANA-ն շարունակում է զարգացնել իր լոբբիստական և քաղաքական կառուցվածքը և հաստատապես հաստատելով իր ներկայությունը Վաշինգտոնում, դա կփոխվի: Ապագայում, եթե ԱՄՆ քաղաքականություն մշակողն օգնություն ստանալով հայկական համայնքից` հրաժարվում է բարձրաձայնել և քայլեր ձեռնարկել, երբ Հայաստանը դժվարին իրավիճակում է, մենք պարզապես կքվեարկենք նրան պաշտոնից հեռացնելու որոշման օգտին և կփոխարինենք այն պաշտոնյաներով, ովքեր հավատարիմ են Հայաստանի երկարաժամկետ բարեկեցությանն ու անվտանգությանը ծառայելու իրենց խոստմանը:

- Ռուսաստանի Դաշնությո՞ւն, թե՞ ԱՄՆ, ո՞ւմ պետք է ընտրի Հայաստանը և ինչու՞: Արդյոք Ռուսաստանի հետ կապերի խզումը թանկ չի՞ արժենա Հայաստանին:

- Ի վերջո, եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ ներկայիս հունով, Ռուսաստանի բախտը չի բերելու, և Պուտինը Հայաստանին առաջարկելու շատ քիչ բան կունենա: Առաջիկա տարիներին ես կզարմանամ, եթե Ռուսաստանը Հայաստանին կարողանա առաջարկել ավելին, քան ջերմ դիվանագիտական բարեկամությունն ու տարածաշրջանային առևտրի ոլորտում ունեցած առավելությունները։ Եթե չսխալվեմ, ժամանակի ընթացքում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում զգալիորեն կնվազի։ Մյուս կողմից, քանի որ սահմանները բացվում են, և քրիստոնյա Հայաստանի և նրա մուսուլման հարևանների միջև դիվանագիտական ու առևտրային հարաբերությունները կարգավորվում են, դուք կարող եք ակնկալել, որ միլիարդավոր, եթե ոչ տասնյակ միլիարդավոր, ԱՄՆ դոլարներ կմտնեն տարածաշրջան, և Հայաստանը կսկսի օգուտ քաղել Արևմուտքի հետ լուրջ բիզնես վարելու առավելություններից: Այսպիսով, Ձեր հարցին ի պատասխան՝ ոչ, Հայաստանի համար վտանգավոր չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը։ Սխալմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում Ռուսաստանն օգտագործել է Արցախի էկզիստենցիալ վերաբերմունքը՝ Հայաստանին հնազանդեցնելու և ռուսական օրակարգին համապատասխանեցնելու համար: 
Բայց, ինչպես տեսանք 44-օրյա պատերազմի արդյունքներից, Ռուսաստանը կա՛մ չի ցանկացել, կա՛մ ի վիճակի չի եղել ապահովել տարածաշրջանում ողջ հայության անվտանգությունը՝ դրանով իսկ ապացուցելով, որ Ռուսաստանն այսքան տարիների ընթացքում եղել է և կա անհուսալի դաշնակից։ Այնպես որ, պետք է գնալ առաջ, ԱՄՆ-ն Հայաստանի համար, հաստատ, շատ ավելի նախընտրելի է, քան Ռուսաստանը:

- Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ պատերազմ լինելո՞ւ է:

- Կարճ աղետալի տարածաշրջանային պատերազմ՝ ո՛չ: Հիմա, երբ արևմտյան ուժերը մտել են դերի մեջ, և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը վերադարձել է իր հուն, ավարտվել են Ալիևի ագրեսիայի, ահաբեկչության և Հայաստանին ահաբեկելու օրերը: